«Ելքը» դեմ չէ հանրային քննարկմանը

«Ելքը» դեմ չէ հանրային քննարկմանը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկին՝ Երեւանի մի շարք փողոցներ անվանափոխելու հետ կապված։ Մարգարյանի խոսքով՝ նախ պետք է հանրային քննարկում լինի, գիտական կարծիքներ հնչեն, որովհետեւ նախկինում այդ փողոցներն անվանափոխվել են, հետո նորից վերանվանվել։ Հանրային քննարկումներից հետո նոր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունն իր դիրքորոշումը կհայտնի։ Քաղաքապետը, սակայն, հստակ դիրքորոշում է հայտնել Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերանվանելու վերաբերյալ։



«Մեր ազգային հերոսների այն անունները, որոնք առաջարկում է «Ելք» խմբակցությունը, բնականաբար, մենք կողմնակից ենք, բայց օրենսդրությունը պետք է ուսումնասիրենք, թե երբ կարող ենք անվանափոխել։ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը քույր քաղաքներ են, մենք համագործակցում ենք եւ չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել»,- ասել է քաղաքապետ Մարգարյանը։



Մենք այս թեմայով զրուցեցինք Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ։ Նա ասաց, որ դեմ չէ, որ հանրային քննարկում լինի։
«Կարծում եմ, որ այս երկու-երեք շաբաթ տեղի ունեցած հանրային քննարկումներն արդեն ստեղծել են պատկեր, եւ այդ պատկերն այն է, որ հեղինակավոր պատմաբանները, փորձագետները, մարդիկ կողմնակից են նոր անվանումներին, սակայն, եթե կա ինչ-որ այլ ֆորմալ ընթացակարգ հանրային քննարկումներ անցկացնելու, մենք դեմ չենք, չենք շտապում։ Ես կարծում եմ՝ որքան շատ քննարկվեն Կասյանի ու Միկոյանի գործած հանցանքները, այդքան մարդիկ ավելի շատ պատկերացում կկազմեն այդ ժամանակների մասին»,- ասաց պարոն Խաժակյանը։



Ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը Տարոն Մարգարյանի «դեմ» արտահայտվելուն, ապա «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ իր համար Մարգարյանի պատասխանը փոքր-ինչ զարմանալի է․ «Որովհետեւ, եթե խնդիրը Սանկտ Պետերբուրգի հետ ունեցած հարաբերություններն են, ապա թող ՀՀԿ ֆրակցիան առաջարկի Սանկտ Պետերբուրգի անունով անվանափոխություն Լենինգրադյան փողոցի մասով»։ Խաժակյանի խոսքով՝ Լենինի անունով անվանակոչված փողոցներից, հրապարակներից ազատվում են նաեւ Ռուսաստանում, հետխորհրդային մյուս երկրներում, նաեւ Հայաստանում Լենինականն անվանափոխեցին, դարձրին Գյումրի։ Ամեն դեպքում, «Ելքը», դեմ չլինելով Սանկտ Պետերբուրգի անունով փողոց ունենալուն, նպատակահարմար է գտնում Լենինգրադյանն անվանակոչել հենց Լեոնիդ Ազգալդյանի անունով։ «Թող առաջարկեն Սանկտ Պետերբուրգի անունով անվանափոխություն, մենք քննարկենք»,- ասաց նա։



Ինչ վերաբերում է անվանափոխության ծախսերին եւ դրա վերաբերյալ հաշվարկներին, ապա Դավիթ Խաժակյանն ասաց, որ իրենք հաշվել են՝ որեւէ ծախս չի պահանջվում։ «Որովհետեւ չի նախատեսվում բնակարանների սեփականաշնորհման վկայականների փոփոխություն, չի նախատեսվում քաղաքացիների անձնագրերի փոփոխություն, ուստի, այս առումով որեւէ խնդիր չկա»,- ասաց նա։ Իսկ ցուցանակների փոփոխության հարցն ինչպե՞ս են լուծելու։ Խաժակյանն ասաց․ «Ցուցանակները, այո, նախատեսվում է փոփոխություն, որի համար կա համապատասխան կազմակերպություն, որն այսպես թե այնպես պարտավոր է պարբերաբար այդ թարմացումն իրականացնել, եւ մենք նաեւ առաջարկելու ենք, որ այդ ցուցանակի վրա առկա լինի նաեւ այդ փողոցի նախկին անվանումը»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ