Կուլտուրական կոռուպցիա՞

Կուլտուրական կոռուպցիա՞

Մենք արդեն անդրադարձել ենք ՊԵԿ համակարգում ձեւավորված նոր մարմնի՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի թեմային եւ նշել, որ այն նոր աշխատակարգ է հաստատելու մաքսազերծման բնագավառում: Այսպես կոչված՝ «կարգոները» («կարգո»-ն առեւտրականների ժարգոնով մաքսազերծումն է), որոնք տարիներ շարունակ ստանձնել են նաեւ իրենց կողմից փոխադրված բեռների մաքսազերծման ֆունկցիան, այլեւս հայտնվել են խաղից դուրս վիճակում, քանզի նոր կարգը սահմանում է, որ տնտեսվարողներն իրենք պետք է զբաղվեն իրենց բեռների մաքսազերծմամբ եւ, որպես տնտեսվարող, այսպիսով, ավելի թափանցիկ լինեն հարկային իրենց պարտավորություններն իրացնելիս: Թուրքիայից, Չինաստանից եւ ԱՄԷ-ից ապրանքներ ներմուծելու համար վերջին տարիներին միջին եւ մանր գործարարներն օգտվել են «մաքսային պապկաներ» կոչվող արատավոր համակարգից: Պետեկամուտների համակարգն իր բոլոր բաղադրիչներով, կոռումպացված լինելու տեսանկյունից, թերեւս ամենառիսկային ոլորտն է, որտեղ տարիներով ձեւավորված «ավանդույթները» դժվար են տրվում փոփոխություններին: ՊԵԿ ամեն նոր ղեկավար պաշտոնավարման ընթացքում խաղի իր կանոններն է թելադրել, որոնք, սակայն, միտված չեն եղել համակարգի առողջացմանը, այլ միայն ամրապնդել են համակարգում առկա արատավոր բարքերը: «Երբ Արմեն Ավետիսյանն էր այդ ոլորտը ղեկավարում, բոլորս վայ էինք տալիս, թե երբ պետք է ազատվենք նրանից: Բայց երբ եկավ Գագիկ Խաչատրյանը, սկսեցինք երանի տալ այն ժամանակներին, երբ ղեկավարն Արմեն Ավետիսյանն էր: Այժմ էլ, աշխատելով Վարդան Հարությունյանի հետ, երանի ենք տալիս Խաչատրյանի ղեկավարման ժամանակաշրջանին»,- մեզ հետ զրույցում ասաց «կարգոներից» մեկի ներկայացուցիչը, որի ստվերային բիզնեսին ակնհայտորեն ուժգին հարված է հասցվել վերջին օրերին:



Բեռնափոխադրում իրականացնող խոշոր կազմակերպություններից մի քանիսը ձեռնպահ մնացին ՊԵԿ նախաձեռնության մասին պաշտոնական կարծիք հայտնելուց, սակայն նրանց հետ մեր մասնավոր զրույցից պարզ դարձավ, որ խիստ դժգոհ են եւ ասում են, որ «կոռուպցիան կուլտուրական նոր մակարդակի վրա է բարձրացվելու»: Նոր մարմինը, նրանց կարծիքով, վարչապետի թիմի հղացած բիզնես-պրոյեկտն է, ինչը նշանակում է, որ «պետական գանձումների ոլորտում կոռուպցիան կամ չարաշահումները ոչ թե վերանալու են, այլ կենտրոնացված բնույթ են կրելու, եւ պետեկամուտների մեծ մասը մեկ անձի ու նրա հետ փոխկապակցված անձանց գրպանն է հոսելու»: Հուսանք՝ սա եկամտից զրկված անձանց բամբասանք է ընդամենը։