Նա ընդամենը թնդանոթի միս է, որին ուղարկել են կամովին վարկաբեկվելու

Նա ընդամենը թնդանոթի միս է, որին ուղարկել են կամովին վարկաբեկվելու

Երևանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը փաստորեն նեղսրտել է։ Երեկ «Հրապարակում» հրապարակված հոդվածը խոցել է նրա հանրապետական խիղճը։ Մասնավորապես՝ այսօր ուսանողների կողմից իրականացվող դասադուլի ժամանակ նա բողոքել է, թե լրագրողները վարկաբեկում են իրեն և հատկապես շեշտադրել է իմ անունը․ «Ցանկանում են վարկաբեկել, ցանկանում են արժեզրկել ամեն ինչ, շատ շնորհակալ եմ, ես ամեն ինչ ինքս տեսել եմ, ձեր հոդվածները կարդացել եմ․․․ Արևելագիտության Կարպիսի հոդվածը կարդացեք «Հրապարակում» և հետո հարցրեք, թե ինչու է ինձ վարկաբեկում»,- նշել է նա։

Այն, որ մեր ուղերձը տեղ է հասել, շատ լավ է։ Նշանակում է Ալիկ Ղարիբյանը ինչ-որ տեղ հոգու խորքում գիտակցել է իր գործունեության վնասարարության չափը։ Նույնիսկ զղջացել է։ Բայց ինչպես տեսանք զղջումը վերացական ու ակնթարթային էր։ Փաստորեն իրականում նա դասեր չէր քաղել և նորից փորձում էր խոչընդոտել քաղաքական բունտը։ Դե, հասկանալի է՝ հրամանը պետք է կատարվի։ Զինվորը չի կարող ըմբոստություն գործել, նա պետք է անվերապահորեն կատարի վերադասների հրամանները, իսկ Ալիկ Ղարիբյանը ռեկտորի նվիրյալ զինվորն է։

Ալիկ Ղարիբյանը բողոքում է, իբրև թե լրագրողները նրան վարկաբերում են՝ առանց հասկանալու, որ առաջին հերթին հենց իր վերադասներն են իրեն վարկաբեկում, ինքն իրեն է վարկաբեկում։ Ղարիբյանը պետք է հասկանա, որ նա ընդամենը թնդանոթի միս է, որին ուղարկել են կամովին վարկաբեկվելու։ Այլընտրանք չկա։ Այնպիսի տպավորություն է, որ «Հրապարակը» իր վրա է վերցրել Ղարիբյանին քաղաքական այբուբենը բացատրելու գործը։ Աստված իմ, մինչև ե՞րբ։

Երեկ նա ուսանողներին հորդորում էր չքաղաքականացնել պայքարը, իսկ մենք հանգամանորեն բացատրեցինք, որ այդ միտքն ինքնին աբսուրդային է։ Իսկ այսօր այդ նույն ինքնավստահ տոնայնությամբ պարոն Ղարիբյանը փորձում էր ուսանողներին համոզել, թե գնացեք ձեր ակցիան արեք, մյուս ուսանողներին մի խանգարեք։ Տեսնես, Ալիկ Ղարիբյանը իրոք չի՞ հասկանում, թե՞ այսպիսի հանճարեղ մտքերը ինքնաբերաբար են բոցկլտում։ Հարգելի պատմաբան, քաղաքական բունտի, ակցիայի առաջնային թիրախը իրազեկումն է, ըստ էության ցանկացած շարժում իր առջև առաջին հերթին խնդիր է դնում հիմնախնդրի մասին տեղեկացնել բոլորին և մեծացնել համակիրների շարքերը։ Սա օրինաչափություն է, պարզ ճշմարտություն՝ 1+1=2 թվաբանական վարժության պես պարզ ու հստակ։ Մի՞թե գիտությունների թեկնածուն այս ամենի մասին նոր պետք է իմանա։ Իմաստը ո՞րն է առանձին, առանց որևէ մեկին խանգարելու ակցիա իրականացնելու, եթե ոչ ոք չպետք է դրանից տեղյակ լինի։ Սա գլոբալ աբսուրդ է։ Եվ վերջապես, պարոն Ղարիբյան, ես Արևելագիտությունից չեմ, այլ՝․․․ լավ, դա էլ թող գաղտնիք մնա, որ ինձ «փնտրեք»։