Կայքերից երևում է, թե որ քաղաքապետն ինչպես է վերաբերվում իր բնակիչներին

Կայքերից երևում է, թե որ քաղաքապետն ինչպես է վերաբերվում իր բնակիչներին

Մեր տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերը թարմացման, արդիականացման կարիք ունեն։ Մյուս կողմից՝ այդ նույն ՏԻՄ աշխատակազմերն ու ղեկավարները նույնպես «թարմացման» կարիք ունեն։ Այս կայքերի մեծ մասը նույն ընկերության կողմից է գրվել՝ նույն ծրագրով։ Դրանք բոլորը նույն տեսքն ունեն, նույն կառուցվածքը, նույն բաժինները։ Միայն խոշոր քաղաքների՝ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի կայքերն այլ տեսք ու կառուցվածք ունեն։ Ու դրանք բոլորն էլ տարբեր աշխատաոճով են աչքի ընկնում։ Այցելելով այդ կայքերից մի քանիսը՝ փորձեցինք պարզել, թե որ կայքում վերջին անգամ երբ է մրցույթների, աճուրդների մասին հայտարարություններ տեղադրվել։ Պարզվեց՝ կայքերում այդպիսի բաժին չկա, որ նման հայտարարություն տեղադրեն։ Միայն Վանաձորի կայքը (vanadzor.am) նման բաժին ունի։ Կայքում առանձին-առանձին ե՛ւ «Հայտարարություններ» բաժին կա, ե՛ւ «Աճուրդներ», ե՛ւ «Մրցույթներ»։ Մյուս կայքերում նման բաժին չկա, սահմանափակվել են միայն հայտարարություններով։ Անգամ Գյումրու քաղաքապետարանի կայքում չկա նման բաժին։ Բայց բաժին լինելը մի բան է, այն բովանդակությամբ լցնելը՝ այլ բան։ Օրինակ՝ Վանաձորի քաղաքապետարանի կայքի «Մրցույթներ» բաժնում վերջին հայտարարությունը, որ տեղադրվել է, 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ամսաթվով է։ Այս հայտարարությամբ տեղեկացվում է նույն թվականի հոկտեմբերի 20-ին կայանալիք համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթի մասին։ Փոխարենը ավելի թարմ նորություններ կան նույն կայքի «Աճուրդներ» բաժնում։ Այստեղ վերջին հայտարարությունը 2017-ի հուլիսի 11-ի ամսաթվով է, որով տեղեկացվում է օգոստոսի 15-ին արդեն կայացած հողամասերի աճուրդի մասին։ Այդ աճուրդից արդեն անցել է մոտ երկու շաբաթ, եւ որեւէ նոր բան Վանաձորում այս մասով, փաստորեն, չկա կամ էլ եղել է, չեն բարեհաճել տեղեկացնել։



Գյումրու քաղաքապետարանի gyumrisity.am կայքի կառուցվածքը լրիվ այլ է՝ եթե մյուսները կապույտ են, սա կարմիր երանգավորմամբ է, բաժիններն էլ այլ դասավորություն ու տեսք ունեն։ Այստեղ եւս միայն «Հայտարարություններ» բաժինը կա, որտեղ, սակայն, որեւէ մրցույթի կամ աճուրդի մասին խոսք չկա։ Վերջին հայտարարությունը հոկտեմբերի 17-18-ը կայանալիք ինչ-որ ցուցահանդեսի մասին է։ Գյումրու քաղաքապետարանից մեզ ասացին, որ իրենք մրցույթների ու աճուրդների բաժին չունեն, բայց աճուրդներ ու մրցույթներ, բնականաբար, ունենում են։ Միայն թե դրանք տեղադրում են Gnumner.am եւ azdarar․am կայքերում կամ համապատասխան տպաքանակով թերթերում։ Բայցեւ առաջարկեցին «Հայտարարություններ» բաժնում նույնպես փնտրել՝ հնարավոր է այստեղ եւս տեղադրեն, սակայն դա ըստ հայեցողության է։



Չարենցավանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ օրենքը չի պահանջում կայքում պարտադիր զետեղել, դրա համար իրենք աճուրդներն ու մրցույթները տեղադրում են վերոնշյալ կայքերում։ Բայց հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ են կայք պահում, որ քաղաքապետի նկարն ու կենսագրությո՞ւնը դնեն։ Եթե քաղաքացին իր քաղաքի, քաղաքապետարանի կայքում չի գտնելու մրցույթների, աճուրդների մասին հայտարարությունները, ուրիշ ի՞նչ է կարդալու այնտեղ։ Բացի այդ, քաղաքի պաշտոնական կայքում ամեն ինչի մասին բաց, թափանցիկ տեղեկացնելը խոսում է տվյալ քաղաքի բնակչության հանդեպ վերաբերմունքի մասին։ Չարենցավանի քաղաքապետարանից համաձայնեցին մեր այս դիտարկման հետ՝ խոստանալով հետագայում տեղադրել նաեւ կայքում։



Ի դեպ, Չարենցավանի քաղաքապետարանի կայքն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ չի աշխատում։ Այդ մասին տեղյակ չէր քաղաքապետը, իսկ աշխատակազմից էլ մի քանի ժամ շարունակ չէին կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչու կայքը չի գործում։ Ի վերջո, քաղաքապետի միջամտությունից հետո միայն պարզեցինք, որ կայքի դոմեյնի համար նախատեսված 5 հազար դրամ գումարը չեն վճարել, դրա համար կայքը չի գործում։ Խոստացան առաջիկա մեկ-երկու օրը վճարել։



Այցելեցինք մի քանի քաղաքների կայքեր եւս՝ հասկանալու, թե նրանց մոտ ինչ վիճակ է։ Պարզվեց՝ կան քաղաքներ, որոնց կայքերում շատ ավելի բարեխիղճ եւ հոգատար վերաբերմունք է նկատելի սեփական քաղաքի բնակչության նկատմամբ։ Օրինակ՝ Սիսիանի կայքում։ Իհարկե, այս կայքը նույնպես մյուսների նման չունի աճուրդների ու մրցույթների բաժին, բայց Սիսիանի քաղաքապետարանը չի զլացել՝ աճուրդի եւ մրցույթի վերաբերյալ ամենաթարմ հայտարարությունները տեղադրել է «Հայտարարություններ» բաժնում։ Խոսքը հողամաս տրամադրելու վերաբերյալ սույն թվականի սեպտեմբերի 20-ին կայանալիք մի մրցույթի եւ նույն օրը մեկ այլ հողամաս աճուրդով օտարելու վերաբերյալ հայտարարությունների մասին է։



Սիսիանի հարեւան Գորիս քաղաքի goriscity.am կայքում նույնպես մեկ հայտարարություն կար՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք մի մրցույթի մասին՝ թափուր պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ։ Փոխարենը անմխիթար վիճակ էր Սյունիքի մարզկենտրոն Կապանի պաշտոնական kapan.am կայքում։ Այստեղ հայտարարությունների բաժնում երեկվա դրությամբ որեւէ հայտարարություն չկար տեղադրված։ Մեղրիի կայքում էլ երկու հայտարարություն կար, մեկը՝ ինչ-որ մրցույթի, մյուսը՝ քաղաքապետի հետ ընդունելության օրվա վերաբերյալ։



Աշտարակի ashtarak.am կայքում եւս որեւէ մրցույթի կամ աճուրդի վերաբերյալ հայտարարություն չգտանք։ Վերջին թարմ հայտարարությունն ինչ-որ ծրագրի շրջանակում համագործակցության առաջարկի մասին էր, որ հրապարակվել է այս տարվա օգոստոսի 4-ին։



Կոտայքի մարզկենտրոն Հրազդանի hrazdan.am կայքն իր տեսքով ու կառուցվածքով տարբերվում է մյուս քաղաքների ստանդարտ կայքերից։ Այստեղ առհասարակ ո՛չ մրցույթների, ո՛չ աճուրդների, ո՛չ էլ հայտարարությունների բաժին չկա, ընդամենը «Նորություններ» բաժին կա, որտեղ վերջին նորությունն այն է, որ հուլիսի 5-ը Սահմանադրության օրն է։ Դրանից հետո մինչ օրս Հրազդանի քաղաքապետարանը, փաստորեն, որեւէ «նորություն» չի հաղորդել իր քաղաքացիներին։



Քաղաքապետարանների կողմից կառավարվող կայքերի այս փոքր մոնիտորինգը բավական էր հասկանալու, թե ինչ վերաբերմունք ունեն տվյալ քաղաքային իշխանություններն իրենց բնակիչների նկատմամբ։ Օրինակ՝ ինչո՞ւ Սիսիանի կամ Գորիսի քաղաքապետարանները կարող են իրենց կայքի միջոցով հավելյալ տեղեկացնել իրենց կողմից հայտարարված մրցույթների ու աճուրդների մասին, իսկ Չարենցավանի, Հրազդանի, Գյումրու եւ մյուս քաղաքների ղեկավարները՝ ոչ։ Սա բնակչի հանդեպ տարրական վերաբերմունքի եւ հարգանքի հարց է, որը բարձրագոչ ելույթներով ու տոնական շնորհավորանքներով չես լրացնի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ