Փորձենք ինքներս հասկանալ

Փորձենք ինքներս հասկանալ

2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա, բայց երկրի ղեկավարությունը կմնա Սերժ Սարգսյանը։



Գալուստ Սահակյան



ՀՀԿ-ի մեր գործընկերները գիտեն բոլոր հարցերի պատասխանները, բացի մեկից: Բավական է մի հայացք նետել հայկական մամուլին, կայքերին, հայֆեյսբուքին, եւ կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում: Չկա որեւէ բնագավառ, որի մասին ՀՀԿ-ականները հարցազրույց չտան, մեկնաբանություն չանեն, չասեն` ճիշտը որն է: Նրանց համար կյանքն այլեւս անհետաքրքիր է, որովհետեւ ամեն ինչ գիտեն արդեն, ոչնչից չեն զարմանում: Նույնիսկ երիտասարդները, որոնց ավտոբուսներով բերել ու պաշտոններ են տվել, իրենց հայրերի ու պապերի հանգույն ամեն ինչ գիտեն: ՀՀԿ-ական գենետիկան ապշեցնող է ուղղակի:



Միակ հարցը, որին ՀՀԿ-ականները չեն կարողանում պատասխանել, ինչքան էլ հետուառաջ են անում, Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցն է, ավելի ստույգ` նրա միահեծան իշխանության շարունակականության հարցը: Կմնա՞ Սերժ Սարգսյանն իշխանության գլխին 2018 թվականից հետո, թե՞ ամեն ինչ կթողնի մեկ տարի հետո ձեւավորվելիք խորհրդարանական կառավարման համակարգին ու կգնա իր սիրած գործով զբաղվելու, ինչպես ինքն է ասել: Ահա այս դժվար եւ միեւնույն ժամանակ նրբին հարցի պատասխանն է, որ ՀՀԿ-ն չունի տակավին եւ, ամենայն հավանականությամբ, դեռ երկար ժամանակ չի ունենա:



Եթե արդար լինենք, ապա պետք է խոստովանենք, որ այսօր ոչ ոք չունի այդ հարցի պատասխանը: Լեւոն Տեր-Պետրոսյանն էր միայն մի ակնարկ արել, թե մինչեւ 2018 թվականը Սերժ Սարգսյանը դեռ նախագահ է լինելու, եւ այդ հանգամանքը լուրջ դերակատարություն կունենա պաշտոնավարման շրջանն ավարտող նախագահի իշխանության երկարաձգման հարցում: Բայց նա էլ չէր հստակեցրել, թե հատկապես ինչ է լինելու 2018 թվականից հետո:



Օրերս այս դժվար հարցին պատասխանելու փորձ էր արել նաեւ ՀՀԿ-ի ռահվիրաներից թերեւս ամենառահվիրան` Գալուստ Սահակյանը: Նա այդ հարցին պատասխանել է իր սիրած ոճով, այն է` մեկ իմաստուն ֆրազով, որ նախ` նոկդաունի է ենթարկում լսողին, իսկ հաջորդ պահին արդեն ստիպում աշխարհի մեռած լեզուների բառարաններ քրքրել` հասկանալու համար դրա իմաստը: Փորձեք նախ խուսափել նոկդաունից. «2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա, բայց երկրի ղեկավարությունը կմնա Սերժ Սարգսյանը»:



Ուշքի գալուց հետո ես մի քանի ձեւով փորձել եմ այս ֆրազին քաղաքական շորեր հագցնել, ընդհուպ ճգնել` այն հարմարեցնել մեր սահմանադրությանը, սակայն ոչինչ չի ստացվել, եթե հաշվի չառնենք լեզվական ճշտումները, որոնք նույնպես հեշտությամբ չտրվեցին ինձ: Ժամանակակից հայերենով դա այսպես է հնչում` «2018-ից հետո Կարեն Կարապետյանը կմնա (վարչապետի պաշտոնում), իսկ երկրի ղեկավարությունը կմնա (ղեկավարը կլինի) Սերժ Սարգսյանը»: Կարծում եմ, որ հենց սա է ուզեցել ասել Գալուստ Սահակյանը, բայց ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ` ի վերջո ի՞նչ է լինելու այդ մոգական 2018-ից հետո, եւ ինչպես է Սերժ Սարգսյանը ղեկավարելու երկիրը, եթե այն, ամեն մեկն իր չափով, ղեկավարելու են վարչապետը, նախագահը եւ ԱԺ նախագահը, իսկ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի անգամ հրաժարվել է այդ պաշտոններից: Հետեւաբար, ինչպե՞ս է նա մնալու «երկրի ղեկավարություն»:



Իսկ գուցե այս հարցի պատասխանն ընդդիմությո՞ւնը գիտի: Օրական մի շքեղ հոդված են պարգեւում Սերժ Սարգսյանից օր առաջ ազատվել երազող իրենց ընտրազանգվածին` վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանը հեռացողը չէ: Սակայն սա մեր հանրությանը տանջող դժվար հարցի պատասխանը չէ: Մեր ընդդիմությունը հիմա սարսափելի վիճակում է: Մի ամբողջ տասնամյակ մեր ընդդիմադիր գործիչներն իրենց հացը վաստակել են Սերժ Սարգսյանին քննադատելով եւ պաշտոնից հեռացնելով, եւ հիմա, երբ ընդամենը մեկ տարի է մնացել, որ նա իր ոտով հեռանա, ընդդիմությունը տագնապի մեջ է` բա դրանից հետո ո՞ւմ են քննադատելու, ո՞ւմ հրաժարականն են պահանջելու, ընտրողին ի՞նչ են ասելու, պայքարի ի՞նչ նոր ծրագիր են մեջտեղ բերելու…



Ամեն անգամ հոդված գրելիս ես փորձում եմ չկտրել կապն ընթերցողի հետ: Դա ինձ օգնում է հասկանալ, թե հոդվածն ընթերցելիս ինչ հարց է ծնվում նրա ներսում: Դիցուք` հիմա ընթերցողն ուզում է հարցնել` այսքան ճառեցիր, բայց դեռ չես ասել, թե ինչ է լինելու 2018-ից հետո: Միանգամից պատասխանեմ` չգիտեմ: Եվ, առհասարակ, այդ հարցն ինձ այնքան էլ չի հուզում: Բայց մի հիասթափվեք: Ես ավելի լավ առաջարկ ունեմ:



Առաջարկում եմ հետեւել մի գործընթացի, որ մեզանում երբեք չի եղել: Անձամբ ես, ահագին ժամանակ է, հետեւում եմ: Որպեսզի այն ավելի հետաքրքիր լինի, պետք է մեկ անգամ եւ ընդմիշտ հասկանալ`ոչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀԿ-ն եւ ոչ էլ նույնիսկ ընդդիմությունը ձեզ չեն ասելու, թե ինչ է լինելու 2018-ին:



Բացեք ՀՀ կառավարության կայքը: Անվճար է՝ բացեք: Իսկ հիմա աչքի անցկացրեք վարչապետի վերջին շրջանի հանդիպումների շարքը: Շտապել պետք չէ: Ի՞նչ եք տեսնում. «Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին», «Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսին», «Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի գրասենյակի տնօրեն Ժան Լուի Աթանգանա Ամուգունուին», «Կարեն Կարապետյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ», «ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին», «ընդունել է Եվրոպական միության անդամ պետություններ Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի եւ Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ»… Եվ այսպես շարունակ: Հարց չի՞ առաջանում, թե ինչի են նախապատրաստում Կարեն Կարապետյանին: Իմ համոզմամբ` վարչապետ Կարեն Կարապետյանի համար միջազգային հարաբերությունների եւ արտաքին քաղաքականության բնագավառների պրակտիկա են ապահովում: Ֆուտբոլում այսպիսի արտահայտություններ կան` խաղային պրակտիկա, խաղալու հնարավորություն… Կարծում եմ` Կարեն Կարապետյանին հենց դա են ընձեռել: Մեր նախկին վարչապետերից ոչ ոք, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նման հնարավորություն չեն ունեցել, նրանց օրերի նախագահներն այդ հնարավորությունը նրանց համար չեն ստեղծել: Առաջիկայում կլինեն նաեւ այցեր արտասահման, որոնց ընթացքում Կարեն Կարապետյանին կընդունեն տարբեր երկրների նախագահներ, արտգործնախարարներ, միջազգային կառույցների արտաքին քաղաքականության պատասխանատուներ:



Այս ամենը, հասկանալի է, պատճառ չէ պնդելու, որ 2018-ին Սերժ Սարգսյանը, խիղճը հանգիստ, կգնա թոշակի: Բայց այս ամենը հետաքրքիր է, եթե անկապ գուշակություններ անելու փոխարեն շուրջներս նայենք եւ, թեկուզ թեթեւ ոճի վերլուծություններով, ինքներս փորձենք հասկանալ գործընթացը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ