Հաղորդագրություն Գումբուրդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ վեճի առիթով

Հաղորդագրություն Գումբուրդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ վեճի առիթով

Հաղորդագրություն Գումբուրդո գյուղի Սբ. Համբարձման եկեղեցու շուրջ վեճի առիթով



Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղի բնակչությանը թույլ չտրվեց նույն գյուղում 974 թվականին կառուցված հայ քաղկեդոնիկ ճարտարապետության լավագույն կոթողներից մեկի՝ Սբ. Համբարձման եկեղեցու բակ տեղափոխել նույն եկեղեցու տարածքում վրացական աշխարհիկ և հոգևոր վերնախավի կողմից իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված և վերստին թաղված գումբուրդոցիների հիշատակին նվիրված խաչքարը:



Ինչպես Ջավախքում, այնպես էլ բազմաթիվ վայրերում առկա են 7-13-րդ հայ քաղկեդոնիկ ճարտարապետության լավագույն նմուշներ, ինչն արդյունք է 7-րդ դարում հայ եկեղեցու քաղկեդոնադավանության ընդունման և, ինչպես այդ դարում, այնպես էլ հետագայում, երբ արդեն 8-րդ դարի սկզբից՝ Հովհաննես Օձնեցի կաթողիկոսից սկսած հայ եկեղեցին կրկին մերժել էր Քաղկեդոնի ժողովի պահանջները, այդ ոճի ճարտարապետության նմուշների կառուցման:



Փաստենք, որ Գումբուրդոյի եկեղեցու շուրջ վեճը նոր չէ, այն ունի տասնամյակների վաղեմություն: Այս կնճռոտ վեճի թեժացման արդյունքում պարբերաբար գյուղ են այցելել վրաց բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, անգամ վարչապետ Զ. Ժվանիան: Հիշեցնենք, որ վերջին բախումը գյուղ բերեց այս անգամ ՆԳ նախարար Գ. Մգեբրիշվիլուն:



Ցավով ենք արձանագրում, որ ոչ մի պաշտոնյայի այց այդպես էլ չի տվել խնդրի փոխշահավետ լուծման ցանկալի արդյունք, այդ այցերը շատ անգամ կրել են դեկլարատիվ բնույթ և միտված են եղել գյուղի ազգաբնակչությանը ժամանակավորապես հանդարտեցնելուն: Արդյունքում՝ եկեղեցին դանդաղ, բայց հաստատուն կերպով նորոգվում է Վրաց ՈՒղղափառ եկեղեցու կողմից, ինչը գյուղի ազգաբնակչության համար խիստ անընդունելի է: Ավելին, նշյալ ճանապարհով հարցին լուծում տալը հղի է նորանոր վտանգներով և հնարավոր է պատճառ դառնա նորանոր արյունալի բախումների: Հիշեցնենք, որ այդպիսի բախումներով են ուղեկցվել նաև Ջավախքի մյուս քաղկեդոնիկ հուշարձանների՝ ՎՈՒԵ-ի կողմից սեփականացման գործընթացները, զորօրինակ՝ Սամսարի վիմափոր եկեղեցիների կամ Փոկայի եկեղեցու սեփականացման դեպքերը:



Հայոց հնագույն ավանդույթներով շարժվող և պատվախնդիր գումբուրդոցիների համար այս ամենը պարզապես անընդունելի է, և սեպտեմբերի 30-ի դեպքերը, որքան էլ ցավալի և անընդունելի, այդուհանդերձ, վերոնկարագրյալ իրողությունների բնական արձագանքներն են: Գաղտնիք չէ նաև, որ այս ամենը կարող է լավագույնս օգտագործվել Ջավախքում իրենց դիրքերն ամրացնող թուրք-ադրբեջանական դաշնազույգի կողմից:



Ելնելով կայացած իրողություններից և ապագայում սպասվելիք գործընթացներից, Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարում է, որ 21-րդ լուսավոր դարաշրջանում դժվար է նսեմացնել որևէ ազգի կամ հասարակության, առավել ևս՝ հնագույն քաղաքակրթության կրող ջավախահայության արժանապատվությունը կամ օտարել վերջինիս արժեհամակարգի մաս կազմող որևէ տարր:



Ջավախահայությունը մշտապես հարգել է վրաց պետականությունը և իր կողքն ապրող եղբայրակիցների ստեղծած արժեքները, միաժամանակ՝ անհանդուրժող է գտնվել իր հանդեպ դրսևորվող անարդարությունների նկատմամբ: Վերջապես ժամանա՛կն է գիտակցելու այս անշրջելի իրողությունը:



Ըստ այդմ՝ Խորհուրդը պահանջում է վրաց աշխարհիկ և հոգևոր իշխանություններից՝ զերծ մնալ տասնամյակներով որդեգրված և Ջավախքի ազգաբնակչության շրջանում ծայրահեղ դժգոհություններ առաջացնող ցանկացած գործողությունից, ակտիվորեն բանակցել գումբուրդոցիների հետ՝ հասնելու համար երկու կողմերի համար ընդունելի և փոխշահավետ լուծման, ինչը և կարող է լավագույնս կանխել ապագայի անցանկալի զարգացումները:



Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ



1 հոկտեմբերի, 2017 թ.
ք. Ախալքալաք