Դիմում են Վլադիմիր Գասպարյանին՝ Վարդավառը վերահսկի

Դիմում են Վլադիմիր Գասպարյանին՝ Վարդավառը վերահսկի

Մեր խմբագրություն նամակ են ուղարկել ուղղված Վլադիմիր Գասպարյանին, որն առանց փոփոխության ներկայացնում ենք ստորև՝



ՀՀ ոստիկանության գեներալ-գնդապետ



Վլադիմիր Գասպարյանին



Հարգելի՛ պարոն Գասպարյան,



«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, 2001թ-ից զբաղվելով կանանց իրավունքների պաշտպանությամբ, վեր է հանում, ուսումնասիրում և հանրայնացնում է կանանց հանդեպ խտրականության և բռնության դեպքերը՝ նպաստելով անպատժելիության սկզբունքի վերացմանը և կանանց հանդեպ բռնությունների կանխման ջատագովությանը:




Ամեն տարի ամռանը Հայաստանում մեծ ցնծությամբ նշվում է Վարդավառի տոնը, որը հասարակության մեջ հայտնի է նաև «ջրոցի» անվամբ: Սակայն, ցավով պետք է նշենք, որ վերոնշյալ տոնի՝ իրար ջրելու արարողությունը շատ հաճախ վերածվում է խուլիգանության՝ մասնավորապես առիթ հանդիսանալով տղամարդկանց համար կանանց հանդեպ բռնություն գործադրելու:



Ջրոցու մասնակիցները, խեղաթյուրելով Վարդավառի տոնի ողջ խորհուրդը, խոչընդոտում են քաղաքացիների ազատ տեղաշարժին և վարորդների անվտանգ երթևեկությանը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում պատահական անցորդների հանդեպ՝ թիրախավորելով հատկապես կանանց:



Հիմնվելով վերոնշյալ տոնի անցկացման նախորդ տարիների փորձի վրա՝ կարող ենք փաստել, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ տղամարդիկ, հակառակ կանանց ցանկության, ջուր են լցրել նրանց վրա, բռնի կերպով նետել են նրանց ջրի մեջ, հրմշել են, բրդել, հպվել, ընդհուպ մինչև սեռական ոտնձգության փորձ կատարել:



Այս տարի Վարդավառի տոնը նշվելու է հուլիսի 23-ին, ուստի հորդորում ենք ՀՀ ոստիկանությանը լինել առավել զգոն` շրջելով քաղաքի տարբեր հատվածներում, ուր տեղի է ունենում վերոնշյալ միջոցառումը և պաշտպանել ՀՀ քաղաքացիներին մարդու իրավունքները ոտնահարող և արժանապատվությունը նսեմացնող արարքներից, լինել հետևողական բռնության և խուլիգանության դեպքերի հանդեպ և աջակցել դրանց՝ օրենքի սահմաններում կարգավորման գործընթացին՝ ապահովելով ՀՀ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը և անվտանգությունը:



Շնորհակալություն համագործակցության համար:



Հարգանքով՝



Նվարդ Մինասյան



Ծրագրերի ղեկավար



Հասարակություն առանց բռնության ՀԿ