ԱԻՆ-ի դեպքում վատ պարողին քամին ու խոտն են խանգարում

ԱԻՆ-ի դեպքում վատ պարողին քամին ու խոտն են խանգարում

Այս օրերի ամպամածությունն ու անձրեւները, որոնք Գագիկ Սուրենյանն ավետում էր արդեն երեք օր, վերջապես տեղ հասան եւ օգնեցին ԱԻՆ-ին ու բնապահպանության նախարարությանը։ Կառավարության երեկվա նիստի ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հպարտորեն հայտարարեց, որ Խոսրովի անտառում օգոստոսի 11-ից մոլեգնող հրդեհը վերջնականապես մարվել է: Կորուստների գումարային չափը դեռ որոշված չէ, բայց, ըստ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանի, այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հեկտարն անտառներ են։ Կարապետյանը երեկ նիստից հետո ստիպված եղավ պատասխանել լրագրողների տհաճ հարցերին, ներկայացնել, թե ինչու ԱԻՆ-ը, որն այնքան էլ հաճախ բնական աղետներ չի վերացնում, եւ որի հիմնական աշխատանքն անաղետ ժամանակներում դրանց պատրաստվելն է, այսքան վատ դիմակայեց կրակին։ Դավիթ Կարապետյանն սկզբում ստիպված էր երկար-բարակ ճամարտակել, որ մեր ԱԻՆ-ն արդյունավետ աշխատող, լավ կազմակերպված կառույց է, եւ մեղավորը լեռներն էին, չոր խոտն ու քամին, իսկ իրենք լիարժեք վերահսկել են իրավիճակը։ Բայց մենք հո տեսել ենք, թե ինչպես էին ԱԻՆ աշխատակիցներն ու խեղճ զինվորները «ճանճասպաններով» «կտրում» կրակի լեզուները։ Ի վերջո, Դավիթ Կարապետյանն ստիպված էր խոստովանել, որ նախարարությունը բավարար քանակով տեխնիկա չունի, իսկ հրդեհաշիջող ինքնաթիռն էլ թանկ է։ «Մենք ունենք տեխնիկա, բայց տեխնիկան բավարար չէ: Տեխնիկան ձեռք է բերվել մեր նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: ․․․Ամեն ինչ պետք է անենք, որ հասնենք տեխնիկական հագեցվածության»: 



ՀԳ․ Տարիներ առաջ, դեռեւս վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք, Հայաստանի կառավարությունը ոչնչացրեց մեր փոքր ավիացիան։ 2013 թվականին «Էրեբունի» օդանավակայանը տվեցին ռուսներին։ Այստեղ ռուսական ավիաբազա է տեղակայված։ Սարգսյանը համոզված էր, որ մեզ ուղղաթիռներ պետք չեն։ Իսկ երբ նրան լրագրողները հարցնում էին, թե ինչ է անելու տարերային աղետների ժամանակ, պատասխանում էր, որ նման բան դեռ չի եղել։ Ահա եղավ, եւ արդար կլիներ, որ Տիգրան Սարգսյանը հիմա Հայաստանին երկու-երեք ուղղաթիռ նվիրեր՝ որպես մեղքերի թողություն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ