Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից հետո կհստակեցվի պահման վայրը

Հրաչյա Հարությունյանը բուժզննում կանցնի, որից հետո կհստակեցվի պահման վայրը

Երեկ գիշերը Մոսկվայից Երևան են տեղափոխել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, սակայն ամեն ինչ կատարվել է շատ ծածուկ, անգամ հարազատներին չի հաջողվել տեսնել նրան:



Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, Հարությունյանին չեն բերել մինչև սպասասրահ․ «Օդանավից իջեցնելուց հետո Հրաչյային անմիջապես նստեցրել են մեքենան ու տարել «Նուբարաշեն»: Ժամը 1-ի կողմերն էր, գնացինք օդանավակայան, ընենց թաքուն տարան, որ չտեսնենք իրեն»։



Մարտիրոսյանն ասաց, որ դիմելու են  նախագահին որպեսզի նրան ազատ արձակեն․ «Առողջական լուրջ խնդիրներ ունի նա, բացի այդ իր պատժի մի մասը արդեն կրել է, մնացածն էլ ցանկանում ենք, որ ազատության մեջ կրի»։Վիկտոր Մարտիրոսյանը նաև խնդրեց բոլորին պահանջել ազատություն Հրաչյա Հարությունյանի համար։ 



ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից «Hraparak»-ին հայտնեցին, որ Հրաչյա Հարությունյանը «Նուբարաշեն»-ում կանցնի բուժզննում և կախված բժիշկների եզրակացությունից՝ պարզ կդառնա, թե որտեղ կշարունակի նա մնալ․ «Եթե բուժզննման արդյունքում պարզվի, որ նա ունի այնպիսի լուրջ խնդիրնոր, որ կարիք կա տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ապա նրան կտեղափոխեն, եթե ոչ, ապա անհրաժեշտ բուժօգնություն կստանա հենց «Նուբարաշենում»»։



Իսկ տեսակցությունների մասով, մեզ փոխանցեցին, որ դեռևս ոչինչ հստակեցված չէ, անհրաժեշտ աշխատանքների իրականացումից հետո միայն կհստակեցվի։



Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած «Կամազ» մակնիշի մեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել էր 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: