Կառավարության ծրագրի 122 էջերում 10 թիվ էլ չկա

Կառավարության ծրագրի 122 էջերում 10 թիվ էլ չկա

Այսօր Ազգային ժողովը քննարկելու է կառավարության 2017-2022 թթ ծրագիրը, որն արդեն հրապարակված է։ Սպասվում էր, որ տնտեսությանը վերաբերող մասը հիմնականն է լինելու, սակայն այս ոլորտին ծրագրի հեղինակներն անդրադառնում են փաստաթղթի կեսից՝ 43րդ էջից։ Տնտեսություն բաժնում չկա ոչ մի բառ արդյունաբերության մասին, որը բնականաբար, պետք է տնտեսության թափանիվը լինի։ Անգամ սպորտի ու երիտասարդության մասին են գրել, բայց արդյունաբերության մասին ոչ մի բառ։ Գյուղատնտեսության զարգացման մասին դեկլարատիվ հայտարարություններ են արված, բայց գյուղմթերքների իրացման մասին ոչինչ նշված չէ, մինչդեռ սա գյուղացու հիմնական խնդիրն է։ Ընթերցելով փաստաթուղթը, հասկանում ենք, որ մեր երկրի տնտեսության գլխավոր ճուղերը մանածագործությունը, կոշիկի ու հագուստի արտադրությունն է, որը շեշտված է։ «Մինչև 2017 թվականի ավարտը քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընտրված թիրախային ոլորտներում (այդ թվում` մանածագործություն, հագուստի, կոշիկի արտադրություն)», - գրված է տեքստում։ Հենց սկզբում նախանշված է, որ արտահանումը առաջիկա 5 տարիներին պետք է կազմի ՀՆԱ-ի 40 տոկոսը, իսկ տնտեսական աճը, ինչպես նախագահն էր հրահանգել, լինելու է 5 տոկոս։ Այս թվերը դուրս են տարրական տնտեսագիտական տրամաբանությունից։ ՀՀ-ից արտահանումը 2016 թվականին կազմել է 1,8 մլրդ դոլար։ Եթե ՀՆԱ-ն տարեկան 5 տոկոսով ավելանալու է, ապա 5 տարի հետո այն կազմելու է 13,5 մլրդ, այսօրվա համեմատ տալով 3 մլրդ-ի աճ։ 13,5 մլրդ-ի 40 տոկոսը արտահանումը պետք է կազմի, այսինքն՝ մենք 2022 թվականին, եթե հավատանք Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին, ունենալու ենք 5,4 մլրդ դոլարի արտահանում։ Նշանակում է, 5 տարում արտահանման աճը ՀՆԱ-ի աճից էլ մեծ է լինելու, և տնտեսության ողջ աճը կատարվել է միայն արտահանման հաշվին, ինչը հնարավոր չէ, քանի որ ՀՆԱ-ն համախառն ցուցանիշ է։ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հաստատ ինչ որ մեկը վարչապետին մի պարզ հարց կտա․բա տնտեսության մնացած ճյուղերը զրոյի վր՞ա են մնալու։ Ստացվում է, ծրագրում ուղղակի թիվ են գրել գրելու համար։ Հարկերի, դրանց փոփոխությունների, արտոնությունների մասին, ինչ բյուջե ենք ունենալու այս տարիներին, ինչ արտաքին պարտք՝ նույնպես ոչ մի «խոսակցություն» չկա։ Մինչդեռ սպասվում էր, որ պետք է նշվեն տնտեսության գերակա ճյուղերը և այն միջոցները, մեխանիզմները, որոնք գործադիրը կիրառելու է այն զարգացնելու համար։



Ներդրումները, եթե դատենք վարչապետի բանավոր ելույթներից, նույնպես պետք է զգալի տեղ գրավեին այս ծրագրում։ ՀՀԿ նախընտրական խոստումը՝ 3,2 մլրդ ներդրումի մասին ոչ ոք չի մոռացել։ Բայց ոչ մի թիվ այս մասով չի նշվում։ Առհասարակ, կառավարության ծրագրի 122 էջերին մի 10 թվային ցուցանիշ հազիվ լինի։ Կոնկրետությունը բացակայում է նաև սոցիալական ծրագրերում։ Աղետի գոտու բնակարանաշինության մասին ընդամենը գրված է․«Շարունակել բնակարանաշինությունը»։ Քանի անօթևան ունենք, տարեկան ինչքան գումար է պետք, որ նրանց ապահովեն բնակարաններով, այս հինգ տարում որքան է դրվելու՝ այս տարրական տվյալները ծրագրում բացակայում են։ Կառավարության ամեն նիստին վարչապետից լսում ենք զբոսաշրջության զարգացման վերաբերյալ ելույթներ։ Բայց նույնիսկ ամենահետաքրքիր զբոսաշրջության վայրի՝ Սևանա լճի մասին ոչինչ գրված չէ։



Սևանը մեզ համար գերռազմավարական օղակ է։ Որքան պետք է լինի այս հինգ տարիներին Սևանից ջրառը, որքան պետք է օգտագործվի ոռոգման համար, ինչքան պետք է բարձրանա լճի մակարդակը, և վերջապես ինչ անել, որ ափամերձ տարածքների տերերը իջեցնեն գները և բարլավվի հանգստի գոտիների սպասարկումը։ Այս հարցերի պատասխանները կառավարության համար կարևոր չեն։ Հարևան Վրաստանում գրեթե ձրի՝ մեկ դոլարով, ծովափնյա հող են տալիս անհատներին, միայն թե հանգստյան գոտիներ սարքեն, իսկ Հայաստանում ափամերձ հանգիստը տարեց տարի ավելի անհրապույր ու թանկ է դառնում։ Եւ վերջապես, կառավարության ծավալուն ծրագրում ոչ մի բառ չկա այն մասին, թե քանի նոր աշխատատեղ ենք ունենալու 5 տարում։ Վարչապետը բոլորից կոնկրետ ծրագրեր է պահանջում, արդյունքի գնահատում, հստակ թվեր, բայց ինքը կարծես թե լուրջ խնդիրներ ունի թվերի հետ։



Սյուզան Սիմոնյան