«Իրավունքի Եվրոպա միավորումը» Սահմանադրական դատարանում հաղթեց

«Իրավունքի Եվրոպա միավորումը» Սահմանադրական դատարանում հաղթեց

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն վերջերս փայլուն հաղթանակ է տարել Սահմանադրական դատարանում, որը ներկայացրել էր այս կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Այն վերաբերում է դատավորների հոգեբանական թեստավորմանը: Այս թեստը հանձնվում է, որպեսզի որոշվի, թե արդյոք կայո՞ւն է դատավորի թեկնածուի հոգեվիճակը, արդյոք նրա հոգեբանական առանձնահատկությունները չե՞ն խանգարի նրան դատավոր աշխատել ու գործում։ Ըստ ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի՝ դատավորների թեկնածուների հոգեբանական թեստի արդյունքները ենթակա չեն հրապարակման, տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին եւ թեկածությունների ցուցակը ՀՀ նախագահի կողմից հաստատելուց հետո ենթակա են ոչնչացման: Նույն օրենսգրքի 117-րդ հոդվածով, Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու եւ Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու իրենց վերաբերյալ կազմված զեկույցը: Այս դրույթներով առաջնորդվելով՝ Արդարադատության խորհուրդը մերժել էր դիտորդ-կազմակերպությանը տրամադրել 2014 թ․ դեկտեմբեր-2015թ. հունվար ամիսներին անցկացված դատավորների քննության մասնակիցների վերաբերյալ եզրակացությունները, հատուկ կարծիքները, հարցաշարերը, հոգեբանական թեստերն ու արդյունքները, հարցազրույցների գնահատականները եւ այլ փաստաթղթեր։ Այս մերժումից հետո ՀԿ անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցման պահանջով, սակայն դատարանը մերժել էր կազմակերպության հայցերը, վերաքննիչ դատարանը՝ նույնպես, իսկ վճռաբեկ ատյանն ընդհանրապես քննության չէր առել: Ըստ Տիգրան Եգորյանի՝ մերժումը «որեւէ իրավաչափ նպատակ չունի, եւ այդ տեղեկությունները չեն կարող դիտարկվել անձնական կյանքի գաղտնիության իրավունքի շրջանակներում, քանի որ վերաբերում են այդ անձանց՝ հանրային իշխանության տիրույթում իրականացվող գործունեությանը եւ չեն կարող դուրս գալ հանրային հսկողությունից։ Հոգեբանական թեստի արդյունքները ոչնչացնելու պահանջը չի բխում հանրային վերահսկողության անհրաժեշտությունից, նաեւ սահմանափակում է ազատ արտահայտվելու, այդ թվում` տեղեկություններ փնտրելու իրավունքները»: Եվ, ահա, ՍԴ-ն հունիսի 20-ի իր որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց Դատական օրենսգրքի այս դրույթները: ՍԴ-ն սահմանեց, որ հոգեբանական թեստերը եւ նման տվյալները «պետք է ներառվեն հավակնորդի, հետագայում՝ դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին»։ Ինչ վերաբերում է թեկնածուների վերաբերյալ եզրակացությանը, ապա ՍԴ-ն սահմանեց, որ «չկա այն երրորդ անձնանց տրամադրելու արգելք»: Ի՞նչ է լինելու հետո: Կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը պատասխանում է. «Այս որոշման հիման վրա «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նկատմամբ կայացած դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով կվերանայվեն։ Օրենսդրական փոփոխություն պետք է արվի, որ դատավորների հոգեբանական թեստավորման նյութերը մատչելի դարձնեն հանրությանը, առնվազն ՀԿ-ների մասով: Դատավորների հոգեբանական թեստավորումը հանրային վերահսկողության դիտարկման մեր իրականացրած ծրագրի չնչին մասնիկն է միայն:



Մենք պատրաստվում ենք բազմաթիվ դիմումներ ներկայացել ՍԴ կամ ՄԻԵԴ՝ ՀՔԾ-ի, դատախազության անցկացրած մրցույթների մասով, որոնց մատչելիության սկզբունքները նույնպես խախտվել են: Կարող ենք ասել, որ առաջիկայում մեզ ՍԴ որոշումների մեծ փունջ է սպասվում»: Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորումն» իրականացնում է «Հանրային վերահսկողություն պետական պաշտոնյաների նկատմամբ» ծրագիրը, որի շրջանակներում 2014 թվականից դիտարկումներ է անցկացրել ՀՀ քաղծառայողների, քննչական մարմինների ծառայողների թափուր պաշտոնների, դատավորների ցուցակի համալրման մրցույթներն է դիտարկել եւ բազմաթիվ խախտումներ արձանագրել: Որոշ մարմիններ, ինչպես, օրինակ, դատախազությունը կամ ՀՔԾ-ն, ընդհանրապես թույլ չեն տվել դիտորդներին դատախազների եւ քննիչների թեկնածուների մրցույթները դիտարկել: Մյուսներում «Իրավունքի Եվրոպա միավորումը» բազմաթիվ աղաղակող խախտումներ է արձանագրել: Կազմակերպության իրավաբանները դրանք ներկայացրել են զեկույցում եւ այժմ հետեւողականորեն տանում են դատական ատյաններ:



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ