Երբևիցե չենք մերժել, որ այցելել ենք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ․ Գեւորգ Մկրտչյան

Երբևիցե չենք մերժել, որ այցելել ենք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ․ Գեւորգ Մկրտչյան

Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանն այսօր լրագրողների ներկայությամբ հրապարակեցին տեսանյութ իրենց գրասենյակի վրա ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման դեպքի վայրից:



Հիշեցնենք, որ ոստիկանությունում 2017 թվականի ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով: Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը և նրա երկու գործընկերներ Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:
Հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Արսեն Հարությունյանը նախ գալիս, ճշտում՝ ինչ է կատարվում, ստուգում, թե որն է Տիգրան Աթանեսյանի գրասենյակը, ապա վերադառնում 3 փաստաբանների՝ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի հետ եւ 1 րոպե 54 վայրկյան հետո հեռանում:



Տիգրան Աթանեսյանը նշում է, որ իր նկատմամբ քրեական գործը պետք է դադարեցվի, կհամաձայնի բարիշել նրանց հետ, եթե հրապարակային ներողություն խնդրեն, խոստովանեն, որ այս ամենը կազմակերպել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը եւ միասին հրաժարական տան։



Փաստաբան Գեւորգ Մկրտչյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով հրապարակված տեսանյութին, նշեց, որ տեսանյութում արտառոց կամ սենսացիոն, ինչպես խոստանում էին այսօրվա մամուլի ասուլիս հրավիրողները, ոչինչ չի տեսնում, դրանք բացակայում են նաև օբյեկտիվ իրականության մեջ․ «Երբևիցե չենք մերժել, որ այցելել ենք Տիգրան Աթանեսյանի գրասենյակ: Տեսանյութն ինձ առավելապես տպավորեց իր տեխնիկական կողմով՝ կադրերի դանդաղեցմամբ, անունների, պաշտոնների վերաբերյալ գրառումները՝ «իբրև» ձևակերպումներով: Եթե այդ նյութի պատվիրատուները ցանկանում եմ դրանով ցույց տալ, որ Արսեն Հարությունյանը կամ այլ ոք վնասվածքներ չեն ունեցել, ապա ես էլ ցանկանում եմ հույս հայտնել, որ այդպիսի պնդում կատարողներն իրենց պաշտպանյալների վերաբերյալ համապատասխան բժշկական եզրակացություն ստանալու համար փորձագետին չեն ուղարկում խաչմերուկներում տեղադրված իրավախախտման կապակցությամբ կատարված տեսանյութերը: Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ Տիգրան Աթանեսյանն իր անձնական ամբիցիաները բավարարելու համար հայտնվել է որոշ անձանց «կամակատարի» դերում, միչդեռ վերջինս մեզ է մեղադրում դրա մեջ։ Նկատենք, որ իր կողմից թույլ տրված հայհոյանքների պատճառով տեղի ունեցածն այլ հարթություն տեղափոխելու և դրանով այլ հարցեր լուծելու փորձ կատարելու միջոցով, իր վարքագծից շեղելը լավագույն միջոցը չէ հարցը լուծելու համար, սակայն երևի թե այդ կերպ վերջինիս մինչ օրս հաջողվել է խուսափել պատասխանել այդ հարցին, թեպետ դա իմ խնդիրը երբեք չի եղել, բայց այդ առիթով իմ անունը ևս դարձրել է շահարկման առարկա՝ կեղծ և մտացածին հայտարարություններով հանդես գալով»:



Գեւորգ Մկրտչյանը Տիգրան Աթանեսյանին հորդորեց զերծ մնալ իր անձի վերաբերյալ վիրավորական տեղեկություններ հրապարակելուց․ «Տիգրան Աթանեսյանին հորդորում եմ, որ իր «պլաններում» ինձ հատկացված «դերակատարությամբ» հորինված սցենարներում զերծ մնա անձիս վերաբերյալ զրպարտչական և վիրավորական տեղեկություններ հրապարակելուց»:



Փորձեցինք կապ հաստատել նաեւ փաստաբան Վրեժ Խաչիկյանի հետ, սակայն, վերջինս ասաց, որ մինչեւ գործով նախաքննության ավարտը միջադեպի վերաբերյալ հարցերով իրեն չանհանգստացնենք:



Աննա ՊԱՊԻԿՅԱՆ