Մեր զենքը մեր անսկզբունքայնությո՞ւնն է

Մեր զենքը մեր անսկզբունքայնությո՞ւնն է

Վարչապետին հանում են, երկու անգամ ազատման դիմում է գրել, բայց Սերժ Սարգսյանը չի մակագրել, ասել է` մնա, աշխատի… Դժվար չէ հասկանալ, որ այսպիսի «տեղեկատվություն» մամուլին կարող էին փոխանցել 2 մարդ միայն` Սերժ Սարգսյանը եւ Կարեն Կարապետյանը: Բայց դու տես, որ «մեր աղբյուրներն» այնքան շատ ու բազմապիսի են, այնքան տեղեկացված ու հասու, որ թերթերն առաջ են ընկել գլխավոր հերոսներից ու ավետում են լուրը՝ որպես պոտենցիալ իրողություն:



Ցավոք, Կարեն Կարապետյանին չհաջողվեց գործի դնել իր կախարդական փայտիկը եւ այնպես անել, որ մեր տնտեսության նժույգը ծառս լինի ու առաջ սլանա: Հիշենք` նա մի քանի ամիս շարունակ ծանոթանում էր գործերին եւ վիճակին, իսկ վիճակը, մեղմ ասած` «բառադի» էր: Չկար ոչինչ, որից կարելի էր կառչել ու առաջ գնալ: Կարապետյանը 0-ից պետք է սկսեր ամեն ինչ: Որոշ բաներ, սակայն, նրան հաջողվեց անել, եւ դրանցից ամենակարեւորը, թերեւս, աշխատանքի հանդեպ նոր վերաբերմունքի եւ նոր մտածելակերպի հունդեր նետելն էր բոլոր ասպարեզներում` սկսած հարկային ու մաքսային դաշտից, վերջացրած համայնքապետերի գործառույթի շրջանակով: Այն, որ մինչեւ ուղնուծուծը կոռումպացված հարյուրավոր անփոփոխ հրեշներ այսօր մեզ հետ չեն, այն, որ նախարարությունների աշխատանքը դարձել է շատ թե քիչ իմաստավորված եւ փոխկապակցված, այն, որ մարզերում վերջապես հասկացան, որ իրենք են ձեւակերպելու իրենց խնդիրները եւ տալու դրանց լուծման ուղիները, այն, որ բոլորը համոզվեցին, որ սերնդափոխության անհրաժեշտությունն այլընտրանք չունի, մեծ չափով պայմանավորված են հենց Կարեն Կարապետյանի անձով, եւ դա ուրանալ` կնշանակի, առնվազն, անազնիվ լինել նրա հանդեպ:



Կարեն Կարապետյանի հետագա առաջընթացին մեծապես խանգարեցին նրա ՀՀԿ-ացումն ու ընտրական գործընթացներին ներգրավումը: Աշխատանքի ամենաեռուն շրջանում նրան գործից կտրելն ու կուսակցական ֆունկցիոներ դարձնելը ՀՀԿ-ի լավագույն որոշումը չէր, եթե, իհարկե, ՀՀԿ-ն չէր առաջնորդվում «էս մի ընտրությունն էլ կրենք` հետո ինչ ուզում է լինի» կարգախոսով: Շարմազանովի հարցազրույցից, սակայն, որ նա տվեց «Առաջին լրատվականին», զգացվում է, որ ՀՀԿ-ն հենց այդ կարգախոսով էլ առաջնորդվել է եւ, գումարած դրան, բավականին թյուր պատկերացում ունի խորհրդարանական կառավարման համակարգի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը պետք է անպայման մեծամասնություն ունեցող կուսակցության անդամ լինի: Չկա նման բան: Վարչապետը պետք է նախեւառաջ վարչապետ լինի, իսկ խորհրդարանական կառավարման համակարգում նաեւ ընդունելի եւ հասկանալի գործիչ ոչ միայն իշխանական կուսակցությունների, այլեւ ընդդիմության համար: Ընդունենք, որ Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության համար ավելի ընկալելի եւ ընդունելի էր մինչեւ կուսակցականացումը: Կարեն Կարապետյանի կուսակցականացումն էր պատճառը, որ հարցն այսօր քննարկվում է նաեւ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան խուլ հակամարտության մոտիվներով: Ոչ մեկին այսօր հասկանալի չէ` ՀՀԿ-ն դե՞մ է, թե՞ կողմ այն փոփոխություններին, որ իրականացրել ու դեռ փորձում է իրականացնել Կարեն Կարապետյանը: Ի՞նչ թիմի մասին է խոսքը, երբ այդ թիմը, ինչպես Շարմազանովն է ասում, ստացել է ժողովրդի վստահության քվեն եւ ինչ ուզենա, կարող է անել մինչեւ 2022 թվականը: Ո՞ւր մնաց այդ դեպքում թիմի պատասխանատվությունը հենց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցում: Այդ թիմը, ի՞նչ է, հետողորմյա է անելու համակարգից հեռացված հրեշների՞ն, դադարեցնելու է ախոռների մաքրման գործընթա՞ցը, մարզերը մատնելու է մոռացությա՞ն, նախարարություններն ու գերատեսչությունները վերածելու է դուքյանների՞:



Թերթերը գրում են. «Մեր տեղեկություններով` Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը»: Ոչ մի նորմալ երկրում, որտեղ նախագահը հայտարարել է, որ իր պաշտոնավարման շրջանն ավարտելուց հետո վարչապետ չի լինելու, թերթերի աղբյուրները նման բան հաղորդել պարզապես չէին կարող: Ստացվում է, որ Հայաստանն աննորմա՞լ երկիր է: Ես դրան չեմ հավատում, թեեւ Շարմազանովն իր վերոնշյալ հարցազրույցում փորձում է ապացուցել, որ՝ այո, Հայաստանն աննորմալ երկիր է։ «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, եւ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»,- ասում է Շարմազանովը: Օ՛, կենդանի տաճար ճշմարտության: Այդ դեպքում ինչո՞ւ է շրջանառվում հենց Սերժ Սարգսյանի անձը, ով հստակ ասել է, որ վարչապետ չի ուզում դառնալ: Ես ՀՀԿ-ին խորհուրդ կտայի Կարեն Կարապետյանի շուտափույթ պաշտոնանկության մասին լուրեր հրապարակ նետելու փոխարեն մտածել այն մասին, որ ԱԺ ընտրությունների արդյունքներով, ճիշտ է, ժողովուրդը վստահության քվե է տվել ՀՀԿ-ին, եւ ՀՀԿ-ն է մինչեւ 2022 թ. դե յուրե պատասխանատվություն կրելու երկրի ճակատագրի համար, սակայն սա խորհրդարանական կառավարում է, ինչը հղի է իշխող կուսակցության համար ամենատարբեր, այդ թվում նաեւ տխուր անակնկալներով: Հետեւաբար, ՀՀԿ-ն ոչ թե Շարմազանովի հանգույն պետք է մտածի, թե ինչ ուզենա կանի այս հինգ տարում, այլ` ինչպե՞ս անի, որ արդարացնի այդ ընտրությունը, որ ժողովուրդը չլցվի փողոց եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ չպահանջի, որ ԱԺ-ն ի դեմս վարչապետի ոչ թե քաղաքական հակառակորդի տեսնի, այլ գործչի, որի հետ հնարավոր է աշխատել ու փոխել երկիրը:



Կարեն Կարապետյանին հեռացնելու եւ Սերժ Սարգսյանի` վարչապետ ինքնանշանակվելու խոսակցությունների ֆոնին բավականին հետաքրքիր դիրքորոշում են որդեգրել մեր արեւմտամետները: Երբ Կարեն Կարապետյանը նոր-նոր էր նշանակվում վարչապետ, բոլոր մաստի արեւմտամետները մի հանգի գոռում էին, որ Մոսկվան Հայաստանում վերցնում է իշխանությունը, որ Հայաստանի անկախությունը մեռավ, ու լիքը այսպիսի բաներ: Տրամաբանությունը հուշում է, որ արեւմտամետներն ուղղակի ցնծությամբ պետք է դիմավորեն Կարեն Կարապետյանի հեռացումը, քանզի այդկերպ, կարծես, վերականգնվում է Հայաստանի անկախությունը: Սակայն արեւմտամետների ճամբարն այնքան էլ ուրախ չէ այդ կապակցությամբ: Ինչո՞ւ: Մի՞թե սա եւս մեկ ապացույց չէ այն բանի, որ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրեց ընդունելի կերպար դառնալ նաեւ այդ ճամբարի համար:



2017 թվականն անցումային տարի է: Շատ կարեւոր են այն հիմքերը, որ մենք կդնենք այսօր: Շատ կարեւոր է, որ դրանք լինեն ամուր եւ նոր Սահմանադրությանը համահունչ: Եվ մենք չենք կարծում, որ այս հսկայական փոփոխությունների նախաձեռնողը, որի գլխավորած կուսակցությունը քարտ բլանշ ունի մինչեւ 2022 թվականը պատասխանատվություն կրելու պրոցեսի անշրջելիության համար, հանկարծ որոշի դրսից ու ներսից քաղաքական առումով խոցելի եւ թույլ վարչապետ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է գործող վարչապետին, նա էլ իրավունք չունի շրջանառվող լուրերին տրվելու եւ այսպես շուտ հանձնվելու: Ի՞նչ հրաժարականի դիմում գրելու ժամանակն է, երբ քեզ շանս է տրվել անունդ գրելու ժողովրդիդ պատմության մեջ:
Մնում է ասեկոսեներ տարածողներին, Քոչարյանի ասած` ուղարկել տներով եւ գործ անել: Իսկ հետո արդեն` որը բարին է, թող կատարվի:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ