Աշակերտները վաղը դպրոց կգնան, եւ կսկսվի բնականոն դասընթացը. Գագիկ Մարաբյան

Աշակերտները վաղը դպրոց կգնան, եւ կսկսվի բնականոն դասընթացը. Գագիկ Մարաբյան

Արդեն 10 օր է Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականները դասադուլ են անում: Բանն այն է, որ կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշմամբ, Փյունիկի դպրոցը վերամիավորվելու է հարեւան Արտավազ գյուղի դպրոցի հետ, եւ 42 աշակերտները պիտի հաճախեն հարեւան գյուղի դպրոց: Ծնողները մեզ հետ զրույցում նշում էին, որ մինչեւ Արտավազ հասնելը մոտ 3 կմ է, բացի այդ, չեն ուզում, որ գյուղի դպրոցը փակվի. «Ճանապարհներն էլ լավը չեն, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել: Էրեխեն դպրոցից կուշանա ու շատ ուրիշ խնդիրներ կան, եւ ի վերջո, դպրոց փակել նշանակում է գյուղը գոյություն չի ունենա: Մեկը ես՝ ծնող եմ, մտածում եմ, որտեղ իմ էրեխեն սովորի, ես էլ գնամ էնտեղ ապրեմ, իսկ ես իմ համայնքից չեմ ուզում հեռանալ, ինչու մեր կարծիքի հետ հաշվի չեն նստում»:



10 օր անընդմեջ դասադուլ անելուց հետո աշակերտներն ու ծնողները այսօր բողոքի ակցիա իրականացրեցին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ չվերամիավորել դպրոցը Արտավազ գյուղի դպրոցի հետ: Երեխաները կառավարության շենքի դիմաց «Կրթության վրա գումար մի՛ խնայեք», «Գյուղը պետք է ունենա իր դպրոցը», «Խնդրում ենք վերանայել որոշումը» կոչերով պաստառներ էին պարզել:



Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն տարածեց. «Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն եւ շարունակականություն: Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա»:



Փյունիկի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշակերտները վաղը դպրոց կգան եւ բնականոն հունով կսկսվի դասընթացը. «Ես չեմ ասում, որ մեր պետությունը սխալ է կամ ճիշտ է, դա պետության որոշելիքն է, որպես մանկավարժ, ուզում եմ, որ բնակավայրը դպրոց ունենա: Վարչապետի խորհրդականը, որ եկավ մեր գյուղ, նայեց 2 դպրոցները, մեր դպրոցը ավելի բարվոք վիճակում է, քան Արտավազի դպրոցը: Անգամ խոստացան, որ տրանսպորտի հարցը կլուծվի, բայց, ծնողները իրենց ասածը պնդեցին»:



Նելլի Կարապետյան