Կարողանանք ոչ միայն բնական միջավայրը պահպանել, այլ նաեւ՝ բարոյական

Կարողանանք ոչ միայն բնական միջավայրը պահպանել, այլ նաեւ՝ բարոյական

Մտավորականների խորհրդի անդամները նախօրեին Դեմոկրատական կուսակցության գրասենյակում հանդիպել են ու քննարկել մի շարք հարցեր։ Մտավորականներին հուզող թեմաները շատ են եղել՝ բնապահպանական խնդիրներից մինչեւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ։



«Քննարկել ենք տարբեր հարցեր, թե ինչ պետք է ներկայացնել վարչապետի ուշադրությանը, դրանք վերջին շրջանում քննարկվող բոլոր մեծ հարցերն են»,- ասում է խորհրդի անդամ, գրականագետ Ազատ Եղիազարյանն ու, անդրադառնալով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին, նկատում, որ իրենց բոլորի ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ օրենքը ներկա ձեւով միայն վնաս կարող է տալ․ «Անշուշտ, ընտանեկան բռնություն կա, եւ, անշուշտ, դրա դեմ պետք է պայքարել, ոչ ոք չի ասում, որ հայկական ընտանիքն իդեալական ընտանիք է, այդպիսի բան չկա, բայց ինչպե՞ս պայքարել, որ աչքը շինելու փոխարեն հոնքը չհանենք եւ կամ հակառակը։ Մենք տեսել ենք, որ օրենքը ներխուժում է ընտանիք, ինչ է կատարվում արեւմտյան երկրներում՝ խախտելով ընտանիքի ներքին հավասարակշռությունը»։



Ի՞նչ վտանգներ կարող է մատնանշել։ Ըստ Եղիազարյանի, դրա մասին օրենքում չի մանրամասնվում․ «Բայց իրավական ճանապարհով, երբ ուզում են ներխուժել ընտանեկան հարաբերությունների մեջ, դա արդեն սխալ է, օրենքը պետք է մտնի ընտանիք միայն այն ժամանակ, երբ իսկապես ծանր օրինախախտումներ են կատարվել»։



Այն դիտարկմանը, որ նման դեպքեր եւ ընտանեկան բռնության զոհեր վերջին տարիներին շատ եղան, ինչը նշանակում է, որ, այդուհանդերձ, կա օրենքի անհրաժեշտություն, Ազատ Եղիազարյանն ասում է, որ ինքն այդ օրենքին դեմ չէ, բայց այնքան զգուշությամբ պետք է այն մշակվի, որ ընտանիքներին չվնասի․ «Մեր եւ արեւմտյան ավանդույթներն այս հարցում տարբեր են, եւ պետք է հաշվի առնել դա։ Կուրորեն չպետք է ընդօրինակել արեւմտյան սովորություններն ու ակտերը։ Այս դեպքում վարչապետից ակնկալում ենք, որ չշտապեն այս հարցում»։



Հարցին, թե վարչապետն ականջալուր կլինի՞ իրենց՝ մտավորականներին, ապա Եղիազարյանը կարծում է, որ դա միայն վարչապետից կախված չէ։ «Պետք է հաշվի առնի ռեալ քաղաքական պայմանները, որոնք էլ որոշում են նրա պահվածքը, բայց հասարակության պահվածքն ուրիշ բան է, այն, ինչը որ իրենց համար շատ կարեւոր է, հասարակության, ժողովրդի համար կարեւոր չէ, մեզ համար կարեւոր է, որ այսքան կորուստներից հետո կարողանանք, օրինակ, բնությունը պահպանել ու ոչ միայն բնական միջավայրը կարողանանք պահպանել, այլ նաեւ բարոյականը»,- ասում է Եղիազարյանն ու նշում, որ շատ են խոսել նաեւ՝ բնապահպանական խնդիրների մասին՝ Ամուլսարի, Ջերմուկի պահպանության, Թեղուտի խնդիրների։ Ինչպես նաեւ՝ միջազգային հարաբերությունների, այդ հարցերում մտավորականների ակտիվության պակասի մասին։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ