Ինչո՞ւ մինչեւ հիմա չունենք Գրիգոր Նարեկացու արձանը․ հարցնում է Ռուբեն Անգալադյանը

Ինչո՞ւ մինչեւ հիմա չունենք Գրիգոր Նարեկացու արձանը․ հարցնում է Ռուբեն Անգալադյանը

Մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը կարծում է, որ անկախ Հայաստանը, որպես պետություն, պետք է ունենա անհատներին գնահատելու իր չափանիշները։ «Պետք է գնահատվեն այն մարդիկ, որոնք անկախ Հայաստանին, Հայաստանի Հանրապետությանը որեւէ օգուտ են տվել։ Ի՞նչ են արել, օրինակ, մարշալ Բաղրամյանը, մարշալ Բաբաջանյանը, Խամփերյանցը։ Նրանց մեջ մարշալ Բաղրամյանը մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել է տասնյակ հազարավոր զինվորների մեջ մեկը։ Հասկացանք, ըմբռնեցինք, բայց չէ՞ որ մեզ համար գոյություն ունեն շատ կարեւոր անհատներ։ Մենք՝ բոլորս, սիրում ենք Գրիգոր Նարեկացուն, բայց նրա արձանը չունենք։ Փոխարենն ունենք մարշալ Բաբաջանյանի արձանը։ Բյուզանդացի Ներսես զորավարի արձանն էլ կարող ենք այս դեպքում դնել, ինչո՞ւ չենք դնում, լավ զորավար է եղել Բյուզանդիայի համար։ Բոլորը պետք է հասկանան, որ պետք է սիրել հայրենիքը։ Բայց տեսեք, թե ինչ է կատարվում։ Եթե մենք կանգնեցնում ենք Բաբաջանյանի, Բաղրամյանի արձանները, ապա ի՞նչ ենք սովորեցնում մեր երեխաներին։ Մենք նրանց ասում ենք՝ գնացեք օտար երկիր, հասեք հաջողության, եւ ազգը ձեզ չի մոռանա։ Մենք փաստորեն պատրաստում ենք դավաճաններ։ Չէ՞ որ, այդ երեխաները հարցնում են եւ ուզում են իմանալ, թե այդ մարդիկ ինչ են արել մեր երկրի համար»,- ասաց Ռուբեն Անգալադյանը։