Հոգևոր կրթությունը՝ բանակից խուսափելու միջոց

Հոգևոր կրթությունը՝ բանակից խուսափելու միջոց

 



Տարիներ շարունակ, կառավարության որոշմամբ, Գեւորգյան ճեմարան եւ Վազգենյան դպրանոց ընդունվողները չեն ծառայում բանակում: Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նախօրեին այս մասին հիշեցրեց ու հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, եթե նախարարը հայտարարում է, որ բանակում բոլորը պետք է ծառայեն:



«Ասում եք, որ պետք է բոլորը ծառայեն, չպետք է լինի տարբերություն: Դուք ասացիք, որ վեհափառի հետ բանակցում եք, բայց դա կառավարության որոշում է: Ասենք, եթե վեհափառն այդպես էլ չհրաժարվի, փոխելո՞ւ եք, հրաժարվելո՞ւ եք ձեր քաղաքականությունից, կարող էիք կառավարությունից նման որոշումով գայիք, բայց չեք եկել: Մնում է ենթադրել, որ, փաստորեն, ճեմարանն է մնում դուռ փախուստի՝ չծառայելու համար»: Լենա Նազարյանը նշեց նաեւ, որ այս պահին ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում կան տասնյակ թափուր տեղեր, եկեղեցաբանության բաժին ընդամենը 4 հոգի է ընդունվել, իսկ Գեւորգյան ճեմարան դիմողների թիվը մեծ է: Նրա խոսքով, մի կողմից եկեղեցին է անում ամեն ինչ, որպեսզի ճեմարան ընդունվողները շատ լինեն, մյուս կողմից նախարարն ասում է՝ ամեն ինչ արվում է բանակն ավելի գրավիչ դարձնելու համար: Վիգեն Սարգսյանը հավաստիացրեց, որ խնդրի շուրջ բանակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։



Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է վեհափառի կարծիքն այդ հարցի վերաբերյալ։ Մեր հարցին ի պատասխան՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանից ստացանք հետեւյալ պատասխանը․ «Կանխատեսումներ չենք անելու։ Ժամանակի մեջ ամեն ինչ կհստակեցվի։ Նշենք նաեւ, որ այսօր բոլոր շրջանավարտ հոգեւորականներն իրենց ծառայությունը բերում են Հայոց բանակին հոգեւոր առաջնորդության իբրեւ սպասավորներ։ Նրանց թիվը հիսունից ավելի է։ Իմ երկու օգնականներն արդեն իսկ ծառայել են։ Խոսքը ՀՀ ԶՈւ հոգեւոր առաջնորդության մասին է»։ Նշենք, որ 1997 թվականից պետականորեն հաստատված ծրագրով հոգեւոր սպասավորություն են իրականացնում Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հոգեւորականները, որոնց առաքելությունը բանակում հոգեւոր դաստիարակության սերմանումն է։



Ի դեպ, հոգեւոր ծառայությունը հենց այնպես չի կատարվում՝ դա բարձր վարձատրվող աշխատանք է։ ՀՀ ԶՈՒ հոգեւոր ծառայության առաջնորդն ամսական ստանում է 300 հազար դրամ, փոխառաջնորդը՝ 225 հազար, զորամիավորման հոգեւոր առաջնորդները՝ 200-ական, 1-ին կարգի զորամասի հոգեւոր ծառայության սպասավորները՝ 165 հազար դրամ գումար։ Սա շատ ավելին է, քան եկեղեցիներում հոգեւոր ծառայություն իրականացնողների ստացածը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ