Նախամարդն ու․․․Կոլան

Նախամարդն ու․․․Կոլան

Կար-չկար մի համակրելի նախամարդ կար… Ինքը «քարե դարդ»-ից կամ ինչ-որ մուլտֆիլմից չէր, այլ բավականին հնամենի ու պատկառելի պալեոլիթից: Էս նախամարդը տեղը-տեղին կատարում էր բոլոր ծեսերը, հարկ եղած բարձրությամբ թռչկոտում ձերդ մեծություն տոտեմի առջև, մշակելիք բերք ու բարիքի համար անձրև խնդրում: Տոտեմն էլ աչքը փափու՛կ, սիրտը՝ տաք… անձրև էր, որ տալիս էր, կարկուտ էր, որ վանում էր: Նախամարդն էլ ուտում-խմում ու ուզածին չափ վազվզում էր մամոնտների ետևից…



Մի օր էլ էս նախամարդը հավանաբար շատ գեղգեղուն ու քաղցրահույզ ձայնով երգեց… Ո՜վ հրաշք, հանկարծ տոտեմի առջև լույսի փունջ իջավ ու գունեղ, պաղպաջուն հեղուկով լի մի շիշ հայտնվեց: Մեր նախամարդը խնդաձայն աղաղակներով վրա ընկավ, հափշտակեց շիշն ու կլկլացրեց… Մեր մեջ ասած, հո՜ ըմպելիք չէ՛ր. պղպջակները որ զարնում էին քիմքին, հաճույքից ուշքը գնում էր, համն էլ անմահական՝ ջունգլիների մանգոն ու կոկոսը դրա համեմատ հե՜չ` անհամություն…



Դեռ շարունակությա՜նը մտիկ. Մեկ էլ… Էս նախամարդը ընկավ ու ոտները ձգեց… Օղորմի՜ անցավորաց:



Ա՛յ քեզ աստվածային ըմպելիք… Բա չեք ասիլ, պարզվում է՝ մեր տոտեմի աչքը մի քիչ չափազանց էր փափկել ու որոշել էր իրեն պաշտողին ապագայի՝ քսանմեկերորդ դարի ըմպելիք հրամցնել: Այո, այո՜, հենց այն նույն տարանուն, գունեղ փաթեթավորումով ու պարունակությամբ ըմպելիքից, որը մենք գործածում ենք գրեթե ամեն օր… Բա կասեք՝ էդ ո՞նց եղավ, որ մենք չենք մեռնում տեղնուտեղը: Գիտնականները սրա պատասխանն էլ ունեն. մարդկային օրգանիզմը հազարամյակների ընթացքում փոփոխվել, հարմարվել է նոր՝ արհեստածին, քիմիկատներով հարուստ սննդակարգին: Ավաղ, փաստ է նաև այն, որ այդ սնունդը թեև դանդաղ, բայց հետևողականորեն անում է իր սև գործը…
Ահա և լրջանալու պահը…



Համայն աշխարհի մարդկությունն այսօր կանգնած է վերահաս մարտահրավերի՝ սննդի քանակի կրճատման ահագնացող վտանգի առջև: Սնունդը կրել է նաև որակական լուրջ և անկասելի փոփոխություններ: Խեղճուկրակ, հոշ մոլորակն այլևս ի վիճակի չէ սնունդ մատակարարել տարեցտարի երկրաչափական պրոգրեսիայով աճող մարդկությանը: Երկրագործության համար պիտանի հողերը զգալիորեն որակազրկվել են: Կյանքի գերարագ ռիթմը, ռեսուրսների սղությունը նույնպես նպաստող գործոններ են:
Պատահում է՝ պատրաստվում եմ որևէ սնունդ դեն նետել, մայրս կշտամբալից խեթում է.



-Գիտե՞ս աշխարհում քանի երեխա է այս պահին սոված…



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով հանձնակատար Սթիվեն Օ” Բրայենն ահազանգում է, որ աշխարհում ավելի քան քսան միլիոն մարդու սպառնում է սովը…



Տեսե՞լ եք «Սովը Սուդանում» սահմռկեցուցիչ լուսանկարը, սովալլուկ աղջնակին հոշոտել պատրաստվող անգղի հայացքը… Պատվավոր մրցանակի արժանացած այդ լուսանկարի հեղինակը՝ Քևին Քարտերը, երկու ամիս անց ինքնասպան եղավ, քանզի աղջնակն արդեն անհետացել էր, մինչ ինքն աշխատում էր օբյեկտիվի հետ…



Վերջերս կարդացի. «Բնությունը մի սոսկալի շրջագունդ է, որի կենտրոնը ամեն տեղ է, իսկ շրջագիծը՝ ոչ մի տեղ»: Էկոլոգիական կաթվածի սպառնալիքն առավել քան իրական է: Հավանաբար նաև սա է դրդել գիտնականներին ելքեր փնտրել ու արհեստածին եղանակներով ստեղծել հիբրիդային, մուտացված, այսպես կոչված գենամոդիֆիկացված սննդամթերք: Գենետիկ խաչասերման ու զուգադրության միջոցով ստեղծվում են ավելի դիմացկուն ու բերքատու, վաղահաս տեսակներ: Լոլիկ ես կծում՝ ձկան համ ես առնում, վարունգից էլ ավելի շատ քիմիկատների հոտ ես առնում, քան բույսի…



Ու՞ր է հասցնելու մեզ պատուհասած սննդային այս ճգնաժամը: Մի՞թե մարդկությունը դատապարտված է դանդաղ ու անփառունակ մահվան: Անշուշտ, այստեղ վերջին մեղավորը չէ և ինքը՝ մարդը: Հենց անտրոպոգեն գործոնի «շնորհիվ» է խախտվել մարդու ու շրջակա միջավայրի հավասարակշիռ գոյակցումը: Իրեն անչափ խելացի երևակայող մարդը կտրում է անտառներ, անապատացնում է գետահուներն ու փորում երկիրը՝ մինչ առանցք՝ սոսկ ժամանակավոր շահույթ ձեռք գցելու: Հայտնի է, որ հինգ լիտր մաքուր ջուրն ավելի թանկ արժե, քան մեկ լիտր անմշակ նավթը: Մաքուր ջրի ստրատգիական պաշար համարվող Սեւանա լիճը միայն անունով է մաքուր: Իսկ ու՞ր են անհետանում շրջակա որոշ հանգստավայրերի կոյուղաջրերը: Դեռ տարիներ առաջ գիտնականները հաշվել էին, որ լիճ են թափվում մեծ քանակությամբ ազոտ ու ֆոսֆոր: Նույնիսկ էկոլոգիապես օրգանիկ սննդի համբավ ունեցող ձուկն այսօր քիմիական նյութեր է կլանում իր կյանքի ու սննդառության ընթացքում: Մինչդեռ իննսունականներին այդ նույն ձուկը պահեց մի ողջ ազգ: Լիճը պետք է ունենա ալեկոծման բարձր նիշ, որպեսզի ապահովվի նրա ինքնամաքրման մակարդակը:



Սևանա Լիճը՝ Հայաստանի գյուղատնտեսությունը սնող այդ զարկերակն այսօր ունի ջրի մշտադիտարկման-վերահսկման հստակ համակարգի կարիք: Մինչդեռ ողջ հանրապետությունում չկան նորագույն սարքերով զինված լաբորատորիաներ: Իսկ չէ՞ որ պատշաճ փորձաքննություն պետք է անցնի երկրի սահմանը հատած ամեն սննդատեսակ:



Դա ազգային անվտանգության խնդիր է: Ոչ թե բախտի բերմամբ թե պատահմամբ ինչ-որ մեկը շուկայում նկատի ադրբեջանական խնձորն ու տանի փորձաքննության: Իսկ դուք վստա՞հ եք, որ դա եզակի և այլևս բացառված դեպք էր: Իսկ թուրքական միրգն ու բանջարեղե՞նը, որ ամեն օր «աչք է շոյում» մեր խանութների ցուցափեղկերից: Դեռ մեկդի թողնենք այն հարցը, թե ինչպես և որքանով է դա վնասում հայրենական արտադրողին: Որքանո՞վ վստահ լինենք, որ թշնամի երկրի արտադրանքն անվտանգ է հայ հանրության համար: Փորձե՞լ եք խանութում պահանջել սույնը հավաստող փաստաթուղթ. ձեզ կնայեն՝ ինչպես այլմոլորոկայինի: Էսպես էլ ապրում ենք… Միայն թե ինչ-որ շատացել ու ջահելացել են սրտանոթային հիվանդությունները, շաքարախտը, այլազան անուններով՝ մեր նախնիներին անծանոթ հիվանդությունները: Հնում հսկա «քրեղաններով» խաշ ու կենդանական յուղի ճմուռ էին ուտում հաճախակի, բայց խոլեստերինի մասին չէին էլ լսել… Հիմա ձեթի կաթիլներն էլ հաշվում ես, էլի սանդղակի թույլատրելի սահմանը հատվում է:



Փորձե՞լ եք անձնական նախաձեռնությամբ որևէ մթերք տանել մասնագիտական փորձաքննության: Եթե երկար փնտրտուքից հետո գտնում եք նման լաբորատորիա, եթե համաձայնում են (վատամարդ չլինենք, փոքր երկիր է), ապա բավականին բարձր վարձավճար պահանջելուց հետո զիջողամտություն հայցող հայացքով տեղեկացնում են, որ իրենց սարքերը մի քիչ հին են՝ այս ու այն չափանիշները չեն որոշվելու, մնացածն էլ՝ էդպես, մոտավոր մի ամսից… Եւ եթե մի քիչ էլ եք համառ, ապա համացանցի օգնությամբ ճշտում եք, որ տվյալ փորձաքննությունն աշխարհում րոպեների խնդիր է…



Վերահսկվու՞մ է արդյոք գյուղատնտեսությունում գործածվող թունաքիմիկատների քանակը: Տանտիրուհիները կհիշեն, որ երկու տարի առաջ լոլիկից քլոր հիշեցնող հոտ ու համ էր գալիս: Հազար ջրով լվանալուց, պահածոյացնելուց հետո էր տարաների պարունակությունը թափեցինք: Իհարկե, լավ է, որ գյուղացուն օգնության կարգով պարկերով սիլիտրա և այլ թունաքիմիկատներ են տալիս: Բայց ո՞վ է ուղղորդում գյուղացու աշխատանքը. մասնագետ գյուղատնտե՞սը, բանիմաց անասնաբու՞յժը: Համաձայնեք, որ այդպիսիք հանրապետությունում քիչ են. հիմնականում գյուղացին ինքն իր հույսին է:Հայի չափն էլ չափազանցն է. ինչքան շատ ու շուտ՝ էնքան լավ ու թանկ: Օրգանական պարարտանյութերի (գոմաղբ, թռչնաղբ) կուտակումներն էլ մյուս կողմից են հակասանիտարական վիճակ ստեղծում: Ծանոթներիցս մեկը վերջերս ասաց. «Հողը գյուղացուն տալով՝ նրան սեփականատեր չենք դարձրել»: Հիշու՞մ եք Րաֆու «Կայծեր»-ի Կարոյին, որ Եվրոպայում ուսանելով՝ եկել ու գյուղացիներին պանիր մակարդել էր սովորեցնում: ՀԿ-ների կազմակերպած սեմինարները քիչ են գյուղացուն այդ առումով մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Մինչդեռ շարունակում են թրենդային՝ առաջին հորիզոնականներում մնալ իրավաբանությունն ու տնտեսագիտությունը, ՏՏ տեխնոլոգիաների հետ կապված մասնագիտությունները: Գյուղինստիտուտն անունն էլ փոխեց՝ ակադեմիա դարձավ, դպրոցներով էլ է շրջում ու ինքն իրեն գովազդում, բայց ուսանող չկա ու չկա… Եղածներն էլ դիպլոմը թևի տակ առնում, այլ գործի են անցնում: Գուցե դա վարկանիշային ու վարձատրվող աշխատա՞նք չէ: Չգիտեմ: Համենայն դեպս չպետք է այդպես լինի: ՏՏ տեխնոլոգիաները հարգի են ու կարևոր, բայց ախր էդ ծրագրավորողն ու իրավաբանը պիտի կարգին սնունդ ուտեն, որ խելքներն աշխատի:



Մի այլ խնդիր էլ «Դպրոցական սնունդ ծրագիրն է: Իհարկե, նախաձեռնությունը որպես այդպիսին լավն է, ուղղված է թերսնումը կրճատելուն և այլն: Բայց… հումանիտար օգնությու՞ն, ներկրյալ սնու՞նդ… Ինչու՞: Շարայի արտորայքի ցորյանն է պակասել, թե՞ հայի աշխատասիրությունը: Ի վերջո, գյուղատնտեսական հարուստ ավանդույթներ ունեցող երկիրը չպետք է նայի ուրիշի ձեռքին, որքան էլ այդ ձեռքը «բաց» թվա…



Իննսունականներին ասեկոսեներ տարածվեցին, որ մենք սպառում ենք մեր հարևան երկրներից մեկի ռազմավարական պաշարը, որը որոշակի տարիներ անց ենթակա է պարբերական թարմացման: Չգիտեմ սա որքանով էր հավաստի, սակայն կրակը մոտեցնելուն պես բոցավառվող թխվածքաբլիթներ շատերս տեսանք…
Սպառողների իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն: Մեր սպառողները չունեն պահանջատեր լինելու իրավագիտակցությունը, համարձակությունը, հաստատակամությունը: Մյուս կողմից էլ այդ իրավունքների պաշտպանության մեխանիզմներն են թերի: Փորձե՞լ եք որևէ հարցով դիմել նմանատիպ կազմակերպության… Այնքան հարցեր կտան ու արհեստածին քաշքշուկ կառաջացնեն, որ եռանդդ տեղում կկորչի: Եթե հավելենք նաև ՙգործ տվողի՚ պիտակը, ապա պատկերն ավելի հստակ կդառնա:



Գործարարներն էլ բիզնես աշխարհի բիրտ կանոնններով առաջնորդվելով՝ տարվում են գերշահույթի մոլուցքով ու բնավ շահագրգիռ չեն, որ սպառողների իրավունքները պաշտպանվեն:



…Ու շարունակում ենք ցուցափեղկերին ժամկետները ջնջած սննդատեսակներ հայտնաբերել, ապրանքային թարմության պակասը քողարկող փաթեթավորումներով շլանալ, ցանկալին իրականի տեղ ընդունել ու բավարարվել եղածով: Մինչդեռ եթե օրենսդրական դաշտը խստացվեր, և սննդի օբյեկտները նմանատիպ խախտումների դեպքում շոշոփելի տույժ ու տուգանք կրեին՝ այլևս չէին հանդգնի այս գործելակերպը շարունակել:



Առածը փաստում է, որ խեղդվողի փրկությունն իր իսկ ձեռքերի գործն է: Ուստի դեռ դպրոցից քաղաքացուն պետք է ներարկել այն գիտակցությունը, որ ինքն իրավասու է, ավելին՝ պարտավոր է իր պետությունից պահանջել պատշաճ որակի սնունդ:
Այսօր Երևանը հավակնում է դառնալ «մեգապոլիս», երկրի մշակութային ու տնտեսական սիրտ: Գյուղական համայնքների ու մայրաքաղաքի բնակչության թվաքանակի համեմատության դինամիկան ակնհայտ է դարձնում, որ գյուղական բնակչությունը հաստատուն կերպով հոսում է դեպի քաղաք՝ երկնաքերեր կառուցելու, սուպերմարկեթներում վաճառող ու հսկիչ, պահնորդ աշխատելու… Էլ չասեմ արտագաղթի մասին: Մինչդեռ ցանկացած երկրի տնտեսության ողնաշարը, հիմքը գյուղատնտեսությունն է, որի վրա խարսխվում է պետությունն իր բոլոր հարկաբաժիններով: Սա որ դարն է, որ գյուղացին «դառը դատի՝ դատարկ նստի», որ նրա ապրուստը լինի «հրեն, հա՛, երկնքից կախված»: Գիտության աննախադեպ զարգացման այս դարում ինչու՞ չպետք է լինեն անխափան աշխատող կարկտաբեր ամպերը ցրող սարքեր: Գյուղացին պետք է վստահ լինի, որ այսօր ինքը կյանք ու առողջություն է վատնում, վաղը փոքրիշատե ապահով կենցաղով է ապրելու՝ իր զավակը հագուստի ու գրքի կարոտ չի լինելու, ինքը ճարահատ՝ մայրուղի չի փակելու, չի խնդրելու, որ վարկի տոկոս սառեցնեն… Պետք է երաշխավորվի գյուղացու աշխատանքի դրական հաշվեկշիռը: Անշուշտ, ապահովագրությունը ելքերից մեկն է, բայց գյուղացին պետք է ունենա այդ եկամուտը, որ ձեռքը գնա ապահովագրական վճար տալուն:



Ժամանակ առ ժամանակ մոլեգնում են անասունների հիվանդությունները. Էլ բրուցելյոզ, ոլ խոզի ժանտախտ, էլ հավերի խոլերա… Բա 21–րդ դարում, երբ բժշկությունն ունի այդ հիվանդությունները կանխարգելելու հնարավորությունները, ինչու՞ կենդանիների ու մարդկանց շրջանում անվճար պատվաստումներ չեն իրականացվում: Չէ՞ որ որակյալ սնունդը մարդու, նրա սերնդի առողջության գրավականն է: Գիտե՞ք, որ հասարակ բրուցելյոզը հիվանդացումից տարիներ հետո էլ ախտահարում է օրգանիզմը: Ծանոթուհիս երկու տարի առաջ բրուցելյոզով էր վարակվել: Կարծես թե բուժվել էր, բայց երեխան ծնվեց… երկու ոտքից կաղ: Բժիշկն ասաց. «Մի՞թե Ձեզ չէին ասել, որ առնվազն երեք տարի չպետք է երեխա ունենաք…»։



Հարկավ, հազարամյակներ տևող բնական էվոլյուցիայի շնորհիվ մարդու օրգանիզմն ադապտացվում է: Այսօր շունչներս չենք փչում մեկ շիշ գազավորված ըմպելիքից: Ավելին, լիտրերով ենք կլլում, կլանում… Նկատե՞լ եք, թե մեր երկրի միջին ու չքավոր խավերի հիմնական սնունդը ո՜րն է : Հավի բուդն ու տխրահռչակ կոլաները: (Երբևէ պատկերացրե՞լ եք այդ բդերի տեր հավերին: Նման չե՞ն ֆանտաստիկ ֆիլմերի մուտանտների: Հսկա հավը եփելուց հետո կաթսայում հայտնաբերում ես… մի նվազ ճուտ:) Իսկ եթե նկատի առնենք, որ մեր երկրի բնակչության գերակշիռ մասն այդ խավերն են, ուրեմն… Այսօր մի մատ երեխաները խանութներում ոտները գետնին խփում ու պահանջում են չիպսեր, գազավորված ըմպելիք, զարմանահամ կոնֆետներ: Աստված գիտե, թե ե՜րբ և ինչի՜ կհանգեցնի մեր հասարակության այսօրինակ քիմիականացումը…



Առաջին հայացքից կարող է հակասական թվալ, բայց հիվանդագին ճարպակալման պատճառների մեկը հենց թերսնումն է: Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող տասնհինգ սննդամթերքներից ամենասպառվողները ածխաջրերով հարուստ հացն ու կարտոֆիլն են: Դա վկայում է հասարակության՝ ոչ գնողունակ լինելու մասին: Շուկաների ու խանութների ցուցափեղկերը զարդարող պարենամթերքի առատությունը փաստորեն բարեկեցության պատրանք է:



Երբ բողոքում էի հացի որակից, տատս ասում էր. «Հացին վատ չե՜ն ասի»: Բայց ինչի՞ նման է մեր հացը հանապազորդ: Սպունգի պես թեթև, սպունգի պես առաձգական ու անհամ: Պարզ է, խմորման գործընթացը կարճելու համար հացը լցոնում են քիմիկատներով: Ի դեպ, խտացված խմորիչը նույնպես ներկրվում է: Այլընտրանքային՝ «խմելային» գործընթացը ծախսատար է ու ժամանակատար: Մենք՝ հայերս, «քարից հաց քամող», հացի ուժով ապրող ու արարող ժողովուրդ ենք: Փաստորեն հացի ստեղծման վերջին՝ թխման փուլում այն վերածվում է քիմիական տարրերի շտեմարանի: Առանձին թեմա է մսամթերքի՝ երշիկեղենի քիմիական «հարստացումը»: Հայտնի է, որ այդ գունային ու համային հավելումներն առաջացնում են կախվածություն: Իսկ անհայտ ազդեցությունները դեռ կբացահայտվեն…



Այսօրվա սնունդը հնարավորինս խճողված է պեստիցիդներով, նիտրատներով ու հորմոններով, որոնք մարդու օրգանիզմում հայտնվելով՝ նորից ու նոր մուտացվում են, քաղցկեղածին միացությունների վերածվում: Մրգերն այնպիսի պլպլան ու պարաֆինացված տեսք ունեն, որ որդերն անգամ չեն հանդգնում համտեսել… Դրանք որպես գեղեցիկ ու գայթակղիչ սպառնալիք շարունակում են խանութներում սպասել մարդուն…



Հապա այսպես կոչված «բնական» հյութերը… Դրանց բաղադրության դիտարկումը պարզում է, որ հումքի միայն մի աննշան մասն է միայն բնական, մյուսները «փոխարինիչներ» են: Ավելի անպիտան՝ թափոնային հումքից են պատրաստվում «նեկտարները»: մինչդեռ մենք հիվանդին տեսության գնալիս այդ ըմպելիքներից ենք տանում ու տրանսճարպերով հարուստ խմորեղեն: Շոկոլադ ես գնում՝ կակաոյի փոխարինիչ, վանիլ՝ վանիլի փոխարինիչ, պաղպաղակ՝ կայունացուցիչ, կաթնամթերք՝ հակաբիոտիկ… Բազմապիսի E-երով թվագրված ինչ-որ նյութեր ու էմուլգատորներ, որոնցից նույնիսկ մասնագետը գլուխ չի հանի , էլ ուր մնաց հասարակ սպառողը: Առօրյայի խելահեղ տեմպի պայմաններում ո՜վ ժամանակ ու տրամադրություն ունի դիտարկելու պիտակների մանր-մունր, անհստակ անվանումները: Հո խոշորացույցով ու «Ժամանակակից քիմիկոս» հանրագիտարանով զինվա՞ծ չենք խանութ գնալու: Մեր փոխարեն դա պիտի անի պետությունը: Իր հարկատուների կյանքի որակն ու պարենային անվտանգությունը պաշտպանելն ու վերահսկելը նրա անմիջական պարտականությունն է: Ավելին, դա բխում է նրա իսկ շահերից. քանզի ո՞վ պիտի սահմանին կանգնի, գյուտ անի, գիրք գրի, եթե ոչ ֆիզիկապես ու հոգեպես առողջ քաղաքացին: Այո՜, մենք կառուցված ենք նրանից, ինչ ուտում ենք, ուստի պարենի պատշաճ որակի ու քանակի ապահովումը կարևոր ռազմավարական խնդիր է ցանկացած պետության համար: Այսօր այդ խնդիրը ծառացած է ո՜ղջ քաղաքակիրթ մարդկության առջև: Հանրությունը համագործակային ու հետևողական ջանքեր պետք է գործադրի այդ մարտահրավերը չեղարկելու համար:



Հակառակ դեպքում վտանգվելու է ամենքիս ու ամե՜ն մեկիս կյանքը: Մինչդեռ ապրում ենք կղզիացած ռոբինզոնների պես՝ հաճախ միայն սեփական անձի բարեկեցության մասին հոգալով: Մտածելակերպ է փոխվել, աշխարհայացք է փոխվել, ապագայի տեսլականն է աղոտել… Մի՞թե մեզ սպառնում է բնապահպանական կաթվածը…



Երկրագործությունն ուղիղ ճանապարհ համարող Միքայել Նալբանդյանը գրում է. «Այսքան տարիներ գնում է ազգը այս ճանապարհը և այս վերջին օրերում, խուռն հորձանքով, բայց այս վաճառականների ընդհանրությունը-միջին թիվը, հազիվհազ ապրում է, և աղքատությունը օրեօր տարածում է յուր սև վարագույրը ազգի վերա: Զարհուրելի է մեզ երևակայել միլիոնավոր մարդիկ: Հարյուրյանց կյանքը: Նոքա գալիս են և գնում են, «ՈՐՊԵՍ ՀՈՂՄ ՈՐ ՇՆՉԵՙ ՈՐ ՈՉ ԳԻՏԵ ՈՒՍՏԻ ԳԱՅ ԿԱՄ ՅՈ ՅԵՐԹԱՅ»: Չէ, այս անբնական մի գործ է, և ազգի կաթվածահարության աղբյուրը բխում է այստեղից: Մինչև ազգը չկոտրե այս ուղղությունը, միչև որ չկատարե մի տնտեսական հեղափոխություն յուր մինչև այսօր բռնած ընթացքի մեջ, և մինչև չդիմե դեպի բնության գոգը, հառաջադիմությունը աներևակայելի է…»։



Այս խոսքերը հիմա էլ զարմանալիորեն արդիական են:



Խորենացին վկայել է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չմնաց՝ ոչ լեռնային և ոչ դաշտային, այնքան էր շենացել երկիրը»: Արտաշես առաջինն իրականացրել է աշխարհում առաջին հողային ռեֆորմը: Արտաշիսյան սահմանաքարերի արամեերեն արձանագրություններն արգելում էին խլել թույլերի հողերը: Այսինքն՝ երկրի շենացման գրավականն այն է, որ մշակվի հողը:



Պետությունը պետք է ունենա գյուղատնտեսությունը կառավարելու լծակներ: Դա կլուծի մի շարք սոցիալական ու հոգեբանական խնդիրներ, քանզի Սկիզբը կայանում է հոգևորով ու հոգևորի տիրույթում: «Փարոսի» հույսով ապրել չի լինի: Գյուղացին պետք է նաև հոգեբանորեն կապվի իր հողին, իր ճակատագրի ու երկրի պահողը, տերը լինի:



…Տարերային սեփականաշնորհման արդյունքում մասնատվեց երկրի գյուղատնտեսական ներուժը. հողը, անասուններն ու տեխնիկան ունեցան տարբեր տերեր: Սևանի հողը բաժանվեց կես-կես հեկտարանոց տասնութ հազար կտորների: Հնարավոր չեղավ այդ հողակտորների վրա գիտականորեն ու տնտեսագիտորեն հիմնավորված աշխատանքներ ծավալել: Անասունները բաշխվեցին ոչ հավասարաչափ: Անասնատերը չուներ այն անհրաժեշտ հողը, որի վրա աճող խոտով կկերակրեր անասուններին: Կատարվեց մորթ:



Մենք փոխարեն անարատ կաթի՝ սնվեցինք ամերիկյան կաթի փոշով: Մեր Գագարին համայնքն այսօր չունի գյուղի կարգավիճակ և հող: Մարդիկ իրենց անասունները պահում են գնված կերի հաշվին, նախիրն արածացնում հարևան գյուղերի դաշտերում, ինչը նաև վեճերի տեղիք է տալիս…



Եթե գյուղացին ցանում է ու արդյունք չի ստանում, ապա հողը կթողնի անմշակ: Մինչև գյուղացին չաշխատի առնվազն 30-40% շահույթով, չի զբաղվի գյուղատնտեսությամբ: Ներկայումս գյուղատնտեսության համախառն արտադրանքը չի բավարարում երկրի ներքին պահանջարկին: Եղած բերքն էլ երբեմն լիարժեք չի իրացվում: Հարկավ, կա նաև այն մտայնությունը, իբր պետությունը պարտավոր է, պե՜տք է հոգա այս ու այն կարիքները: Նստենք ու սպասենք: Դա խորհրդային մտածելակերպի արգասիք է: Ժամանակակից աշխարհում տնտեսվարող ֆերմերը պետք է հույսն առաջին հերթին իր վրա դնի:



Ծանոթներիցս մեկը սրտնեղեց.ՙԳյուղացուն գյուղում դարձրին քաղաքացի»: Ո՜վ գիտե, ինչ հետևանքներ կունենա համայնքների խոշորացումը… Առանց այն էլ շատ են լքված գյուղերը…



Գյուղատնտեսությունը ծերանում է, իրավ: Տղամարդիկ «խոպանում՚ են, անաշխատանք կանայք՝ գյուղում: Իսկ չէ՞ որ մեր երկրի գյուղական բնակչության 54 %-ը կանայք են: Գյուղական կոոպերատիվների ստեղծումը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը. դրանով իսկ՝ արտագաղթի նվազմանը: Հողն իր բնակիչներով է երկիր դառնում:
Հարկ է գյուղատնտեսական ոլորտը հռչակել պետության զարգացման առաջնահերթություն: Մշակել աշխատունակ օրենսդրական դաշտ և վերահսկող հստակ ու թափանցիկ համակարգ՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերը: Կիրառել արտոնյալ հարկային քաղաքականություն՝ ըստ հողի բերքատվության ցուցիչի և բնամթերքով: Ընձեռնել գյուղացիական կոոպերատիվներ և ֆերմերային տնտեսություններ ստեղծելու իրավասություն (ըստ գյուղացիների նախընտրության): Հատկացնել երկարաժամկետ վարկեր: Ընդ որում, սահմանել վարկի ՏՓՏ-ի վերին թույլատրելի շեմ և ապահովել ընդհանրական թերթիկում ներառված տեղեկատվության՝ նախապես հասանելի ու ամբողջական լինելը: Աշխատանքի բոլոր փուլերում ապահովել մասնագիտական որակյալ աջակցություն՝ սկսած սերմացուի ընտրությունից, ձեռք բերումից մինչև բնամթերքի սպառում: Այս նպատակով խրախուսել Գյուղակադեմիայի ուսանողներին՝ անվճար ուսուցման դիմաց մի քանի տարով գործուղել գյուղական համայնքներ: Ի դեպ, ըստ մասնագետի՝ ներկայիս հակակարկտային համակարգն իրեն չի արդարացնում, ուստի պետք է անցնել այլընտրանքային՝ ցանցային տարբերակին: Հնարավորինս մեքենայացնել աշխատանքը: Սարքերը տրամադրել զեղչով կամ բնամթերքի դիմաց: Արհեստական ջրամբարների և ոռոգման ցանցի արդիականացում, կաթիլային ոռոգում: Ռիսկերի գնահատում և կանխարգելում: Առաջին երկու տարիների բերքն ապահովագրել պետության հաշվին: Հետագայում տեսնելով արդյունքը՝ գյուղացին էլ կձգտի դրան:



Սպառման օղակի անխափան ու հուսալի աշխատանք: Կարելի է նաև օրգանիկ սննդի հատուկ՝ արտոնյալ պայմաններով աշխատող խանութներ բացել՝ այսպիսով խրախուսելով էկոլոգիապես մաքուր արտադրանքը:



Բնականաբար, սա կպահանջի ֆինանսական ներդրումներ, բայց սա երկրի զարգացման առաջնային ռազմավաևական խնդիրներից է, քանզի պարենային անվտանգությունը և անկախ սննդարդյունաբերության առկայությունը ազատություն, ինքնուրույնություն կտա պետությանը շատ առումներով: Ուստի կարելի է հատկացնել բյուջետային առավել շոշափելի միջոցներ, ներգրավել միջազգային երկարաժամկետ ու արտոնյալ վարկատեսակներ:



Բնակլիմայական պայմաններն ամբողջ աշխարհում են վատթարանում. հողերի աղակալում, գլոբալ տաքացում, քաղրահամ ջրի պաշարների էական կրճատում: Ինչը տագնապ է ու ահազանգ՝ սթափվելու ու նոր մոտեցումներ որդեգրելու: Հողի ոգիները չեն նիրհում. նրանք որպես տաք շոգի սպասում են… Սպասում են գյուղացու ազնիվ ու արարող ձեռքերին…



Հայկյան սևորակ, տխրաթույր հողն այսօր կարոտ ունի: Հորովելի ու հերկվորի կարոտ: Հուզված սրտի պես ուռճացող տաքկող հունդի կարոտ ու հավատամք… Արևի օրհնությամբ ու մարդու տքնանքով հասունացող բար ու բերքի կարոտ…



Ներիր մեզ, Հող…

Նելլի Բրագինա
ԳՊՀ ուսանողուհի