«Սասնա ծռերի» էվոլյուցիան

«Սասնա ծռերի» էվոլյուցիան

Ինձ երբեւէ հանդիպած համեստ, հանգիստ, կիրթ անձանցից է Վարդան Գերավետյանը, ով տարիներ շարունակ պայքարում էր Տերյան եւ Լալայանց փողոցներում գտնվող շենքերի քանդման դեմ, որտեղի բնակիչ է նա։ Գերավետյանը համբերատար հարցումներ էր ուղարկում քաղաքապետարան, ասուլիսներ կազմակերպում, հետաքննություններ անցկացնում՝ բանեցնելով պայքարի բոլոր օրինական մեթոդները, սակայն հաղթելու շանսերը ռեալ չէին։ Երբ անցյալ տարի նրան նկատեցինք «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ, հասկացանք, որ արդեն գիտակցել է իր անզորությունը։ «Սասնա ծռերի» անցյալն ինքնին հայաստանյան իրականության մեջ ռեալ չէր, ռոմանտիկ ծրագրեր՝ բրուտալ իրականության ֆոնին։ Ներկայացնում ենք «Սասնա ծռերի» էվոլյուցիան։



Նրանց «տոհմածառը»



Եթե փորփրենք «տոհմածառը», ապա «Սասնա ծռերի» նախահայրը Նախախորհրդարանն էր, որի հիմքը դրվել է դեռեւս 2012 թվականին։ Դեռ իրենց «դեկլարացիայի» մեջ Նախախորհրդարանն ահազանգում էր հայոց պետականության գոյությանն սպառնացող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական եւ կառավարման համակարգային ճգնաժամի մասին։ Այնուհետեւ հասկացան, որ Նախախորհրդարանը չի բավարարում իրենց ապագա ծրագրերի իրականացմանը, եւ այն ձեւափոխելով՝ դարձրին Հիմնադիր խորհրդարան, որը պետք է գործեր Ազգային ժողովին զուգահեռ, մինչեւ ձեռք կբերեին իրական իշխանություն։ Նույնիսկ Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ առաջադրվեցին, ընտրական չափանիշներ սահմանվեցին՝ 27 տարին լրացած լինելու հանգամանքը, հայերենի իմացությունը, ազգությամբ հայ լինելու հանգամանքը եւ այլն։ Իրենց խոսքով՝ ապագա պետական կառավարիչների կադրային ռեսուրս էին ստեղծում։ Ի դեպ, Հիմնադիր խորհրդարանի պաշտոնական կայքէջում դեռ կարելի է տեսնել պատգամավորների ցանկը:



Հետո, մի գեղեցիկ օր, Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ՀԽ-ի նրանց գրասենյակում հանդիպեցինք «Ռեժիմին մնաց 41 շաբաթ» գրությունը։ Այդ ժամանակ դեռ սակավաթիվ անդամներն իրազեկման երթեր էին կազմակերպում, շենքերի մուտքերում թռուցիկներ բաժանում: Իհարկե, չմոռանանք նշել, որ այդ ամբողջ ընթացքում ազատամարտիկ, նախկին ՀՅԴ-ական Ժիրայր Սեֆիլյանն էր հանդիսանում շարժիչ ուժը։ Նա Նախախորհրդարանի, ապա Հիմնադիր խորհրդարանի չհայտարարված նախագահն էր, գաղափարական հայրը, շարժիչ ուժը:



Իրենց ոչ այդքան հայտնի գոյությունն այդպես էլ կշարունակեին, եթե 2014-ին չհայտարարեին, որ պատրաստվում են 2015 թվականի ապրիլի 24-ին հեռացնել ռեժիմը։ «Ռեժիմին մնաց... օր» հետհաշվարկն սկսվել էր։ Նախաձեռնությունը, որն ստացավ «100-ամյակն առանց ռեժիմի» անվանումը, քաղաքացիական անհնազանդության ճանապարհով պետք է իշխանափոխությանն ուղղված միջոցառումներ իրականացներ։ Բայց այդ առումով բազում քննարկումների առիթ տվեց, թե բարոյակա՞ն է արդյոք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին խռովություններ անելը, ինչին ահա թե ինչպես էր հակադարձում Ժիրայր Սեֆիլյանը. «2015 թ. ապրիլի 24-ն այլեւս սգալու օր չէ, այլ պահանջելու եւ նոր պետություն կերտելու օր է: Ապրիլի 24-ին մենք մեր ժողովրդին հրավիրում ենք փողոց եւ քաղաքացիական անհնազանդության տարաբնույթ միջոցների կիրառմամբ հեռացնելու ենք ռեժիմին: Մենք համոզված ենք, որ կռիվն ավարտված չէ, ու եթե 25 տարի առաջ մեր առջեւ խնդիր էր դրված ազատագրել Ստեփանակերտն ու Արցախը, ապա այսօր նոր սերնդի հետ միասին մենք խնդիր ենք դրել ազատագրել Երեւանն ու Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ»:



Ռեժիմի հեռացման համար Հիմնադիր խորհրդարանի սահմանած վերջնաժամկետը մոտենում էր ավարտին, նրանք պարբերաբար ավտոերթեր ու ակցիաներ էին անում, որի կուլմինացիան Արցախ մեկնելիս արցախցիների կողմից Բերձորում ծեծի ենթարկվելն էր։ Հետո նրանց բնակարաններում խուզարկություններ կատարվեցին, ձերբակալություններ եղան, սակայն «ռեժիմն» այդպես էլ չհեռացավ։ Զավեշտալի էր, որ երբ ապրիլի 7-ին ձերբակալվեցին Ժիրայր Սեֆիլյանն ու նրա մի շարք գաղափարակիցներ, Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, թե Սեֆիլյանի ու ՀԽ անդամների տներում մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարբեր առարկաներ են հայտնաբերվել, այն է՝ «Ֆ1» տեսակի մարտական նռնակ, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության եւ ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա եւ փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք եւ նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ։ Ահա այն իրերը, որոնցով ՀԽ-ն պատրաստվում էր հեղափոխություն իրականացնել: Սակայն այդ քրգործը մոռացվեց:



Սեֆիլյանի թիմի չստացված «հեղափոխությունների» շարքում էր նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Այդ պլատֆորմին միացել էին «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, «Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը, ինչպես նաեւ անհատներ։ ՆՀՓՃ-ի հիմնական նպատակը 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի տապալումն էր, թեպետ ի սկզբանե զարմանալի էր, որ ՀԽ-ն միացել էր նման նախաձեռնության, գաղափարական առումով այն մեծ հակասության մեջ էր «Ժառանգության» հետ։ Ազատության հրապարակում բազմաթիվ ասուլիսներ, հանրահավաքներ տեղի ունեցան, երթեր, սակայն այս անգամ եւս իշխանությունները հաղթանակ տարան՝ Սահմանադրությունը փոխվեց։ Ճակատը կարճ ժամանակ անց այլեւս չէր գործում, ՀԽ-ն շարունակում էր ակտիվ գործունեությունը, նույնիսկ այդ իրադարձություններից ի վեր Ազատության հրապարակից չէին հեռանում, պահանջում էին արտահերթ ընտրություններ, ճակատի ներկայացուցիչները հայտարարել էին, որ եթե մարտի 1-ին անհրաժեշտ մոբիլիզացիա տեղի ունենա, իրենք կտրուկ գործողությունների կդիմեն: Ի դեպ, մի օր պարոն Սեֆիլյանից հետաքրքրվել էինք, թե մինչեւ երբ են գրավված պահելու հրապարակը, եւ նա պատասխանել էր, թե մի օր մեզ անակնկալի է բերելու։ Այդպես էլ եղավ: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այդ իրադարձությունների «գլխավոր հերոսներից» էր, սկսեց ամենամյա ուղեւորությունները դեպի ՄիացյալՆահանգներ՝ աչքաթող անելով ճակատը:



Մոտենանք 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին․ բոլորս ենք հիշում, որ Սեֆիլյանը պատերազմից հետո հայտարարեց 800 հա հող կորցնելու մասին, նույնիսկ իր Շուշիի առանձնակի գումարտակի ընկերների հետ որոշել էին կամավորների խումբ հավաքագրել, որպեսզի փրկեն մեզ «խայտառակությունից»՝ հետ բերելով հողերը: Սակայն կարճ ժամանակ անց, մինչ այսօր էլ անհասկանալի ինչ-որ ավտովթարի պատճառով հայտնաբերեցին, որ Սեֆիլյանը որոշել էր շենքեր գրավել: Եվ սկսվեց…



Հիմնադիր խորհրդարանն այսօր դեֆակտո գոյություն չունի, նրանց պաստառները դեռ շարունակում են մնալ իրենց գրասենյակի վրա, սակայն կառույցը դատարկ է։ Փոխարենը ՀԽ-ից «ծնված» «Սասնա ծռերի» դատերը մարդաշատ են։ Գաղափարակիցների առումով էլ պակաս չկա, աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչները նույնպես սատարում են նրանց։



Ցույց Ստրասբուրգում՝ «Սասնա ծռերի» համար



Հուլիսի 17-ին, Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտեն եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը հանրահավաք է իրականացրել Ստրասբուրգում, Եվրոպայի խորհրդի նստավայրի դիմաց։ Նրանք պահանջել են դատապարտել Հայաստանում քաղբանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը։ Այս թեմայով մենք զրուցել ենք «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության խոսնակ Շանթ Ոսկերիչյանի հետ։ Հայաստանի քաղբանտարկյալների զորակցության կոմիտեն եւ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անդամները Ստրասբուրգում նաեւ հանդիպում են ունեցել Եվրախորհրդի ներկայացուցիչներից Անատոլի Եգոշկինի հետ, ում փոխանցել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դատավարության խնդիրների մասին։ Սակայն մինչ հանդիպումը, կազմակերպությունների անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Եվրոպայի խորհրդի դիմաց։ Նրանք, գետնին դնելով արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, «Սասնա ծռերի» գործով դատավորների, «ծռերին» ծեծի ենթարկած ոստիկանների նկարները, տրորելով քայլել են դրանց վրա, ապա այրել։ Հիշեցնենք նաեւ, որ «Հայկական վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության խոսնակ Շանթ Ոսկերիչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ մի թղթածրար են հանձնելու ԵԽ ներկայացուցչին, որտեղ հանգամանորեն գրանցված են այն բոլոր անիրավությունները, որոնք կատարվել են «Սասնա ծռերի» նկատմամբ․«Թե քաղբանտարկյալների եւ թե իրենց պաշտպանների նկատմամբ թե դատաիրավական եւ թե ոստիկանական համակարգի կողմից։ Պիտի պահանջենք իրենից, Եվրախորհրդի կողմից վերոհիշյալ անիրավության խստիվ դատապարտումը՝ ուղղված Հայաստանի ապօրինի իշխանությունների եւ առաջիկա անիրավության կանխարգելման մեխանիզմներն ստեղծելու անհրաժեշտությանը։ Եվ նաեւ իրենից պիտի պահանջենք Հայաստանի այս բռնապետական ռեժիմին կասեցնել բոլոր տեսակի ֆինանսական օգնությունները, ի մասնավորի բռնապետության հիմքը եւ պաշտպանը հանդիսացող ոստիկանության համակարգին»։



Սիրան Հունանյան