Հաագայի միջազգային դատարանի որոշումն ավելի շատ պետք է հայերիս

Հաագայի միջազգային դատարանի որոշումն ավելի շատ պետք է հայերիս
ՄԱԿ-ի բարձրագույն դատական ատյանի՝ Հաագայի միջազգային դատարանի հուլիսի 22-ին կայացրած որոշումը, որով Կոսովոյի միակողմանի անկախության հռչակումը համարվել է միջազգային օրենքներին չհակասող, աշխուժություն է առաջ բերել Արցախի քնած քաղաքական կյանքում: Ուստի փորձեցինք իմանալ Արցախի "Սոցիալական արդարություն" կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանի եւ "Նոր էջ" հանրային թերթի խմբագիր, գրող, հրապարակախոս Վարդգես Օվյանի կարծիքը՝ Հաագայի միջազգային դատարանի վերոհիշյալ որոշման կապակցությամբ։



Կարեն Օհանջանյան - Չնայած Հաագայի միջազգային դատարանի որոշումն իրավական պարտադրող ուժ չունի, այլ միայն խորհրդատվական բնույթ ունի, բայցեւայնպես այն բարոյական եւ իրավական տեսանկյունից մի փաստաթուղթ է, որ վիճարկման ենթակա չէ։ Ես շնորհավորում եմ անկախ Կոսովոյի ժողովրդին՝ իրենց երկրի միջազգային ճանաչմանը միտված աննկուն պայքարում հերթական հաղթանակը տոնելու համար, եւ համոզված եմ, որ յոթ սարի հետեւում չէ այն օրը, երբ, հենվելով նույն այդ որոշման վրա, միջազգային հանրությունը կճանաչի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։



Աշխարհն առաջին անգամ ոչ միայն նույն հարթության վրա դրեց "տարածքային ամբողջականության անխախտելիության" եւ "ազգերի ինքնորոշման" սկզբունքները, այլեւ, տվյալ դեպքում, նախապատվությունը տվեց երկրորդին։ Մեր պետությունը, մեր կառավարությունը վաղուց ճանաչած պիտի լիներ Կոսովոյի անկախությունը։ Եթե այդ կառավարությունն այսօր էլ չի ուզում ուղղել իր սխալը, ապա պիտի պատասխանատվության ենթարկել նրան, որ, փաստորեն, բռնաբարում է Արցախի ժողովրդի 1991թ. համաժողովրդական հանրաքվեով վավերացված անկախ պետականության հռչակումը, այդ թվում՝ այլ ժողովուրդների անկախ ապրելու եւ սեփական պետությունը կերտելու իրավունքը։ Փոխանակ ուղիներ փնտրելու, ջանքեր գործադրելու, ինչպես Կոսովոյի իշխանություններն են անում, որպեսզի աշխարհը ճանաչի սեփական երկրի անկախությունը, Ղարաբաղի իշխանությունները սպասում են, թե ինչ է ասում Ռուսաստանը, որպեսզի հլու-հնազանդ կատարեն այդ երկրի պատվերը։



Վարդգես Օվյան - Հաագայի միջազգային դատարանի որոշումը ոչ միայն Ադրբեջանի ղեկավարությանն առիթ պիտի տա վերանայելու Արցախի նկատմամբ սեփական գաղութատիրական անիմաստ քաղաքականությունն ու զսպի նրա ռազմատենչ հոխորտանքը, այլեւ դրանից ավելի շատ դասեր պիտի քաղեն հենց Ղարաբաղն ու Հայաստանը։ Հատկապես վերջինս պետք է հասկանա, որ նպատակին հասնելու միակ ճանապարհը պայքարելն է, եւ այդ պայքարի առաջին քայլերից մեկը պիտի լինի Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Մինչդեռ երբ Կոսովոն 2007-ին անկախություն հռչակեց, հայկական դիվանագիտությունն անմիջապես շտապեց հայտարարել, թե Ղարաբաղի խնդիրն ու Կոսովոն տարբերվում են իրարից։ Պատմականորեն, այո, մեծ տարբերություններ կան, եւ այդ տարբերություններն ավելի շատ մեր օգտին են, որովհետեւ, ի տարբերություն Կոսովոյի, Ղարաբաղը դարեր ի վեր եղել է հայ ժողովրդի բնօրրանը, եւ առավելապես խորհրդային տարիներին էին ադրբեջանցիները սկսել հաստատվել այստեղ։ Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը պետք է ստիպի հայ դիվանագիտությանը` փոխելու ընտրած սխալ մարտավարությունը, վախվորած, պարտվողական քաղաքականությունը։ Կոսովոյի ալբանացիները պայքարել եւ հասել են իրենց երկրի անկախության ճանաչմանը։ Արցախի ժողովուրդն ավելի վաղ է ձեռք բերել իր անկախությունը՝ Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում ազատագրելով իր հայրենիքն ու 1991թ. համաժողովրդական հանրաքվեով հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սակայն, փոխանակ պայքարելու, որ աշխարհը եւս ճանաչի Ղարաբաղի անկախությունը, սպասում ենք, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների անիմաստ հանդիպումներն ինչ պտուղ են տալու, հաստատ իմանալով, որ դրանք իրական կարգավորման հետ կապ չունեցող պարապ զրույցներ են։ Հատկապես, երբ արցախցիները ՀՀ ոչ մի ղեկավարի չեն լիազորել որոշելու Արցախի ճակատագիրը։



Այնպես որ, Հաագայի միջազգային դատարանի որոշումն ավելի շատ պետք է ոչ թե Կոսովոյին, որին արդեն ճանաչել են 69 երկրներ, այլ հատկապես Ղարաբաղի իշխանություններին, որպեսզի վերջապես արթնանան լեթարգիական քնից եւ նպատակաուղղված գործունեություն ծավալեն մեր երկրի միջազգային ճանաչման ուղղությամբ։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ