Հայաստան մտնելիս գումար են մուծում, Վրաստան մտնելիս՝ ոչ

Հայաստան մտնելիս գումար են մուծում, Վրաստան մտնելիս՝ ոչ

Տարօրինակ է, բայց փաստ․ Վրաստանի հետ կիսապատերազմական վիճակում գտնվող Ռուսաստանի Դաշնության ավտոմեքենաները Վրաստանի տարածք մուտք գործելիս որեւէ գումար չեն մուծում։ Անարգել մտնում-դուրս են գալիս։ Իսկ, ահա, բարեկամական հարաբերություններ եւ նույն միության՝ ԵԱՏՄ կազմում գտնվող Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս վճարում են 10 հազար դրամ՝ 15 օրվա համար։ Իսկ եթե 30 օրով են մուտք գործում, ապա՝ 20 հազար դրամ։ Սրան էլ գումարվում է բնապահպանական վճարը, որը կազմում է 3 հազար 750 դրամ, գումարած բանկի միջնորդավճարը՝ 200 դրամ։ Արդյունքում ստացվում է, որ ռուսական պետհամարանիշով ավտոմեքենայի մեկ շաբաթով Հայաստան մուտք գործելն արժե 14 հազար դրամ։ Մեկ ամսով՝ 24 հազար։ Այսինքն՝ Ռուսաստանից մարդիկ իրենց սեփական մեքենայով գալիս են Հայաստան ու սեփական մեքենան վարում «վարձույթով»։ Իսկ Ռուսաստանից Հայաստան գալիս են հիմնականում մեր հայրենակիցները։ Մեր կառավարությունը, փաստորեն, որոշել է փող աշխատել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանում ապրող հայերից։ Իսկ Վրաստանից Հայաստան եւ Հայաստանից Վրաստան երկու երկրների մեքենաների մուտքն էլ անվճար է։



Այս հարցի վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեի ուղարկած պատասխանից պարզվում է, որ Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունները ստորագրել են համապատասխան համաձայնագիր, որով երկուստեք անվճար մուտք ու ելք է սահմանվում մեքենաների համար, դրա համար էլ մեր ու վրացական մեքենաները գումար չեն վճարում Հայաստան-Վրաստան ելումուտից։ Իսկ Ռուսաստանի հետ չունենք նման համաձայնագիր, եւ կարեւոր չէ, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ պետություններ են։ Այսինքն՝ նույն միության մեջ գտնվելը ոչ մի օգուտ չի տալիս նման հարցերում, մինչդեռ այս միության նպատակը հենց այսպիսի հարցերում մեր կյանքը դյուրացնելն էր, հնարավորինս ազատ ու անվճար ընթացակարգեր սահմանելը, տնտեսական օգուտը։



Բայց Պետեկամուտների կոմիտեից հուսադրում են․ «Միաժամանակ նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթներով վերացվելու է այլ պետություններում գրանցված մարդատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարների գանձման պահանջը»։



Փաստորեն, ընդամենը Հարկային օրենսգրքի խնդիր էր, ոչ թե միջազգային համաձայնագրի։ Այսինքն՝ եթե ուզենային, վաղուց այս հարցը կարգավորած կլինեին, բայց չեն արել, որպեսզի բյուջեն հնարավորինս երկար լցնեն նման «օդից գանձվող գումարներով» ու ձգեն տեղի ու դրսի հայերի դժգոհության ալիքը մեր իշխանություններից։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ