5-րդ հարկից ընկած երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ նոր մանրամասներ

5-րդ հարկից ընկած երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի Արցախի փողոցի 18 շենքի պատշգամբից ընկած երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ: 7-ամյա Սեդրակին նախ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունն է ցուցաբերվել, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեխայի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Հարևանները պատմում են, որ տղայի ծնողներն աշխատանքի են եղել, նրան հաճախ խնամել է տատիկը, ով չափազանց ուշադիր էր: Դեպքի պահին տատ ու թոռ միասին են եղել, սակայն վայրկյանների ընթացքում տատը չի հասցրել նկատել, թե ինչպես պատուհանի մոտ խաղ անող թոռնիկը անզգուշությամբ 5-րդ հարկից վայր է ընկել: Ի դեպ, ներքևում մթերային խանութ է, որի աշխատակիցներն էլ անմիջապես տեսել են ընկած երեխային: Շտապօգնությունն ու ոստիկանությունն առաջինն են ժամանել: Ոստիկաններն անգամ տարածքն ստիպված են եղել շրջափակել մթերային խանութի դատարկ արկղներով, որպեսզի մարդկային հոսքը միառժամանակ կանգնի: Դեպքի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում :