ՀԴՄ-ներ դպրոցներում

ՀԴՄ-ներ դպրոցներում
Երեկ Շիրակի մարզի բոլոր դպրոցների տնօրենները մի հարկի տակ էին հավաքվել: Առիթը օգոստոսյան խորհրդակցությունն էր: Ամեն տարի այս օրերին մարզի ղեկավար կազմը` մարզպետով, բաժնի պետով, ներկայանում են խորհրդաժողովին: Այս անգամ  առանց մարզպետի, բայց դատախազության ու ԿԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացավ խորհրդաժողովը:



Գիտելիքի օրվան ընդառաջ մարզպետի անունից խորհրդակցության մասնակիցներին  շնորհավորեց նրա տեղակալ Սեյրան  Պետրոսյանը: Շիրակի մարզպետարանի  կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետ Սահակ Մինասյանի ելույթից կարելի էր կարծել, թե տարեվերջյան ամփոփում է, բազմավաստակ ուսուցիչներին պարոն Մինասյանը կարծես  սովորեցնում էր, թե ինչպես վարվեն աշակերտի հետ. "Մանկավարժը պարտավոր է ինքն ունենալ անհատական մոտեցում, որով ինքնաբերաբար կձեւավորի երեխաների միջեւ անհատականությունը ձեւավորող  փոխհարաբերություն եւ շփման մի այնպիսի ձեւ, որն այսօր չկա: Ուսուցիչը  դասարանին  պետք է նայի ոչ թե  21 հոգու, այլ 21 անհատականությունների, 21 աշխարհի: Մենք ենք այդ աշխարհը բացահայտում, ոչ թե միջավայրը: Մենք չբացահայտենք` միջավայրը պատրաստ է իր խեղված արժեքային համակարգով զարգացնել աշակերտին այդ ուղղությամբ": Պարոն Մինասյանը խոսեց նաեւ գենդերային անհավասարության մասին, նշելով, որ Շիրակի մարզի դպրոցներում աշխատող ուսուցիչների ընդամենը  20 % -ն են  տղամարդիկ,մնացած 80-ը կանայք են: Այն բանից հետո, երբ Շիրակի մարզի  Մարմաշեն գյուղի բնակիչները բողոքել էին դպրոցում դրամահավաքությունից, այսօր առաջարկվեց ՀԴՄ-ներ տեղադրել դպրոցներում: Այսինքն, կարելի է կարծել, որ եթե դպրոցում ավելի կամ կավիճի  համար գումար են  հավաքում, պիտի կտրոն պահանջեն: Առաջարկը ներկաները շատ բուռն ընդունեցին: Երեւի տնօրենները չէին սպասում, որ համակարգչի փող տալու համար  կպարտավորվեն կտրոն տրամադրել:



ԿԳ նախարարության ներկայացուցիչ Արտակ Հովսեփյանն էլ Երեւանից եկել- հասել էր Գյումրի` ընդամենը "Հանրակրթության մասին" ՀՀ  օրենքին ծանոթացնելու համար:  Դատախազության ներկայացուցիչն էլ ներկայացրեց 2010 թ. առաջին կիսամյակի  ընթացքում անչափահասների կողմից կատարված խուլիգանական դեպքերը: Այս ընթացքում 22 անչափահասի կողմից իրականացվել է 25 դեպք:



Մի խոսքով, քիչ աշակերտներով, քիչ փողով դեպի սեպտեմբերի մեկ:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ