Ինչո՞ւ չխմել կաթ․ Վեգան ֆեստը՝ լուսանկարներով

Ինչո՞ւ չխմել կաթ․ Վեգան ֆեստը՝ լուսանկարներով

«Դու միս ես ուտում, բայց սպանություններին դե՞մ ես, դու ուտում ես միայն այն կենդանիներին, որոնք ինքնասպա՞ն են եղել»․- լուսանկարից նայող փոքրիկ խոզուկի հարցը կարող էր մի փոքր անհարմար դրության մեջ դնել փառատոնի այն մասնակիցներին, որոնք միս օգտագործում են իրենց սննդակարգում։ Երեկ Մաշտոցի պուրակում բուսակերները, վեգաններն ու կենդանիների պաշտպաններն անցկացրին «Վեգան ֆեստ 2017»-ը։



«Կենդանիների պաշտպանության և առողջ ապրելակերպի փառատոն է սա, արդեն 5-րդ տարին է, որ իրականացնում ենք այս փառատոնը, որի նպատակն է մարդկանց մեջ տարածել այդ գաղափարը, նրանց ծանոթացնել այդ ապրելակերպին։ Փառատոնի հիմնական մասնակիցները, որ գալիս են, բուսակեր էլ չեն, շատ ողջունելի է»․- hraparak.am-ի հետ զրույցում նշեց կազմակերպիչներից Անի Խաչատրյանը։ «Վեգան ֆեստին» մարդիկ համտեսում էին բուսական սնունդ, չափում իրենց կենսաբանական տարիքը, միաժամանակ երաժշտություն վայելելով և ունկնդրելով կենդանիների շահագործման մասին ինֆորմացիան։



«Ի տարբերություն գովազդվող հոլովակների, որտեղ կովիկներն արածում են գեղեցիկ, կանաչ խոտի վրա և հոժար ձևով տալիս են իրենց կաթը, դա իրականում այդպես չէ։ Կովին արհեստական հղիացնում են, հորթուկին տանում են, իսկ կովին անընդհատ կթում են, որպեսզի այդ կաթը պահպանվի։ Հաճախ կովիկները ձեռք են բերում հիվանդություններ, թարախակալում են այդ օրգանները և այդ թարախը նաև անցնում է կաթի մեջ։ Անգամ ԵՄ և ԱՄՆ օրենսդրությամբ թույլատրելի է կաթի մեջ, ըստ ստանդարտների, որոշակի քանակությամբ թարախ և արյուն․- նշեցին միջոցառման հաղորդավարները, ընդգծելով, որ կաթը կարելի է փոխարինել նշի, կոկոսի, սոյայի և բրնձի կաթով, - բնության մեջ խոզուկները խմում են խոզի կաթ, քոթոթներն իրենց մոր կաթը, միայն մարդիկ են, որ խմում են կովի կաթը, որն ի դեպ նախատեսված է կովի ձագուկների համար»։



Քաղաքացիական ակտիվիստ Արփինե Գալֆայանն էլ խոսեց մոլորակ-մարդու գործոն փոխկապակցվածության մասին․ «Մեզ թվում է, որ հաճախ այն, ինչ տեղի է ունենում բնության մեջ, մոլորակում մեր ապրելակերպի հետ կապ չունեն և մենք չափազանց փոքր ենք, որպեսզի որոշակի ազդեցություններ ունենանք։ Ես ուզում էի մի քանի տվյալներ բերել մսի արտադրության, մսի ինդուստրիայի և կլիմայի փոփոխության մասին։ Արդեն հաստատված փաստ է, գիտնականների 97 տոկոսը դա ասում են, որ մոլորակի ջերմաստիճանը փոխվում է, տաքանում է և դա մարդածին ազդեցություն ունի։ Մսի արտադրությունն ամենամեծ բիզնեսներից մեկն է, որն ուղղակիորեն կապված է մոլորակի կլիմայի տաքացման ու բնապահպանական խնդիրների հետ։ Մոլորակի ջերմացման համար պատասխանատու առաջին պատճառներից մեկը հենց մսի արտադրությունն է, խոսքը վերաբերում է կենդանական մեծ ֆերմաներին, նրանց վրա ծախսվող ջրի և սննդի, արտանետումների, տարբեր կարծիքներով, 18-50 տոկոսը միայն տեղի է ունենում մսի արտադրության պատճառով»։



Մանրամասները՝ տեսանյութում։