Պայմանավորվում ենք` չհուզվել

Պայմանավորվում ենք` չհուզվել

Նախագահական կամ կիսանախագահական երկրներում նախագահի հաջողությունը հիմնականում պայմանավորվում է վարչապետի հաջողությամբ: Հայաստանը բացառություն չէ, թեեւ ունի մի շատ նուրբ առանձնահատկություն: Նորմալ երկրներում, երբ վարչապետը հաջողված է, նախագահն ինչ-ինչ հարցերում լսում է նրան: Մեզ մոտ դա չկա: Բավական է, որ նույնիսկ ամենահաջողված վարչապետը մի բան այնպես անի, որ նախագահի սրտով չլինի, իսկույն հանում են գործից: Հրանտ Բագրատյանը, օրինակ, ինձ թույլ չի տա ստել: Ռոբերտ Քոչարյանի վարչապետներն էլ քիչ բան չեն քաշել նրա ձեռքը` մինչեւ Սերժ Սարգսյանի գալը: Վերջին երեք վարչապետներն էլ Սերժ Սարգսյանի ձեռքն են կրակն ընկել: Որպես կանոն` չեն հաջողել երեք նախագահներն էլ: Բայց ես չէի ասի, թե մենք լավ վարչապետներ չենք ունեցել: Պարզապես նախագահ-վարչապետ հարաբերություններում մեր բախտը չի բերել: 



Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Տեսնես ո՞վ է այս ցնդաբանության հեղինակը: Ամենալավ վարչապետին համոզելով, զոռով, ծեծելով դարձնում են կուսակցական, որ նախագահը հանգիստ շունչ քաշի: Ժամանակին այդպես գերազանցիկ ուսանողին էին դարձնում կոմունիստ, որ լենինյան թոշակ տան: Նույն պրակտիկան է: Այդ ուսանողը լավն է, արժանի բարձր թոշակի` ինչո՞ւ եք դարձնում կոմունիստ: Կոմունիստ քի՞չ կար: Չգիտեմ, Տիգրան Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ացումը, ինձ թվում է, ճիշտ չէր: Խիստ ինտելեկտուալ մարդիկ (իսկ Տիգրան Սարգսյանն ընդհանրապես մրցակից չուներ այդ ոլորտում) կուսակցականացվելուց հետո հայտնվում են մի վիճակում, որ կարողանում են միայն դրայվել: Գիտե՞ք ինչ է դրայվը: Դա այն է, երբ քո գեղեցիկ մտքերը շատ հեռուն են գնում, իսկ կուսակցական բեռը` բալաստի պես կախված, խանգարում է քեզ հասնել դրանց հետեւից: Դու դառնում ես գեղեցիկ մտքեր արտահայտող, բայց դրանք թռչունների պես թռչում-գնում են` քեզ պարգեւելով գեղեցիկ ապրումներ, այսինքն` դրայվի զգացողություն: Լավ վարչապետը գոնե առերես կկուսակցականացվեր, բայց մերոնք, այ քեզ բան, հոգով-սրտով են նվիրվում իրենց կուսակցությանը եւ ընկնում ք..․ի, ինչ եմ ասում՝ դրայվի մեջ: Եվ պատկերացրեք, երբ համեմատում եք ինտելեկտուալներին գործարար վարչապետների հետ, առավելությունը վերջիններիս կողմն է: Գործարար վարչապետների համար նշանակություն չունի, թե որ կուսակցությունն է իշխանության ղեկին, նրանց գլխում, եթե, իհարկե, կողքից չեն հուշում, գեղեցիկ մտքեր երբեք չեն ծնվում, ուստի նրանք երբեք չեն հայտնվում ծիծաղելի դրայվի մեջ: Գործարարի հոգեբանությունը նրանց շատ է օգնում այդ հարցում: Հովիկ Աբրահամյանին ինչպե՞ս հանեցին: Ասեմ: Մեկը դավադրաբար նրան հուշել էր, թե վեր կաց, ասա, որ ստվերը բերելու ենք հարկային դաշտ: Նա էլ վեր էր կացել ու ասել: Դրանից հետո այդ գեղեցիկ միտքը, որ գործարար Հովիկ Աբրահամյանը երբեք չէր կարող հղանալ, թռավ-գնաց` իր «կնքահորը» թողնելով ինտելեկտուալներին հատուկ դրայվի մեջ, որտեղ նա լող տալ պարզապես չէր կարող: Եվ Հովիկ Աբրահամյանին ի՞նչ արեցին… Կերան: Կերան, ինչպես շախմատում ֆիգուրն են «ուտում»:



Գանք մեր ժամանակներ։ Ունենք հերթական կուսակցականացված վարչապետը, որն ուղղակի գեղեցիկ մտքերի շտեմարան է: Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ էլ այդպիսին էր, բայց դրանք ուրիշ ժամանակներ էին: Այն ժամանակ նրան չթողեցին աշխատել: Դա ակնհայտ էր: Նա փորձում էր Երեւանն արեւելյան բազարից քաղաքի վերածել, առեւտուրը մայթերից տեղափոխել տաղավարներ… Հիշում եմ` մի քաղաքացու տուն էր հրդեհվել, իսկ Կարեն Կարապետյանն այցելել էր այդ քաղաքացու այրված տունն ու փորձում էր առաջացած խնդիրները լուծել: Այն ժամանակ Երեւանի քաղաքապետի պաշտոնն այնքան էլ քաղաքական չէր, եւ Կարեն Կարապետյանն ստիպված չէր կուսակցական նկատառումներով քայլեր անել: Այդուհանդերձ, առաջին անգամ դրայվի մասին հենց Կարեն Կարապետյանը խոսեց, երբ հասկացավ, որ այն օրերի իշխանություններում բուն դրած շատ մեծամեծներ տանիքություն են անում փողոցային առեւտրականների գլխին եւ այդ հասարակ հարցն անգամ թույլ չեն տալու, որ ինքը լուծի:
Կթողնե՞ն նրան գոնե հիմա աշխատել: Մեր կարծիքով` Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ Կարեն Կարապետյանը մնա եւ աշխատի: Կառավարության հրաժարականի թանաքը դեռ չէր չորացել, իսկ Կարեն Կարապետյանն արդեն վերանշանակվել էր վարչապետի պաշտոնում: Սա ինչի՞ մասին է խոսում: Որ Սերժ Սարգսյանը վստահում է Կարեն Կարապետյանին եւ կարճ կապում այն խոսակցությունները, թե ինքը, իբր, աչք ունի վարչապետի պաշտոնի վրա: Այդուհանդերձ, թերթերն սկսել են փսփսալ, թե Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի միջեւ սառնություն է ընկել, թե ՀՀԿ-ն նորաթուխ վարչապետի գեղեցիկ ժպիտը ծառայեցրեց իր շահերին եւ, խելքահան անելով հասարակության իգական հատվածին, հաղթեց ընտրություններում, թե ՀՀԿ-ն չթողեց, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը կազմավորվի նրա սրտով, ու լիքը այսպիսի բաներ: Հասկանալի է, առանց կրակ ծուխ չի լինում, սակայն մյուս կողմից էլ դժվար է հավատալը, որ ընդամենը մեկ տարում ՀՀԿ-ն առանց Կարեն Կարապետյանի կկարողանա մեղմել իշխանությունների հանդեպ ժողովրդի` խրոնիկական դարձած ոչ բարեկամական վերաբերմունքը, որը, կարելի է ասել, ավելի է թանձրացել վերջին տարիներին: 2018-ին վարչապետ փոխելը ՀՀԿ-ին ոչինչ չի տա: Ավելին, դա կարող է հանգեցնել այն բանին, որ 2022-ին իրենք էլ գնան Արթուր Բաղդասարյանի հետեւից: Հետեւաբար, այս իրավիճակից ելքը մեկն է` համախմբվել Կարեն Կարապետյանի շուրջ եւ ամեն ինչ անել, որ նախագահի եւ վարչապետի ջրերը նույն հունով հոսեն: Կարիք չկա թերթերում գեներացնել Բ 26-ի եւ կառավարության միջեւ հայտնված սեւ կատվի թեման: Դա կհանգեցնի համատարած հուսահատության: Կարեն Կարապետյանն այսօր շատ կարեւոր դերակատարություն ունի, եւ խելացի որոշում չի լինի նրան դրայվի մատնելը: Մնալ այս Ազգային ժողովի հույսին, որի մի մասն իշխանություն է, իսկ մյուս մասը՝ պրոիշխանություն, թույլ տալ, որ այդ «բուխտի-բարախտի» Ազգային ժողովն ինչ-որ պահի պահանջի վարչապետի հրաժարականը, ինքնասպանության հավասար կլինի:



Վատ չէր լինի նաեւ, եթե նախագահն այս վերջին շրջանում իր բարձրացրած փոթորիկներին (կոռուպցիայի դեմ պայքար, դատավորի ձերբակալություն եւ այլն) մասնակից դարձներ վարչապետին, այն իմաստով, որ վարչապետն էլ իր հերթին դրական փոթորիկներ առաջացներ տնտեսության մեջ եւ մարդկանց կյանքում: Ի վերջո, ամեն լավ բան մարդիկ տեսնում են ոչ թե այդ մասին թերթերում կարդալով, այլ սեփական մաշկի վրա զգալով: Լավ վարչապետը լավ բանը քաղաքացու մաշկին հասցնողն է:



Օֆ դե եսիմ: Այսքան խոսեցի ու չգիտեմ էլ, թե ով է վճարելու: Կառավարությունում ասում են՝ փող չկա, օպտիմալացնում են ամեն ինչ, Բ 26-ում էլ հոնորար տալը համարում են կոռուպցիոն ռիսկ: Ստացվում է, որ իմ «քյարն» էլ սրա-նրա աչքից ընկնելն է:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ