Իսկ «ծռերն» ո՞ւմ օգնությանն էին դիմելու

Իսկ «ծռերն» ո՞ւմ օգնությանն էին դիմելու

«Ապստամբության» մեկամյակի առթիվ «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն է տարածել, որի առաջին նախադասությունը կարդալուց հետո կարելի է այլեւս չշարունակել. «Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը 1921թ.-ից ի վեր առաջին անգամ զինված ապստամբություն կատարեց թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ»: Արդեն քիչ են կասկածները, որ 1921թ.-ին ոչ թե ապստամբություն է տեղի ունեցել, այլ խռովություն, որի նպատակը մեկն էր` բանտից ազատել որոշակի անձանց, տիրանալ երկրում մնացած հարստությանը եւ հեռանալ արտասահման: 



Իրենց քայլը համեմատելով «Փրկության կոմիտեի» գրեթե մեկդարյա վաղեմության փորձի հետ, «ռազմաքաղաքական խմբավորումն» ակամայից խոստովանում է, թե իրականում ինչ նպատակ է ունեցել: Այդ մասին նրանք նույն օրն էլ հայտարարել են` ՊՊԾ գնդի տարածք բերել Ժիրայր Սեֆիլյանին, որպեսզի նա «բանակցի իշխանությունների հետ», իսկ «ռուսական գաղութատիրությունից ազատվելու» մասին խումբը հայտարարել է «ապստամբությունից» երկու շաբաթ հետո, երբ հասկացել է, որ ամեն ինչ ձախողված է, մնում է «փրկել պատիվը»:



Նույնը «Փրկության կոմիտեն» է արել` արդեն գտնվելով արտասահմանում, հնարել է «կեղեքված ժողովրդի ինքնաբուխ պոռթկման» առասպելը, որպեսզի արդարացնի հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ գործած վերջին թշնամությունը: Այլեւս անառարկելի փաստ է, որ «Փրկության կոմիտեն» ամենայն լրջությամբ քննարկել է քեմալական Թուրքիայից ռազմական օգնություն ստանալու հարցը: Հետաքրքիր է, եթե «ռազմաքաղաքական խումբը» որեւէ հաջողության հասներ եւ հայտնվեր «Փրկության կոմիտեի» դերում, ապա ո՞ւմ էր դիմելու օգնության խնդրանքով:



Մնացածը, ինչ որ նրանք գրել են որպես «ծրագիր», միայն բառակույտ է, որի ուշադիր ընթերցումը հուշում է, որ գործ ունենք եզակի խարդախամտության հետ: Այլ գնահատական հնարավոր չէ տալ, երբ փաստացի պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունը փորձ է արվում ներկայացնել որպես... բարեգործություն, ինչի համար սերունդները պիտի իրենց փառաբանեն: Նրանք ելնում են պատմական նմանությունից. եթե 100 տարի հետո, չնայած անառարկելի փաստերի գոյությանը, «Փրկության կոմիտեի» խռովությունը պատմության դասագրքերում ներկայացվում է որպես «փետրվարյան համաժողովրդական ապստամբություն», ապա իրենց երազանքներում «ծռերն» այնքան էլ անհույս չեն:



Բացառված չէ, որ տասնամյակներ հետո, կապված «իրավիճակի փոփոխության» հետ, նրանք նույնպես ռեաբիլիտացվեն եւ ներկայացվեն «թրքաբոլշեւիկյան համակարգի դեմ պայքարի քաջամարտիկի» կերպարով: 1921թ. խռովության հրահրողներից էր մենշեւիկյան Վրաստանը, որը փորձում էր այդ ձեւով շեղել բոլշեւիկյան ուժերի ուղղությունը, թույլ չտալ Վրաստանի խորհրդայնացումը: «Ռազմաքաղաքական խմբի» թիկունքում ո՞վ էր կանգնած: Եվ ինչո՞ւ «ապստամբության» անհրաժեշտություն եղավ ապրիլյան պատերազմից հետո, երբ արտաքին ազդեցության շատ հանգամանքներ պարզվում էին, եւ ավելի հանգիստ իրավիճակում հանրային դիսկուրսը բոլորովին այլ ուղղություն եւ ընթացք կունենար: Ո՞ւմ էր ձեռնտու, որ Հայաստանում ֆորս-մաժոր լինի...



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ