Մենք ստեղ ենք, քեֆ ենք անում․ Խնձորեսկում կայացավ «Սպարապետի օր» միջոցառումը․ֆոտոշարք

Մենք ստեղ ենք, քեֆ ենք անում․ Խնձորեսկում կայացավ «Սպարապետի օր» միջոցառումը․ֆոտոշարք

Երեկ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում առաջին անգամ տեղի ունեցավ «Սպարապետի օր» միջոցառումը։ Ինչպես նշեց «Շարմ հոլդինիգի» գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը՝ նման միջոցառում անցկացնելը իր եւ մի խումբ ընկերների նախաձեռնությունն է։ Նա հույս ունի, որ միջոցառումը կանցկացվի ամեն տարի․ «Հույս ունենք, որ ամենամյա միջոցառում կլինի, քանի որ այսպիսի գաղափար կա՝ շատ-շատ փառատոներ ունենք եւ դա վատ չի, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս, ամեն ինչի փառատոն ունենք, բայց ռազմական ոգով այսպիսի, բացի բանակի օրից, միջոցառում չենք ունեցել եւ կարծում եմ, որ մեր նման երկրի համար, որ բազմաթիվ խնդիրներ ունի սահմաններին, շատ կարեւոր է այդպիսի տոներ ունենալը, որ մեր եկող սերունդները տեսնեն, որ մենք քաջ ժողովուրդ ենք, մենք ունեցել ենք սպարապետներ, ունենք էսօր հերոս տղաներ եւ մենք պատրաստ ենք դիմակայել բոլոր դժվարություններին․ էդտեղից ա եկել էս տոնը։



Տարբեր միջոցառումներ կան եւ ռազմական, եւ սպորտային, եւ համերգային եւ կավարտվի համերգով։ Քանի որ Մխիթար սպարապետի շիրիմը այստեղ է գտնվում, մենք դա մեխն ենք համարում, բայց սա բոլոր սպարապետներինն է։ Կլինի պուրակ, որտեղ կլինեն պաստառներ բոլոր սպարապետների անուններով։ Եվ ուսուցողական, եւ լավ ժամանակ անցկացնելու օր ա, եւ հարեւաններին ցույց տալ, որ մենք ստեղ ենք, կանգնած ենք, քեֆ ենք անում ու պատրաստ ենք իրանց դիմակայել, եթե իրանք հանկարծակի որոշեն, որ իրանք ինչ-որ բաներ պետք ա անեն ակտիվ»։



Ողջ օրը գյուղում նախատեսված էր միջոցառումներ՝ ազգային երգ ու պար,խաղային մրցույթներ, ներկայացումներ փոքրիկների համար։



Միջոցառման մեկնարկին՝ Մխիթար սպարապետի գերեզմանին ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցել սպարապետի հիշատակին արարողությանը, լրագրողները չկարողացան ներկա գտնվել, նրանց իրավապահները չէին թողնում գնալ՝ առանց որեւէ պատճառաբանության։ Ինչպես նախագահականի կայքից ենք տեղեկանում՝ այդ արարողությանը մասնակցել է Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, լրագրողներին այդտեղ չթողնելու պատճառը դա էր։



Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, նրան ուղեկցում էին ԱԻ նախարարը, Պնախարարը, Սյունիքի մարզպետը, Գորիսի նորանշանակ քաղաքապետը։ Համերգին ելույթ ունեցան ԱԺ պատգամավոր, նաեւ երգչուհի Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո)։



Նշենք, որ Խնձորեսկը ունի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գյուղում ոչ խմելու եւ ոչ էլ ոռոգման ջուր կա, ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում։ Գյուղացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքը լքողներն էլ բավականին շատ են։



Աննա Պապիկյան