Ընդդիմադիրներ շարքից

Ընդդիմադիրներ շարքից

Երեւանի քաղաքապետարանում հայտնված «Ելքն» ու «Երկիր ծիրանին», ամենայն հավանականությամբ, որոշել են զավեշտի վերածել քաղաքի ավագանու աշխատանքը, ինչպես դա հաջողությամբ անում են Գյումրիում եւ Վանաձորում: Եվ, առհասարակ, դժվար է հասկանալ, թե իրենց պահվածքով ինչ են ուզում ասել «Ելքն» ու «Երկիր ծիրանին», եթե ընդունել են ընտրությունների արդյունքներն ու պատրաստակամություն հայտնել աշխատել քաղաքապետարանում: Հա, կարծես տիկին Փոստանջյանը քաղաքապետարանի լույսերն անջատելու եւ ժողովրդի փողերը քամուն չտալու մասին հայտարարություն էր արել: Տիկնոջն առաջարկում եմ քամուն չտալ ժողովրդի (երեւանցիների) նյարդերը եւ գնալ նիստերի: Մինչեւ կոկորդներս կուշտ ենք ընդդիմության փողոցային պայքարից:



«Ելքն» էլ առաջնորդվում է «ամենամեծ լրջությունն անլրջությունն է» կարգախոսով: Տիկնայք եւ պարոնայք, հրաժարվեք ավագանու ձեր մանդատներից, եթե կարծում եք, որ քաղաքապետն իրականում քաղաքապետ չէ, իսկ նախագահը` նախագահ: Արարողությունների առիթով ոտքի չկանգնելը կամ ԱԺ-ում ՀՀ նախագահի ելույթից թռնելն ամենեւին էլ նոր փետուրներ չի ավելացնում ձեր ընդդիմադիր «ջանին»: Դա նույնն է, թե մեկը պետական օրհներգի ժամանակ ոտքի չկանգնի, ինչ է թե իր կողմից չընդունված նախագահը ոտքի է կանգնել:



Պետք է իմանալ եւ միշտ հիշել, որ նույն արհամարհանքին կարող եք արժանանալ իշխանությունների կողմից, ձեզ կարող են անգամ չբարեւել, կարող են անտեսել ձեր առաջարկներն ու նախաձեռնությունները: Այնպես, ինչպես դուք եք փորձում աշխատել նախագահի կամ քաղաքապետի հետ, բնավ աշխատելու ձեւ չէ: Աստծո սիրուն, սա չհամարեք ընդդիմության ներքին գործերին միջամտելու փորձ: Արեք` ինչ խելքներիդ կփչի, միայն հիշեք, որ պարտավոր եք հաշվի նստել ընտրողների կարծիքի հետ:
Ասեմ նաեւ, որ օրվա ընդդիմության այս «թաթալաբազությունների» ֆոնին տարիներ առաջ ՀԱԿ-ի մարտավարությունը` հրաժարվել Երեւանի ավագանիում աշխատելուց, շատ ավելի արդարացված քայլ էր: Ի դեպ, ՀԱԿ-ն այն ժամանակ ավելի շատ տեղեր էր զբաղեցրել քաղաքապետարանում, քան այսօր «Ելքն» ու «Երկիր ծիրանին» միասին: ՀԱԿ-ն իշխանությունների հետ աշխատելը համարում էր փչացման ճանապարհ, բայց չդիմացավ ԱԺ 7 մանդատի գայթակղությանն ու «երկխոսացվեց» իշխանությունների կողմից: Արդյունքում` փոշիացվեց հսկայական ընտրազանգվածը, եւ Տեր-Պետրոսյանը, բախվելով «փակ զուգարանների» պատնեշին, հայտարարեց․ «Սերժ, ուղիղ քեզ եմ դիմում` բացիր զուգարանները»: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Հիմա Նիկոլ Փաշինյանը, թվում է, ընտրել է ՀԱԿ-ի այն ժամանակվա մարտավարությունը` մի կողմից բոյկոտ, մյուս կողմից՝ երկխոսություն եւ գեղեցիկ ճառեր ԱԺ ամբիոնից:



Ֆեյսբուքը պայթում է «Ելքի» մյուս առաջնորդի` Էդմոն Մարուքյանի հասցեին տհաճ արտահայտություններից: Պատճառն «Ազատությանը» տված նրա հարցազրույցն է` քաղբանտարկյալներ ունենալ-չունենալու թեմայով: Մարուքյանը բառացիորեն կրկնել է Ռուստամյանի միտքը, թե ինքը չի կարող պատասխանել հարցին, որովհետեւ անհրաժեշտ հիմքերը չկան պնդելու, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Հարց է առաջանում` ինչո՞ւ է Ֆեյսբուքի ընդդիմադիր հատվածը գանակոծում Մարուքյանին: Պատասխանը պարզ է` որովհետեւ Մարուքյանը մի կողմից անկոտրում ընդդիմադիր է խաղում, իսկ մյուս կողմից՝ հաստատում իշխանության իրավացիությունը:



Որքան որ դժվար է ընդդիմադիր լինելը, նույնքան էլ դժվար է ընդդիմության թերթ լինելը: «Հայկական ժամանակ»-ի իմ սրատես գործընկերներին կխնդրեի նույն փութաջանությամբ ներկայացնել քաղաքական գործիչների հայտարարություններին հետեւող արձագանքները: Որպես լրատվամիջոց` «Հայկական ժամանակը» պարզապես պարտավոր է չտիրաժավորել ԱՄՆ-ում հայտնված մեկի հայտարարությունը ՀՀ իշխանության ներկայացուցչի հասցեին, եթե քողարկում է զանգվածային քննադատություններն ընդդիմադիր գործչի հասցեին: Ասում են` սկզբունքը շանն են տվել, շունը չի կերել: Սկզբունքային լինելը, սիրելի գործընկերներ, դժվար է, բայց ոչ անհնար:
Չէի ցանկանա այս նոտայով ավարտել զրույցս: Երեւանի ընտրություններից 1 ամիս է անցել, բայց ոչ մի փոփոխություն չի նկատվում: Մասնավորապես, չենք տեսնում քաղաքապետարանի մուտքի մոտ կայանած «Ելքի» եւ «Երկիր ծիրանի»-ի հեծանիվները: Միայն փոքրիկ ինտրիգներ են անում` ոտքի չեն կանգնում, դրսում են նիստ անում…



Կարծում եմ՝ շատ ավելի էֆեկտիվ կլիներ, եթե Զարուհի Փոստանջյանը քաղաքապետարանի վերին հարկերում իրեն տրամադրված սենյակից թռուցիկներ նետեր ցած` հավաքված բազմությանը: Կամ, ասենք` ի՞նչ պակաս ներգործություն կունենար, եթե «Ելքը» բարձրանար քաղաքապետարանի կտուրն ու այնտեղից դիմեր իր ընտրողներին: Այլապես ալարում են նույնիսկ ոտքի կանգնել, երբ քաղաքապետին զարդարում են լանջաշղթայով:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ