Տոհմացեղային կարգեր՝ Զարթոնքում

Տոհմացեղային կարգեր՝ Զարթոնքում

«Հեղափոխությունը Զարթոնք չի մտել, այստեղ դեռ ՀՀԿ-ական բարքեր են: Հարազատ կուսակցության գործելաոճին հավատարիմ՝ գյուղապետ Պարույր Սարգսյանը շարունակում է թալանել համայնքի բյուջեն, ամայացնել գյուղն ու ստրկացնել բնակիչներին: Ես չեմ ուզում, որ իմ երեխան Սարգսյան գերդաստանի ստրուկը լինի: Դրա համար դպրոցից հանել, տեղափոխել եմ Մեծամոր: Այնտեղ տուն ու հող եմ վարձել՝ մշակել ապրում ենք»,- հարազատ գյուղից հեռանալու պատճառը ներկայացրեց Սուրեն Պողոսյանը:

Սուրենը միակը չէ, որ դժգոհ է գյուղապետ Պարույր Սարգսյանի աշխատանքից: Նրա հետ է Զարթոնք համայնքի բնակչության գրեթե կեսը: «Դժգոհ են, բայց վախենում են խոսել: Գյուղապետը տնետուն մտել, սպառնացել ա, որ եթե իր դեմ բողոքեն, հացից կկտրի, վարձակալությամբ տված հողը ձեռքներից կառնի»,- ասաց Խաչատուր Աբովյանը:

Զարթոնքցիները գյուղապետի չարաշահումների մասին փաստերը մեկ ամիս առաջ ուղարկել են Պետական վերահսկողական ծառայություն, պատասխան չեն ստացել: Պարույր Սարգսյանի թույլ տված անօրինությունների մասին նաեւ մարզպետին են տեղեկացրել: Անօգուտ: 

«Մարզպետը մեզ ընդունելության էր հրավիրել, բայց քանի որ գյուղում բողոքի ակցիա էինք անում, մի փոքր ուշացանք հանդիպումից: Պրինցիպ ընկավ, չընդունեց: Մեզ փոխմարզպետը լսեց, բայց ոչ մի արդյունք: Ընդհակառակը, հասկացանք, որ մարզպետարանում դեռ կան ՀՀԿ-ականներ, որ աշխատում են նախորդ իշխանություններին հլու-հնազանդ ծառայած գյուղապետերի, այդ թվում՝ Զարթոնքի գյուղապետի օգտին: Ինչքան էլ մենք փաստեր ենք ներկայացնում, նրանք հակառակն են ասում մարզպետին ու տրամադրում մեր դեմ»,- ասաց Սուրեն Պողոսյանը:

23 տարի է՝ Պարույր Սարգսյանը ղեկավարում է Զարթոնքը: Գյուղացիների ասելով՝ պատրաստվում է համայնքապետի աթոռը փոխանցել թոռանը՝ 23-ամյա Վարդգես Սարգսյանին: «Ուզում ա սուլթանություն ստեղծի: Ինքն էլ էդ պաշտոնը հորից՝ Մխիթար Սարգսյանից ա ժառանգել: Երեւի մտածում ա՝ պապենական աթոռ ա, ուրիշն ի՞նչ գործ ունի դրա վրա նստի: Բա սերնդեսերունդ չփոխանցի՞, որ իր սեւ գործերը ջրի երես դուրս բերող չլինի: Դրա համար էլ աուդիտ ենք պահանջում»:

Գյուղացիների ասելով՝ Զարթոնքում Սարգսյանների դինաստիան ամուր արմատներ է գցել: «Գյուղապետի եղբայրը՝ Խաչիկ Սարգսյանը, «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ (ջրօգտագործողների ընկերության) տնօրենն է, աղջիկը՝ Հռիփսիմե Սարգսյանը, դպրոցի տնօրենը»: 

«Դպրոցը ՍՊԸ են դարձրել. աղջկանից առաջ էլ փեսան էր տնօրենը: Հենց մահացավ, իշխանությունն անցավ աղջկան: Չնայած դեռ պարզ չէ, թե ով է իրական տնօրենը՝ աղջի՞կը, թե՞ թոռը, որը նույնպես դպրոցում է եւ բոլոր որոշումներն ինքն է կայացնում»,- ասաց Մարինե Աբովյանը: 

Մինչ Զարթոնքի բնակիչները գյուղապետի անօրինությունների մասին վկայող փաստաթղթեր են ուղարկում տարբեր գերատեսչություններ, համայնքի ղեկավարը, իր լծակներն օգտագործելով, փորձում է լռեցնել համագյուղացիներից շատերի ձայնը՝ տպավորություն ստեղծելով, թե իր դեմ բողոքողները մի քանիսն են:

Համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ իր թոռանն է պատրաստվում դարձնել համայնքապետ, պատասխանեց․ «Կգա ժամանակը, կորոշենք։ Իմ թոռը կլինի, թե ուրիշ մարդ կլինի՝ այսօր ես որեւէ բան չեմ կարող ասել, դա սուտ խոսակցություն է, նման բան չկա, խոսակցություն չկա»։

Այնուամենայնիվ, իր թոռն ունի՞ հավակնություններ՝ հետագայում համայնքի ղեկավարությունը ստանձնելու։ «Իմ թոռն ավարտել է Պետական մանկավարժական համալսարանը, իրավագիտության բաժին, առայժմ գյուղում է ապրում, գյուղում է ծնվել, գյուղում է մեծացել, մեր գյուղի կյանքին բոլորը ծանոթ է։ Երեւի դեռ հստակ չի որոշել, կարող է պատահի, որ եկող տարի ընտրություն լինի, իհարկե, կարող է իր թեկնածությունը դնի, դա իմ ժառանգությունը չի, կարող ա ուրիշ մեկը դնի»։

Իսկ ճի՞շտ է, որ իրենից առաջ համայնքն իր հայրն է ղեկավարել։ «Այո, իմ հայրն է ղեկավարել, 96 թվից մինչեւ հիմի էլ ես եմ ընտրվել»։

Եղբայրն էլ «Սեւջուր-Ախթամար» ՋՕԸ-ի տնօրե՞նն է։ «Այո, այդ ընկերությունում է՝ որպես գլխամասի տեղամասի պետ»։

Ասում են, թե դուստրն էլ համայնքի դպրոցի տնօրենն է, իսկ նրանից առաջ էլ փեսան է եղել տնօրենը․ դարձյալ հաստատեց՝ «այո»։

Հարցրինք, թե իր հարազատների նման առաջխաղացման գործում ինքը որեւէ աջակցություն ունեցե՞լ է։ «Ոչ, իհարկե, ոչ։ Եթե այդ ցուցարարների մեջ կա մի բարձրագույնավարտ, թող բերի մի հատ դիպլոմ ցույց տա՝ աշխատանքի տեղավորվելու, նման բան չկա։ Ես ինչո՞վ եմ մեղավոր, որ իմ բոլոր թոռները կամ իմ եղբոր երեխաները սաղը բարձրագույնավարտ են, բոլորը պետական համալսարաններն են ավարտել, մանկավարժներ են եւ այլն, եւ այլն։ Ասենք՝ որ իրենց մեջ չկան մարդիկ, ես մեղք ունե՞մ այդտեղ։ Եթե կա մի մարդ, որը Ձեզ մի հատ դիպլոմ կբերի եւ ցույց կտա, ես պատրաստ եմ դրա համար պատասխան տալու»։

Իսկ հարցին, թե իրենց ընտանի՞քն է ողջ համայնքի ինտելեկտուալ էլիտան, համայնքապետն արձագանքեց․ «Ես բան չասացի»։

Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ