Դուխով, բայց կասկով

Դուխով, բայց կասկով
Ակադեմիական տարկետման իրավունքի դեմ պայքարող ուսանողները, կարծես թե, զենքերը վայր դնելու մտադրություն չունեն։ Դասադուլը այսօր նույնպես շարունակվեց։ Ցուցարարները նախ ևս մեկ անգամ շրջեցին ԵՊՀ մասնաշենքերով՝ ցույց տալու համար, որ ֆակուլտետներում ուսանողներ չկան, և մեծամասնությունը միացել է իրենց։ Չնայած այն հանգամանքին,որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երեկվա հանդիպման ժամանակ ասել էր,որ կզբաղվի փակ դռների հարցով, այսօր նույնպես փակ դռներ կային։



Կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի մոտ անվտանգության աշխատակիցը նախ թույլատրեց երեք հոգու բարձրանալ վերև, իսկ հետո իր հայեցողությամբ ընտրեց հինգ լրատվամիջոց։ Այնուամենայնիվ հետո պարզ դարձավ, որ այդ հինգ լրատվամիջոցներին նույնպես վերևում չեն թողել նկարահանումներ կատարել։ Արգելողն այս անգամ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանն էր, ով իր արարքը պարզաբանել էր նրանով,որ մամուլում իր հայտարարությունները սխալ կերպ են մեկնաբանվում։ Ցույցի ընթացքում կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանը,անդրադառնալով այն դիտարկմանը, որ իրենց նախաձեռնությանը բանակում գտնվող տղաները հարգանքով չեն վերաբերվում, ընթերցեց բանակում գտնվող իր ընկերոջ նամակը․ «Դավ ջան, քեզ գրում եմ հեռավոր Ջեբրաիլից, ձեզ հետևում ենք ու ձեր հետ ենք, այ ըտենց՝ դուխով, բայց կասկով»,- նամակից մեջբերեց Դավիթ Պետրոսյանը։



Ցուցարարների խոսքով՝ իրենց միացած դասախոսների թիվը կտրուկ մեծացել է, իրենց է միացել կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը ու ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։ Նշենք նաև, որ ցուցարարների շարքում էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոս, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել հարցերին։ Փորձեցինք ցույցի մասնակիցներից ճշտել,թե միացե՞լ է Արայիկ Հարությունյանը իրենց, սակայն նրանք նշեցին հետեւյալը․ «Ես չգիտեմ՝ «Ելք»-ը ինչա, մենք քաղաքական որևէ ուժի հետ կապ չունենք, եթե միացել էլ ա, ուրեմն որպես դասախոս»,- մեր հարցին պատասխանեց դասադուլի կազմակերպիչներից մեկը։



Հետո ուսանողները շարժվեցին ԵՊՀ գլխավոր մասնաշենք, որտեղ տեղի էր ունենում ռեկտորատի հերթական նիստը։ «Դեկա՛ն, մենք քեզ հետ ենք» վանկարկումներով փորձում էին աջակցել ռեկտորատի նիստում իրենց իրավունքները պաշտպանող դեկաններին։ Սակայն օրակարգի գլխավոր խնդիրը վարչապետի հետ հանդիպելն էր, ուստի ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք։ «Վարչապե՛տ, դուրս արի» վանկարկումները լսելուց հետո ցուցարարներին հանդիպելու եկավ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը։ Վերջինս հայտարարեց, որ հանդիպումը կկայանա աշխատանքային քննարկման ձևաչափով՝ առանց որևէ լրատվամիջոցի ներկայության։



Հայտարարությանն ի պատասխան՝ ցուցարարները խնդրեցին 20 րոպե ժամանակ՝ խորհրդակցելու համար։ Սկզբում որոշվեց մերժել առաջարկը, սակայն Վարդևանյանի հետ բանակցությունները շարունակվեցին։ «Եթե մենք բանակցում ենք, ուրեմն պետք է կոնսենսուսի գանք, թող մի լրատվամիջոց մեզ հետ բարձրանա վերև, կամ գոնե հեռախոսով նկարահանենք, որովհետև մենք ուզում ենք, որ հանդիպումը թափանցիկ անցնի, մենք վարչապետի կոմպետենտության վրա չենք կասկածում ու չենք կարծում,որ լրատվամիջոցների ներկայությունը ինչ-որ բան կարա փոխի նրա խոսքի ձևի կամ բովանդակության մեջ»,-Վարդևանյանի հետ զրույցում ասաց Դավիթ Պետրոսյանը։



Իսկ Վարդևանյանը իր հերթին նշեց, որ չի հիշում որևէ նախադեպ ողջ աշխարհում, որ վարչապետի հետ աշխատանքային քննարկումները ուղեկցվեն լրատվամիջոցների ներկայությամբ։ Ի վերջո կողմերը համաձայնության եկան․ հանդիպումը կնկարահանվի վարչապետի մամուլի ծառայության տեսախցիկով և կտրամադրվի ցուցարարներին։ Հանդիպման մանրամասների մասին կտեղեկացնենք հանդիպման ավարտից հետո։



**Կորյուն Սիմոնյան**