Խաժակ արք. Պարսամյանը Պոսլի հայոց պատրիարքարանին կոչ է անում զերծ մնալ «Քաջ Նազարությունից»

Խաժակ արք. Պարսամյանը Պոսլի հայոց պատրիարքարանին կոչ է անում զերծ մնալ «Քաջ Նազարությունից»

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը պոլսահայ «Ժամանակ» պարբերականի հետ ունեցած զրույցի ընթացքում որոշակի դիրքորոշում է հայտնել Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում վերջին շրջանում ի հայտ եկած խնդիրների հանդեպ, գնահատական տալով նաեւ ողջ գործընթացին: Մասնավորապես, նա նշել է, որ պատրիարքական ընտրությունների ներկա ընթացքը ընդհանուր առմամբ սխալ հունով է ընթանում, քանի որ գործընթացի յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվի պետության, հետ եւ այսպես ասած ինքնագլուխ, պետության հետ չհամաձայնեցված որոշումների կայացումը եւ դրանց կյանքի կոչման քայլերի ձեռնարկումը ոչ մի տեղ չտանող փակուղային ճանապարհ է: Նշենք, որ Խաժակ արք. Պարսամյանը նույնպես ընտության գործընթացում նկատվում է որպես պատրիարքի թեկնածու, թեեւ շատ ավելի վաղ հայտարարել էր, որ չի մասնակցելու ընտրական պայքարին եւ այժմ էլ վերահաստատել է իր այդ կեցվածքը: Բարձրաստիճան եկեղեցականը նշել է իր խոսքում, որ ցանկացած պարագայում չպետք է մոռանալ, որ պատրիարքարանը գտնվում էթ Թուրքիա պետության տարածքում, այն Թուրքիայի Հայող պատրիարքությունն է եւ ընտրյալն էլ կոչվելու է Թուրքիայի Հայոց պատրիարք, հետեւաբար անհնարին է շրջանցելը պետության դիրքորոշումը կամ պետական պատկան մարմնից եկած ազդակները եւ պետք է համաձայնեցնել, նույնիսկ համակարգել աշխատանքները պետության հետ: Խաժակ արքեպիսկոպոսը մանրամասնել է, որ իհարկե հարցը զուտ մեխանիկական ենթարկումին չի վերաբերում, թե պետությունը պետք է թելադրի եւ մյուս կողմն էլ պետք է կատարի, սակայն նաեւ անվիճելի է այն, որ համախորհուրդ գործելը շահավետ է բոլոր կողմերի համար: Նշենք, որ պոլսահայ մամուլի հրապաակումներին հետեւելիս պարզ է դառնում, որ սկսած այն բանից երբ Ստամբուլի կուսակալությունը իր վերապահությունն է հայտնել Նախաձեռնակ մարմնի հետ կապված, համայնքի ներսում սկսել են խլրտումներ ընդդեմ պատրիարքական Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի եւ Նախաձեռնակ մարմնի: Այս համատեքստում ուշագրավն այն է, որ Խաժակ արքեպիսկոպոսը, որ տարիներ ի վեր առաջնորդում է ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմը եւ հայտնի է իր դիվանագիտական հմուտ կարողություններով, պատրիարքարանի ներկա անելիքներում կարեւորագույն գործ է համարում պետության հետ երկխոսելը եւ իր իսկ խոսքերով՝ «Քաջ Նազարությունից» խուսափելը: Պարբերականը ներկայացրել է նաեւ Պարսամյան արքեպիսկոպոսի մոտեցումը Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի հետագա գործողությունների հետ կապված, հարցադրում անելով, թե պետք է հստակ կողմնորոշվել, թե նրա հետագա շարունակումը արդյոք օգուտ է համայնքին եւ Աթոռի համար, թե ավելի խորացնում է “տակնուվրայությունը” եւ պառակումը: Միեւնույն ժամանակ հորդորել է համայնքի աշխարհական անդամներին եւ ազգայիններին ամեն կերպ օգնել, աջակցել Տեղապահ Բեքչյանին որպեսզի կարողանա խնդիրները հստակ պատկերացնել եւ գործընթացը դուրս բերել փակուղային վիճակից:



Ի դեպ, չի ուշացել Տեղապահ Գարեգին արք. Բեքչյանի արձագանքը, ով, ըստ «Ժամանակի» նեղսրտել է Խաժակ արք. Պարսամյանի հայտարարություններից եւ փոխանցել պարբերականին, թե եթե Խաժակ Պարսամյան արքեպիսկոպոսը ինչ որ տեղեկություն ուներ կարող էր անմիջականորեն զանգել ու իր հետ կիսվել հեռաձայնով եւ ոչ թե մամուլին հանձներ եւ հեռակա դիտարկումներ կատարել: Ու թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ Պարսամյան արքեպիսկոպոսը դրվատանքով եւ ակնածանքով է խոսել Տեղապահ Բեքչյանի հանդեպ որպես անձ եւ եկեղեցական, սակայն Տեղապահը վիրավորանքն է հայտնել, նշելով, թե հարգալից արտահայությունները արդեն առ ոչինչ են դառնում մնացյալ արտահայտությունների համատեքստում:



Տիգրան Վահանե