Ռեստորանի տարածքը ընդլայնելու համար գնդապետը պարբերաբար վնասում է հարեւանությամբ գտնվող ցանկապատը․ ահազանգ

Ռեստորանի տարածքը ընդլայնելու համար գնդապետը պարբերաբար վնասում է հարեւանությամբ գտնվող ցանկապատը․ ահազանգ

«Հրապարակին» ահազանգում են, որ օրեր առաջ Վ. Պտղնիում անհայտ անձինք ներխուժել են իրենց սեփական տարածք, կոտրել երկաթյա ձողերը: Տարածքը գտնվում է «Սէգաս» ռեստորանային համալիրի հարեւանությամբ: Տվյալ տարածքի սեփականատիրոջ լիազորված անձ Վահե Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի անգամ սեփականատերը փորձել է իր տարածքը առանձնացնել ցանկապատի միջոցով, սակայն հանդիպել է խոչընդոտների. «Երկաթյա ցանկապատը մի քանի անգամ «Սէգաս» ռեստորանային համալիրի տիրոջ կողմից տեղահանվել է եւ կոտրվել: Այս անգամ մինչեւ ցանկապատման աշխատանքները սկսելը, նախապես դիմել եմ ոստիկանություն՝ ուրիշի տարածք ապօրինի ներխուժումը եւ հնարավոր նախատեսվող հանցագործությունը կանխելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար: Ոստիկանությունը արձագանքել է: Ոստիկանության աշխատակիցը դեպքի օրը գտնվել է այդ տարածքում, սակայն մինչեւ գույքի ոչնչացումը ոստիկանին համալիրի սեփականատերը ներս է հրավիրել, այդ ընթացքում էլ ինչ-որ անձինք կոտրել են երկաթյա ձողերը: Կրկին զանգահարել եմ ոստիկանություն: Փոքր ինչ ուշացումով ոստիկանությունը ժամանեց դեպքի վայր, վերցրեց կոտրված ձողերը եւ այժմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում պարզելու անհայտ անձանց ինքնությունը»,-ասաց Վահե Սեդրակյանը՝ հավելելով,որ արդեն մի քանի տարի է, ինչ տարածքը կռվախնձոր է դարձել, քանի որ «Սէգաս» ռեստորանային համալիրի սեփականատերը պաշտոնատար անձ է,  իրեն թվում է, թե ամեն ինչ կարելի է։



Վահե Սեդրակյանը նշեց, որ «Սէգաս» ռեստորանային համալիրը պատկանում է գնդապետ Սամվել Սարգսյանին, ով «Ալֆա» ջոկատի պետի տեղակալն է: Նրա խոսքով՝ իր ռեստորանի տարածքը ընդլայնելու սեփականատերը պարբերաբար վնասում է ռեստորանի հարեւանությամբ գտնվող ցանկապատը: ««Սէգաս» ռեստորանային համալիրի սեփականատերը ուզում է ռեստորանի հարեւանությամբ գտնվող տարածքը կոպեկներով գնել: «Եթե տարիներ առաջ այդ տարածքի սեփականատերը որոշել էր ռեստորանին կից տարածքը վաճառել, հիմա այլեւս չի վաճառում: Այն ամբողջությամբ ցանկապատված է, եթե այս անգամ էլ փորձեն վնասել ցանկապատը, ապա օրենքով սահմանված կարգով կպատժվեն»,-ասաց Վահե Սեդրակյանը:



Փորձեցինք տվյալ գործով հետաքննիչ Արշակ Շահնազարյանից իմանալ, թե ինչ փուլում է քննությունը եւ ինչ կապ ունեն երկաթյա ձողերը կոտրած անձինք «Սէգաս» ռեստորանային համալիրի հետ. «Գործը ընթացքի մեջ է, կատարվում է քննություն: Հեռախոսով չեմ կարող մանրամասներ ասել, եկեք ձեզ տեսնեմ, ձեր հարցերին կպատասխանեմ»,-եղավ քննիչի պատասխանը:



Թե ինչո̉ւ են պարբերաբար «Սէգաս» ռեստորանային համալիրի տնօրենի հրահանգով որոշ անձիք հարեւան տարածքի երկաթյա ցանկապատը կոտրում, զանգահարեցինք «Սէգաս» ռեստորանային համալիր: Աշխատակիցը ասաց, որ տնօրենի հեռախոսահամար չի կարող տրամադրել. «Թողեք ձեր հեռախոսահամարը, տնօրենը կզանգահարի», իսկ տնօրենը այդպես էլ չզանգահարեց:



Նելլի Կարապետյան