SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղիի վճարին կավելանա ընդամենը 2 դրամ

SMS հաղորդագրությամբ ավտոկայանատեղիի վճարին կավելանա ընդամենը 2 դրամ

Երեւան քաղաքում ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության միջոցով գանձվող գումարը կավելանա ընդամենը 2 դրամով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը։  



«Համատեղ աշխատանքների արդյունքում ուրախ ենք արձանագրել, որ կողմերի պատրաստակամության շնորհիվ հնարավոր եղավ արդյունավետ լուծում գտնել։ Ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։



Հարկ ենք համարում հիշեցնել, որ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափն ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում, սակայն այն հասցրել էր հարմարավետ գործիք դառնալ, և գործընթացում ներգրավված կողմերն իրենց առջև խնդիր էին դրել պահպանել այդ հարմարավետությունը։ Միաժամանակ մենք շարունակելու ենք խրախուսել կայանատեղերի հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարումների իրականացումը»,-ասված է հաղորդագրության մեջ։