Որ մարդկանց քիչ եք ծեծում, ուրեմն լա՞վ եք աշխատում․ Մարուքյանը՝ փոխոստիկանապետին

Որ մարդկանց քիչ եք ծեծում, ուրեմն լա՞վ եք աշխատում․ Մարուքյանը՝ փոխոստիկանապետին

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանն այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ, որպես ոստիկանության լավ աշխատանքի գրավական, նշեց, որ վերջին տարիներին մարդիկ այլևս չեն դժգոհում, որ ոստիկանությունում խոշտանգում են քաղաքացիներին։ Նա նաև նկատեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ նվազել են բնակարանային գողությունները և ավելացել են բացահայտումները՝ թեև ոչ մեծ չափով։
«Վիճակագրական բավականին լավ ցուցանիշներ ունենք, բայց ես հեռու եմ այն մտքից, որ վիճակագրությունը կարող է խոսել այն մասին, որ ոստիկանությունն անթերի է աշխատում։ Իհարկե, ոչ»-ասաց Եղիազարյանը՝ հիշեցնելով, որ մյուս կողմից մենք ունենք ՃՈ-ի գծով վթարների ու մահվան դեպքերի մի փոքր աճ։ Բայց դա էլ, ըստ փոխոստիկանապետի, չի նշանակում, թե ՃՈ-ն լավ չի աշխատում, քանզի կարծում է, որ դա զուտ ՃՈ-ի խնդիրը չէ։



Արձագանքելով Եղիազարյանի ելույթին՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց․ «Ես չեմ ասում, որ եթե ոստիկանությունում նվազել են բռնությունները և այլն, բա պիտի նվազեին, բա մարդկանց ծեծելը, եթե նվազել է, դա ի՞նչ պետք ա անենք, պետք է ելույթ ունենաք ու գովենք, որ մարդկանց քիչ եք ծեծում, ուրեմն լա՞վ եք աշխատում»։



Անդրադառնալով ՃՈ-ի աշխատանքին՝ Մարուքյանն ասաց, որ մարդկանց արագաչափերով ու խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով, շրջիկ մեքենաներով տուգանելով չի կանխարգելում ու չի նվազեցում վթարներն ու դրանց հետևանքով մահվան դեպքերը։ «Հիմա որ ինձ կամ ինչ-որ մեկին ամեն օր խաչմերուկում ինչ-որ գիծ տրորելու համար 5000 դրամ տուգանում եք, դրանից բան չի փոխվում, բացի նրանից, որ էդ գումարները գնում են ոստիկանության արտաբյուջե, բայց էլի էդ վթարները տեղի են ունենում»։



Եղիազարյանը սա բացատրեց այն հանգամանքով, որ տարեկան ահռելի քանակությամբ մեքենաներ են ներկրվում Հայաստան։ «Եվ դրանց պարկը ահռելի հնամաշ է, դա պիտի հաշվի առնել, պիտի հաշվի առնել նաև մեր ճանապարհների վիճակը, այսինքն՝ միայն էդ տուգանքների քանակով չի պայմանավորված ՃՈ-ի աշխատանքը»,-ասաց նա։ Փոխոստիկանապետը, սակայն, այդ պատճառների մեջ չնշեց ամենակարևորի՝ իրենց արտոնյալ համարող, երթևեկության կանոնների վրա թքած ունեցող կամ առհասարակ այդ կանոններին չտիրապետող վարորդների մասին, որոնք Աստված կամ հենց ՃՈ-ն գիտի, թե ինչ ճանապարհով են վարորդական իրավունք ձեռք բերել։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ