Ռիչարդ Միլսն իրո՞ք այդքան շատ է սիրում Հայաստանը

Ռիչարդ Միլսն իրո՞ք այդքան շատ է սիրում Հայաստանը

ՀՀ նախագահը, վարչապետը, այլ պաշտոնյաներ զանազան առիթներով իրենց երախտագիտությունը հայտնեցին Ռուսաստանին եւ այդ երկրի ԱԻՆ-ին` Խոսրովի անտառ-արգելոցի հրդեհաշիջման գործում ցուցաբերած անգնահատելի օգնության համար: Սոչիում Սերժ Սարգսյանն ընդհուպ երկու անգամ շնորհակալություն հայտնեց իր ռուս գործընկերոջը: Այս ամենը հասկանալի է: Ինչպե՞ս երախտապարտ չլինես հարեւանիդ, ով դժվար պահին ձեռք է մեկնում:



Օգոստոսի 29-ին պարզվեց, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին այդ օգնության համար շնորհակալություն է հայտնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ռուսական մամուլը լայնորեն անդրադարձել էր այս փաստին: ԱՄՆ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը, ԱԻՆ-ին եւ մյուս կազմակերպություններին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել արգելոցի հրդեհի մարման գործում, նշել էր, որ ինքը երախտագիտության խոսքեր է փոխանցել նաեւ ՀՀ-ում իր ռուս գործընկեր Վոլինկինին: Ի՞նչ է սա` ԱՄՆ դեսպանը հուզվե՞լ է Ռուսաստանի ցուցաբերած օգնությունից, նրա համար անսպասելի՞ էր այդ օգնությունը, թե՞, ասենք, Խոսրովի անտառ-արգելոցը նրա սիրելի վայրն էր:



Ինչեւէ` Ռիչարդ Միլսն այդ քայլով, փաստորեն, առանձնացավ ՀՀ-ում մյուս դեսպաններից, իսկ եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԱՄՆ-ից Ռուսաստանի հասցեին ջերմ խոսքեր հազվադեպ են ասվում կամ գրեթե չեն ասվում, ապա Միլսի այս հայտարարությունը, թեկուզ այս ամենաանմեղ թեմայով, կարող էր եւ ճիշտ չհասկացվել Սպիտակ տանը: Եվ պատահական չէ, որ ռուսական գործակալություններն էլ (РИА Новости եւ այլն) մանրամասնորեն անդրադառնում են դեսպանի հայտարարությանը` չմոռանալով աշխարհին տեղեկացնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության հաղորդագրությանը, ըստ որի` հաջորդ շաբաթ Հայաստան է այցելելու անտառների վերականգնման ամերիկյան փորձագետների խումբը, իսկ ավելի ուշ` նոյեմբերին, նաեւ երկրորդ խումբը, որը հայ մասնագետներին կօգնի անտառային հրդեհների կանխարգելման հմտություններ ձեռք բերել:



Ինչի՞ հետ գործ ունենք` ռուս-ամերիկյան քաղաքական ռեւերանսների՞, թե փոխհրաձգության: Օրեր առաջ նույն Ռիչարդ Միլսը ՀՀ իշխանություններին պարզորոշ հասկացրեց, որ ԱՄՆ-ն հետեւում է` կարողանո՞ւմ են արդյոք նրանք ինքնուրույն որոշումներ կայացնել, թե՞ ենթարկվում են կողմնակի ճնշումների: Միլսը, բնականաբար, Ռուսաստանից եկող ճնշումները նկատի ուներ: Այս թեմայով նրա հայտարարությունը, որ ավելի վաղ տեղ էր գտել «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, հազիվ թե ողջունեին Մոսկվայում: Ուստի, շնորհակալություն հայտնելով Վոլինկինին, Միլսն արդյոք չի՞ փորձել մեղմել իր նախընթաց հայտարարության ազդեցությունը, որն ինչ-որ տեղ նաեւ միջամտություն էր ՀՀ գործերին եւ արտաքին քաղաքականությանը:



Մյուս կողմից էլ կար ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի անհարկի, մյուս համանախագահների հետ չհամադրված ելույթն Արցախի հարցի կարգավորման ամերիկյան պատկերացումների մասին, որ հրապարակվեց Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպման օրը եւ կտրուկ ու մերժողական արձագանք ստացավ Հայաստանում: Միլսը Վոլինկինին փոխանցած իր երախտագիտության խոսքերով չի՞ փորձել, արդյոք, հարթել նաեւ Հոգլանդի առաջացրած լարվածությունը:



Չբացառելով Միլսի այս քայլի զուտ մարդկային մոտիվացիան, մենք այլ դրդապատճառներ չենք տեսնում, քան վերեւում թվարկվածները: Այսինքն, մեր կարծիքով, նրա քայլը քաղաքական է նախեւառաջ, որով Ռուսաստանին հասկացնում է, որ Հայաստանի խնդիրներով մտահոգ է նաեւ ԱՄՆ-ն եւ, ահա, գրեթե տանտիրոջ իրավունքով շնորհակալություն է հայտնում հրդեհը մարելու համար:



Մի փոքր դժվար է պատկերացնելը, որ Պորտուգալիայում հրդեհների մարմանն աջակցելու համար այդ երկրում ԱՄՆ դեսպանը շնորհակալություն հայտներ Պորտուգալիայում Իսպանիայի դեսպանին: Ռիչարդ Միլսը, գուցե, առաջի՞նն է, որ նման լավ ավանդույթի սկիզբ է դնում: Տա Աստված, որ նրա այս քայլով Հայաստանը ռուս-ամերիկյան կռվախնձորից վերածվի այդ երկրների համագործակցության հարթակի: Այլապես մենք տեսնում ենք, թե ինչպիսի կործանարար հետեւանքներ կարող են ունենալ ոչ մեծ տեխնոծին ու բնական աղետները թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում եւ թե՛ Հայաստանում: Էլ չենք խոսում գլոբալ աղետների մասին, եթե, Աստված մի արասցե, փորձ արվի դրանք Հարավային Կովկաս բերել ժամանակակից սցենարների տեսքով` ահաբեկչության ծավալման, պատերազմներ հրահրելու, համատարած արտագաղթ կազմակերպելու միջոցով:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ