Վտանգավո՞ր, թե՞ անվտանգ. կարուսելների փորձագիտական «քննությունները». հարցազրույց

Վտանգավո՞ր, թե՞ անվտանգ. կարուսելների փորձագիտական «քննությունները». հարցազրույց

Ժամանակ առ ժամանակ մանկական զվարճանքի վայրերում խափանված կարուսելները «խափանում են» նաև ծնողների անդորրը: Դեռ երկու շաբաթ առաջ «Լունապարկի» մանկական զբոսայգում գրանցվել էր հերթական դեպքերից մեկը, որի ժամանակ երեխաները տարբեր վնասվածքներ են ստացել, երեխաներից մեկին նույնիսկ պետք է վիրահատեին: Կարուսելների անվտանգության և այլ թեմաներով զրուցել ենք ԱԻՆ Տեխնիկական անվատնգության ազգային կենտրոնի տնօրեն Վոլոդյա Հովսեփյանի հետ, ում տեղեկացմամբ՝ Հայաստանում ընդհանուր կան գրանցված 126 կարուսելներ, որոնցից 45-ը գտնվում են մարզերում, 81-ը՝ մայրաքաղաքում: Այս տարի արդեն 93 կարուսել անցել են փորձաքննությունը, մնացածը՝ ընթացքի մեջ են:



-Պարոն Հովսեփյան, այն կարուսելները, որոնք բացասական եզրակացություն են ստանում, շահագործումից դո՞ւրս են գալիս:



-Կարուսելը, որը ստանում է բացասական եզրակացություն, կարգադրագիր է իջեցվում, դադարեցվում է նրա շահագործումը մինչև այն պահը, երբ այդ թերությունները, որի համար ստացել է բացասական եզրակացություն, վերացնում են: Դիմում են կրկնակի փորձաքննության, նոր ստանում է դրական եզրակացություն: Ասեմ, որ մինչև եզրակացություն կազմելը, կազմվում է միջոցառումների ծրագիր՝ թերությունների վերացման, և եթե այն օբյեկտի թերությունները, որը վթարի ռիսկ չի պարունակում իր մեջ անհապաղ, ուղղակի դա թերություն է, որը կարելի է ընթացիկ վերանորոգումներով կարգավորել, կազմվում է միջոցառումների ծրագիր փորձագետի և շահագործողի հետ համատեղ, ժամանակացույց է նշվում, թերություն է նշվում, կանոնակարգերի հղումներն են նշվում, և այդ այդ թերությունները վերացնելուց հետո իրենք դիմում են մեզ, որ թերությունները վերացել են, հետո նոր ստանում են դրական եզրակացություն: Իսկ եթե չեն վերացրել, ստանում են բացասական եզրակացություն:



-Պարոն Հովսեփյան, իսկ կարուսելներն ունե՞ն պիտանելիության ժամկետներ, թե քանի տարի կարելի է այն շահագործել:



-Շահագործման ժամկետն իր աշխատանքային ժամկետն է, այսինքն՝ եթե տվյալ գործարարն արտադրել է կարուսել և անձնագրում գրվել է, որ այն 25 տարի շահագործման ժամկետ ունի, այդ 25 տարին ոչ թե վերաբերում է մեր առօրյա 25 տարվան, այլ՝ 25 տարի անընդմեջ կոնկրետ շահագործմանը, այսինքն եթե այն օրվա մեջ շահագործվում է 3 ժամ, հանում ենք 25 տարուց: Շահագործման ժամկետը դա է:



-Երբ ծնողը երեխային տանում է կարուսել, ինչպե՞ս հասկանա՝ այդ կարուսելը անվտա՞նգ է, թե՞ ոչ:



-Բոլոր կարուսելների մոտ, որոնք անցնում են փորձաքննություն, ստանում են դրական եզրակացություներ: Այդ եզրակացությունը փակցվում է այնտեղ, որտեղից գնում են ժետոնները, տոմսերը, այդ կրպակի վրա փակցնում են եզրակացությունները:



-Պարոն Հովսեփյան, արդյոք ձե՞ր վերահսկողության տակ են գտնվում շենքերի բակերում գտնվող կարուսելները:



-Ընդհանրապես մենք վերահսկողություն չենք իրականացնում, մենք մատուցում ենք ծառայություններ տեխնիկական անվտանգության բնագավառում: Ինչ վերաբերում է շենքերի բակերի այդ խաղահրապարակներին, դրանք կարուսելներ չեն համարվում, դրանք ուղղակի խաղահրապարակներ են, որոնց վերահսկողությունը պատկանում է տեղադրողներին և շահագործողներին: Այսինքն՝ համատիրությունն է, քաղաքապետարանն է, համայանքապետարանն է, եթե նրանք տեղադրում են ինչ-որ մի բակում նմանատիպ սարքեր, այդ անվտանգության ապահովումն իրենց իսկ վրա է: Կա կարուսելների անվտանգ շահագործման կանոնակարգ, կառավարության որոշում, թե որ օբյեկտներն են համարվում կարուսել և որոնք են համարվում զվարճահարմարանք: Ձեր նշած սարքավորումները զվարճահարմարանքներ են և ընդհանրապես մենք գործառույթներ չենք իրականացնում այնտեղ:



-Իսկ կարուսելների փորձաքննությունը թա՞նկ է:



- Թանկ չէ, քանի որ խոսքը վերաբերում է անվտանգությանը: Միջազգային փորձն այնպիսին է, որ անվտանգության համար ծախսում են ամենամեծ գումարները հարկերից և ամեն ինչից վեր դա անվտանգության ապահովում է: իսկ ՀՀ-ում այսօրվա դրությամբ մենք, հասկանալով մեր տնտեսական վիճակը, փորձում ենք ավելի մատչելի ծառայություններ մատուցենք, օրինակ՝ համատիրությունների մեկ վերելակի փորձաքննությունը տարեկան արժի 2 հազար 950 դրամ, կարուսելինը՝ միջինը 30-33 հազար դրամ է: Կան կարուսելներ 10-12 հազար, մինչև ամենաթանկ կարուսելը՝ 70-80 հազար դրամ է:



- Եվ վերջին հարցը, պարոն Հովսեփյան, կա՞ն կարուսելներ շահագործողներ, որոնք չեն դիմում ձեզ և ամենամյա փորձաքննություն չեն անցնում: Եվ արդյոք բոլո՞ր կարուսելներն են գրանցված Ռեեստրում:



-Որքանով ես տեղյակ եմ, չկան այդպիսի կարուսելներ, որոնք գրանցված չեն Ռեեստրում, բայց դա քանի որ այդ հաշվառումն իրականացնում է հավատարմագրման գործակալությունը, իրենք պետք է պատասխանեն: Իհարկե կարող են լինել դեպքեր, երբ չդիմեն մեզ փորձաքննության համար, դիմողն իրենք են: Եթե չեն դիմում, իրենց հանդեպ իրականացվում է վարչական վարույթ, կարգադրագիր, կասեցում և այլն: 2006 թվականից, երբ ընդունվեց տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքը, 2006 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ պետք է բոլոր վտանգավոր օբյեկտները գրանցվեին Ռեեստրում՝ արտադրական վտանգավոր օբյեկտների, և տարեկան մեկ անգամ անցնեն փորձաքննություն:



Սիրան Հունանյան