Ստոմատոլոգիական տուրիզմ

Ստոմատոլոգիական տուրիզմ

Վերջին տարիներին Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հետաքրքիր տենդենցներ կան, որոնք ապագայի հետ կապված՝ խոստումնալից են։ Հատկապես շոշափելի են ատամնաբուժության հետ կապված զարգացումները։ Բժշկական տուրիզմի ուղղությամբ ՀՀ կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում առողջապահության նախարարությունը երեկ հավաք էր կազմակերպել՝ հրավիրելով ստոմատոլոգիական ծառայություններ մատուցող կազմակերպությունների եւ մասնագիտական ասոցիացիաների ղեկավարներին, ոլորտի պատասխանատուներին:



Նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն ընդգծել է, որ ծառայությունը Հայաստանում ամուր հիմքերի վրա է` հարուստ ավանդույթներով, եւ երկիրը մեծ պոտենցիալ ունի՝ միջազգային շուկայում մրցունակ դառնալու: Ուսումնասիրությունները վկայում են, որ հայկական ծագումով զբոսաշրջիկների Հայաստան այցերի գրեթե 12%-ը կատարվել է բուժման նպատակով: Դրանց մեջ պատկառելի թիվ են կազմել ատամնաբույժներին դիմելու համար հատուկ Հայաստան ժամանածները։ Եվ այդ տենդենցները հաշվի առնելով՝ առողջապահության ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները միջոցառումներ են մշակել` ուղղված ստոմատոլոգիական կազմակերպությունների վերաբերյալ միջազգային հարթակներում տեղեկատվության տարածմանը: Ըստ այդմ՝ ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ընդգրկվեն այդ տեղեկատվական առցանց հարթակում, ինչը կօգնի նոր հիվանդներ ունենալուն եւ միջազգային ասպարեզ դուրս գալուն։