ԱԻՆ աշխատակիցները գերազանցում են իրենց իրավասությունները

ԱԻՆ աշխատակիցները գերազանցում են իրենց իրավասությունները

Սեպտեմբերի 1-ին մենք վերջապես ԱԻՆ-ից ստացանք մեր 17.07.2017թ. հարցման պատասխանը։ Մենք հետաքրքրվել էինք, թե Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո համակարգում քանի աշխատակից է նշանակվել ու ազատվել, եւ խնդրել էինք այդ պաշտոնյաների ցանկը։ Պատասխանը, իհարկե, թերի է, քանի որ ԱԻՆ կայքի հղումներով չես կարող պարզել, թե որ աշխատակիցն է նոր նշանակվել, որը՝ ոչ, կայքում միայն ԱԻՆ վերնախավն ունի կենսագրություն: 



Ահա այդ պատասխանը․ «ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի՝ պաշտոնում նշանակվելուց հետո համակարգում նշանակված և պաշտոնից ազատված աշխատակիցների վերաբերյալ հայտնում ենք, որ վերոնշյալ ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգում նշանակվել է 223 (երկու հարյուր քսաներեք) և ազատվել 156 (հարյուր հիսունվեց) մարդ՝ ներառյալ բոլոր մարզային ստորաբաժանումները:
Համակարգում քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակումներն իրականացվել և իրականացվում են՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների դրույթները: Ըստ այդմ՝ վերոնշյալ ժամանակահատվածում համակարգի քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակվել է 12, ազատվել՝ 5 մարդ, այդ թվում՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Հ. Հարությունյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Նախարարի աշխատակազմում հայեցողական, ինչպես նաև նախարարության աշխատակազմում պաշտոններում նշանակումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքի համապատասխան հղումով՝ http://www.mes.am/hy/structure/: Միաժամանակ՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԻ նախարարության բարձր պաշտոններում նշանակումների վերաբերյալ նորություններին կարող եք հետևել նախարարության պաշտոնական կայքի նորությունների և իրավական ակտերի բաժիններում»:
Այսքանը թերի պատասխանի մասով, որը պատրաստելու վրա ԱԻՆ-ում ավելի քան մեկուկես ամիս են ծախսել, այժմ անդրադառնանք ԱԻՆ-ի պատասխանի հետգրությանը․ «Հ.Գ. Թեև ՀՀ ԱԻ նախարարությունը Ձեզ պետք է պատասխան տրամադրեր 30-օրյա ժամկետում, պատասխան գրությունը Ձեզ չի ուղարկվել, քանի որ հուլիսի 27-ին, չսպասելով մեր պատասխանին, hraparak.am կայքում հրապարակվել է նյութ խնդրո առարկայի վերաբերյալ՝ (http://hraparak.am/?p=152475&l=am/ain-y+glorvum+evo%C3%96%C2%82+glorvum+) ձեր սուբյեկտիվ մեկնաբանությամբ, ինչը կարծում ենք էթիկայի նորմերի խախտում է»:



Հետգրությունը կարելի էր «կատակ» համարել, սակայն ստիպված ենք լուրջ վերաբերվել եւ պատասխանել, քանի որ սա պաշտոնական պատասխանի մասն է: Նախ, կադրային փոփոխությունների մասին լուրը ստանալուն պես ամենայն բարեխղճությամբ փորձել ենք ճշտել տվյալ պետական մարմնից, թեեւ կարող էինք գրել տեղեկությունը՝ միայն մեր աղբյուրների վրա հղում անելով, քանի որ լուրը հնացող էր եւ օպերատիվ հրապարակման կարիք կար։ Մեր գերատեսչությունների լրատվականներն իրենց գլխավոր խնդիրը դարձրել են մեր աշխատանքը խոչընդոտելը, մեր հարցերին հնարավորինս ուշ պատասխանելը եւ դա անգամ չեն թաքցնում՝ խոսնակների փակ խմբում հայտարարում են, որ մեկ ամիս ձգում են պատասխանը, որ մենք «ընկնավորվենք»։



Սակայն ամեն դեպքում մենք փորձում ենք մնալ լրագրողական աշխատանքի ընդունված կանոնների շրջանակներում եւ պաշտոնական պարզաբանում ենք խնդրում անգամ այն դեպքում, երբ վստահ ենք, որ այն կամ՝ չենք ստանալու, կամ՝ ուշացումով ենք ստանալու։
Գերատեսչությունների խաղաղ-հանդարտ աշխատող խոսնակներին ուզում ենք հիշեցնել, որ լուրը, տեղեկությունը «ուշացող-հնացող ապրանք է» եւ պարզաբանումները պետք է ներկայացնել առավելագույնս արագ ռեժիմով։ Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված առավելագույն ժամկետը՝ 30 օրը, կիրառելի է քաղաքացիներից ստացած հարցումների դեպքում եւ այն պարագայում՝ երբ օրենքը պատասխանը պատրաստելու համար լրացուցիչ աշխատանք է ենթադրում։ Մամուլի դեպքում կարող է գործել առավելագույնը 5-օրյա ժամկետում պատասխանելու պահանջը: Բայց մենք նորից օրեր շարունակ, խիստ բարեխղճորեն ու համբերատար սպասել ենք մեր հարցման պատասխանին, երբ սույն խոսնակը, չարաշահելով իր պաշտոնը, ֆեյսբուքյան «Մամուլի խոսնակներ հայոց» խմբում գրում էր, թե մեզ «ընկնավորեցնելու համար օգտագործում է մինչեւ 30 օրվա ընթացքում պատասխանելու ժամկետը»:



Ինչ վերաբերում է էթիկային, ապա «խոսնակների խմբի» զրույցից ու դրա մանրամասների հրապարակումից հետո, էթիկայի մասին խոսելն առնվազն ծիծաղելի է, քանզի այս պարագայում խախտվել են ոչ միայն մարդկային ու պրոֆեսիոնալ էթիկայի նորմերը, այլեւ պաշտոնի չարաշահման, մամուլի աշխատանքը խոչընդոտելու քրեորեն պատժելի տարրեր կան։



Վերջապես՝ ինֆորմացիայի հրապարակման մասով, որը 10 օր սպասելուց հետո հրապարակել էինք՝ չստանալով ԱԻՆ-ի անբան եւ մեծախոս աշխատակիցների պատասխանը․ Մեր հրապարակումը ձեր աշխատանքի ու պարտականությունների հետ ոչ մի կապ չունի՝ ստացել եք հարցում, պարտավոր եք պատասխանել: Իսկ էթիկայի դասեր տալը, մեր հրապարակումներին ի պատասխան մեզ «պատժելը», մեզ «բոյկոտելը» ձեր իրավասությունների մեջ չի մտնում։ Ձեր առաքելությունը ձեր պաշտոնի անձնագրերով սահմանված պարտականությունները կատարելն է, դրա համար եք աշխատավարձ ստանում, որն, ի դեպ, ձեւավորվում է նաեւ մեր՝ լրագրողներիս վճարած հարկերից։



Մի քանի խոսք էլ «սուբյեկտիվ մեկնաբանության» մասով։ Լրագրողը ռոբոտ չէ, ոչ էլ ձայնագրիչ, որ ԱԻՆ պաշտոնյաների կազմած հաղորդագրությունների տեսքով հոդվածներ գրի։ Փաստական հենքի վրա վերլուծություններ, եզրահանգումներ անելը, զուգահեռներ անցկացնելը մեր իրավունքն է եւ պարտականությունը։ Մեր օբյեկտիվության կամ սուբյեկտիվության մասին կարող են դատել միայն մեր ընթերցողները, այլ ոչ թե հոդվածների «հերոսները» կամ մամուլի մասին թյուր պատկերացումներ ունեցող չինովնիկները։



Հասկանալի է, որ ԱԻՆ-ում աշխատող մարդիկ շատ կուզենային, որ անտառներն այրվեն, իսկ մենք միայն պաշտոնական հաղորդագրություններ տպենք, «Նաիրիտում» հրդեհ լինի եւ մենք միայն հրշեջներին գովենք, ճոպանուղիներն ու շարժասանդուղքներն անսարք լինեն եւ մենք չգրենք, որ դրանք փորձաքննություն չեն անցել եւ այլն, եւ այլն։ Բայց մամուլի գործը հենց դա է՝ պետական կառույցների թերի աշխատանքը եւ թերացող չինովնիկներին բացահայտելը։



Հրապարակ