Սվիտալսկու ասածը չի կարելի մեկնաբանել որպես ներքին գործերին միջամտելու փորձ

Սվիտալսկու ասածը չի կարելի մեկնաբանել որպես ներքին գործերին միջամտելու փորձ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը վտանգավոր է համարում իշխանության ներկայացուցիչների ընդդիմախոսությունը ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը։ «Սվիտալսկու ասածը առաջին հերթին վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերին, իսկ դրան արված իշխանական ընդդիմախոսությունը վտանգում է հենց ՀՀ քաղաքացիների շահերը», - ասել է նա:



Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի համաժողովին, որը նվիրված էր ընտրական հայաստանյան զարգացումներին, դեսպան Պյոտր Սվիտալսկին անսպասելի բացասական գնահատականներ է հնչեցրել Հայաստանի նոր ընտրական համակարգի վերաբերյալ։ «Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ ՀՀ-ն հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը», - ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։ Նրա երկրորդ քննադատական գնահատականը վերաբերում էր ԿԸՀ-ին, որի կազմը, ըստ Սվիտալսկու, պետք է փոխվի․ «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ, և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»:



Դեսպանի հայտարարությանը երեկ հակադարձեց ռեյտինգայինի հայրերից արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այն որակելով որպես միջամտություն պետության ներքին խնդիրներին։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հակառակ կարծիքի է. «Սվիտալսկու ասածը ձեւակերպվել է որպես խորհուրդ, եւ իհարկե այն չի կարելի մեկնաբանել որպես ներքին գործերին միջամտելու փորձ: Սակայն ակնհայտ է ԵՄ մտահոգությունը Հայաստանում տիրող իրավաճակի վերբերյալ, քանի որ մի կողմից կոռուպցիան ու դա կանխորոշող կեղծված ընտրությունները դարձել են ազգային անվտանգության սպառնալիք: Բազմաթիվ պատերազմներով լեցուն Մերձավոր արեւելքում եւս մեկ պայթյուն ունենալն արդեն եվրոպական անվտանգության սպառնալիք է: Մյուս կողմից, Ռուսաստանն այժմ ընկալվում է որպես Եվրոպային սպառնացող հիմնական վտանգ, եւ հասկանալի է ԵՄ ցանկությունը՝ վնասազերծել այդ վտանգի մի բաղադրիչը՝ Հայաստանը: Արդար ընտրությունների անցկացումը Հայասատանը Ռուսաստանից պոկելու ամենապարզ միջոցն է»:



Սյուզան Սիմոնյան