Թիֆլիսյան ճեպանկար

Թիֆլիսյան ճեպանկար

Աղյուսաշար պատ, արդեն դեղնող ցորնախոտ, որի քիստերի մեջ տնկվել են սեւաթթենու փոշոտ պտուղներ... Հավլաբարի խուլ փողոց է: Մեկը դարպասի մոտ փողրակով ջուր է ցայում մեքենայի ապակիներին: Հին, կքած տներ են, հին ցուցանակ` ул. Месхишвили: Տանտերը վրացի է, կինը` թրքուհի: Երկուսն էլ թիֆլիսավարի ռուսերեն են խոսում: Գիշերակացն արժե 70 լարի: Սենյակը «եվրո» վերանորոգված է: Մի գիշեր ենք մնալու, արագ պայմանավորվում ենք եւ գնում Խոջիվանք: Րաֆֆու մահարձանը տպավորիչ է, իսկ պանթեոնն առհասարակ տխրեցնում է: Ավելի լավ է Օրթաճալայի որեւէ ռեստորանում նստել եւ սափերավի խմել: Այստեղ մուգ, սառը գարեջուր էլ կա: Սրահի հատակը սալարկ է, պատերը` անսվաղ: Հաճելի զով է, միալար փսփսուկ. ընթրելու է նստած երեւի հարյուրից ավելի մարդ: Ոչ ոք կենաց չի խոսում, չեն երգում: Թեեւ վրացիների մասին ասում են, որ երկու բաժակից հետո սկսում են երգել: Այդպես երեւի հարբում էին հին Թիֆլիսի դուքաններում: Նոր վրացիները շատ են ուզում եվրոպացի լինել եւ խինկալին պատառաքաղով են ուտում: Մի քիչ ծիծաղելի է, բայց իրենց քաղաքն է, իրենց խինկալին, որի վրայից դանդա՜ղ գարեջուր են ծծում: Խորտիկներից ընտրում ենք` ինչ համեմատաբար վրացական չէ: Պարզվում է` ինչ էլ պատվիրես, խոհարարն իրենն անում է` աղ, պղպեղ, հետն էլ պարտադիր մատուցում են տղեմալի եւ թթու: Պանիրն անալի է, սալաթը` ծեծած ընկույզով-մայոնեզով: Գույնը` ինչպես պղտոր Քուռը, որ ամեն տեղ է` կողքիդ կամ ոտքերիդ տակ, իսկ երբ մեքենան մտնում է թիֆլիսյան թունելներից մեկը, թվում է` գետը մնաց վերեւում, հոսում է քո վրայով: Թիֆլիսը «բազմահարկ» քաղաք է: 



Ամենավերեւում առասպելն է` Նարիկալան, ցածում` Քուռը: Նարիկալային հավասար բարձունքում «ապրում են» մեռյալները: Մթածմինդայում շունչդ կտրվում է: Այստեղ երեւի լավ են զգում միայն մուրացկանները, որ մի քաղաքի համար շատ են եւ չափազանց համառ են պահանջում իրենց վարձքը: Նրանք թիֆլիսավարի «տուտուց» են, լարիից պակաս չեն վերցնում: Եվ որովհետեւ Մթածմինդայում նաեւ հին եկեղեցի կա, կին մուրացկանները թեթեւ գլխաշորով են, տղամարդիկ` երկարամազ: Ասես քիչ հետո պիտի շուրջառ հագնեն եւ երգչաց դասում կանգնած` ձայնակցեն պատարագիչ քահանային: Բայց որովհետեւ նա կանգնած է գավթում եւ խորքից զննում է մարդկանց, տպավորություն ես ունենում, որ մուրացկաններն օրվա վերջում վանահորը հաշվետու են լինում եւ նրանից ստանում հասանելիքը: Մթածմինդայի մեռյալները, ուրեմն, կերակրում են վանահորն ու մուրացկաններին: Վերեւից ներքեւ` Թիֆլիսը նման է հսկա նավի բազմաշերտ տախտակամածի: Հեռուստաաշտարակը կայմն է, իսկ Քռի վրա դանդաղ լողում է զարդարուն հարթանավակը: Ապակեպատ կամրջի բարձրությունից նետած դրամը մի վայրկյան փայլփլում է, ապա երեւում է դեպի ափ ձգվող կարթաթելը: Կարմիր լողանը վետվետում է: Ափապատնեշին նստած տղամարդու թիկունքը լայն չէ, հագին վանդականախշ բլուզ է, գլխին`քաթանից կլոր թասակ: Ձկնո՞րս է, թե՞ հաճույքի համար է կարթ նետել, հանգստանում է: Թիֆլիսը տարօրինակ քաղաք է, Վախթանգ Գորգասարի արձանի մոտ կտեսնես կոստյում-փողկապով մեկին, որ ձեռքի փայտիկով ցույց կտա` որտեղ կայանել մեքենան, բայց հեռանալիս կմոտենա եւ մռայլ կպահանջի մեկ լարի, իսկ եթե չհասկանաս, ատամների արանքից կնետի` рубль давай… Թեեւ ընդունված է ասել, որ «Թիֆլիսը վաղո՜ւց ռուսերեն չի խոսում»: Վերեւում մեռելներն են, Նարիկալայի առասպելը: Նարիկալայի աղյուսաշեն պարիսպների ճեղքերից մեկում նռնենի կա` ծաղկած: Մեկը մեքենան հասցրել է այստեղ եւ բեռնախցիկը բացել` արկղի վրա մի երկու տասնյակ նուռ է շարել: Հատուկ խնամված, լաքած-փայլեցրած նռներ են: Փարաջանովն ապրեցնում է Նարիկալայի առասպելը: Չնայած թաղված է Երեւանում: Փարաջանովը փրկում է Թիֆլիսի հին հմայքը: Թե չէ ինչո՞ւ են Նարիկալայի աշտարակներից վեր` արեւի տակ պլպլում այդ նռները:



Վերեւում մեռելներն են: Մթածմինդայում է վերահուղարկավորվել անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: Մթածմինդայի դեմդիմաց, բայց մի փոքր ցած` փողփողում է Վրաստանի խաչակիր դրոշը: Նախագահի նստավայրն է, որի գմբեթը մտածվել է Սպիտակ տան նմանությամբ: Թիֆլիսի բոլոր նորությունները նմանակություն են: Անկրկնելին հին Թիֆլիսն է` լորենիների փողոցը, ընդհանուր դարպասներով երկհարկ-եռահարկ տները` դրսից փայտե, երեւի, ճռճռան սանդուղքներով, եւ Հավլաբարի մի անկյունում` փողոցային շուկան: Պառավ կանայք սամիթ, նեխուր եւ կոտեմ են վաճառում, իսկ մի ծերունի` թղթե տոպրակներով արեւածաղիկ: Հավլաբարի շուկայում հայկական ծիրան էլ կա: Արկղերը դեմ են տվել ձմերուկի-սեխի կուտակին, որ, գուցե, Ղազախից է, գուցե` Բորչալուից...



Թիֆլիսը խառը քաղաք է: Ափամերձ ցուցանակը հուշում է, որ Հեյդար Ալիեւ փողոցում ենք: Այստեղ վերջերս նրա կիսանդրին կարմիր ներկով ապականել են, իսկ փողոցը կենտրոնական չէ, տանում է ինչ-որ տեղ` դեպի բազմահարկ շենքերի թաղանաս, որ, հաստատ, կառուցապատվել է խորհրդային վերջին տասնամյակներում: Երեւի մոտերքում գործարան է եղել, որ հիմա չի աշխատում, եւ մարդիկ այնտեղից կամ հեռացել են դեպի օտարություն, կամ իրենց թռչնաբնի մեծության պատշգամբներում ձանձրույթից հորանջում են, որովհետեւ նայելու մի առանձին բան չկա. նույն Քուռն է, նույն կամուրջները: Նույն սոսիներն են, ուղեցույց նույն սլաքները, որ Հեյդար Ալիեւի փողոցի վերջնամասում սլաքով բաժանում են Բաքվի եւ Երեւանի ուղղությունները: Թիֆլիսը նաեւ նրբանկատ է: Երբ տանտեր Բեսոյին հրաժեշտ տալիս ասացի, որ սքանչելի քաղաք ունեն, լայն ժպտաց. «Ձերն էլ պակաս չէ, Երեւանում ես եղել եմ»:



- Բայց ոչի՞նչ, որ ես ղարաբաղցի եմ:



- Ղարաբա՞ղ... Չեմ եղել։



Բեսոն վրացերեն ինչ-որ բան ասաց կնոջը, եւ նա կլոր դեմքին դեղին ժպիտ խաղացրեց: Թիֆլիսը կեսօրվա թմբիրի մեջ դեղնականաչավուն հայացքի քաղաք է, երբ վերեւից իջնում ես Ռուսթավելի պողոտա եւ կանգնում շատրվանների դիմաց: Ու գիտես, որ մի քանի րոպեից հեռանալու ես: Եվ քեզ հետ մնալու է Սայաթ-Նովայի շիրմաքարին հենված ակորդեոնի եւ քնատ երաժիշտի պատկերը: Եվ ժամերգության ձայները` Սբ. Գեւորգ եկեղեցու դատարկ սրահում: Եվ` որ հայկական դրամով Հայաստանյայց առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում մոմ չեն վաճառում: Թիֆլիսը վրացական քաղաք է, եթե անգամ Սբ. Գեւորգ եկեղեցու խորանի դեմ ես կանգնած...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ