Թիվ 114 դպրոցի տնօրենը բիզնես է դրել

Թիվ 114 դպրոցի տնօրենը բիզնես է դրել
Երեկ մեկնարկեց նոր ուսումնական տարին: Տարին որոշ չափով նման էր նախորդներին, սակայն ինչ-որ բաներով էլ տարբերվում էր: Բոլոր դպրոցներում, ամեն տարվա նման, նույն ավանդական արարողությունն էր՝ աշակերտները դասղեկի կամ տնօրենի համար նախատեսված ծաղկեփնջերով, նվերներով, նոր շոր-կոշիկներով, պայուսակներով հավաքվել էին դպրոցի բակում, լսում էին տնօրենի եւ ուսուցիչների բարոյախրատական քարոզները, որ պետք է լավ սովորել, ուշիմ լինել: Իսկ տարբերությունն այն էր, որ հայտնվեցին ավագ դպրոցներ, որոշ դպրոցներ միայն հիմնական կրթություն են տալու՝ 1-9-րդ դասարան:



Ավագ դպրոցներն այլեւս չեն ընդունում առաջին դասարանցիներին, փոխարենը ընդունում են ուրիշ դպրոցներից տեղափոխված բարձր դասարանցիների: Ավագ դպրոցների շարքում է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը: Տարբեր դպրոցներից այստեղ են տեղափոխվել մեծ թվով աշակերտներ: "Էնքան շատ են, որ մի քանի հատ նույն դասարանից ա բացվել: Օրինակ մեր դասարանում 24 հոգի ենք, բայց մենակ 7 հոգի ենք մեր դպրոցից, մնացածը ուրիշ տեղերից են եկել: Ինչքան գիտեմ՝ 6 հատ 11-րդ դասարան կա, 10 հատ 10-րդ դասարան",-ասաց թիվ 114-ի աշակերտուհիներից մեկը: Դպրոցում հաստատեցին, որ այս տարի գործում է 16 ավագ դասարան:



Դպրոցի բակում հավաքված աշակերտների հագուկապից կարելի էր կռահել, թե ովքեր են նորեկները: Թիվ 114-ի բոլոր աշակերտները միանման էին՝ համազգեստով, որի համար արդեն մի քանի ամիս դպրոցում 26-27 հազար դրամ էին հավաքում: Աղջիկները սպիտակ վերնաշապիկով էին, կանաչ վանդականախշերով շրջազգեստով ու փողկապով: Տղաները՝ սպիտակ վերնաշապիկով եւ մուգ կապույտ տաբատով ու փողկապով: "Ուրիշ դպրոցներից եկածներն ուրիշ շորերով են, բայց մինչեւ սեպտեմբերի 20-ը բոլորին կբաժանեն",- ասաց աշակերտներից մեկը: Համազգեստից իրենք դժգոհ չեն, միայն կտորի որակից են բողոքում: Հիշեցնենք, որ չնայած Երեւանի քաղաքապետն արգելել էր դպրոցներում համազգեստի համար փող հավաքել, սակայն թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը, անտեսելով քաղաքապետի հրահանգը, նման քաղաքականություն է որդեգրել:



Համազգեստի խնդիր չկար թիվ 114 դպրոցի հարեւանությամբ գտնվող թիվ 71-ում: Թեեւ դպրոցի բակում այնքան աշակերտ չկար, ինչքան 114-ի, բայց բոլորը սեւ ու սպիտակ շորերով էին: Հատկապես գեղեցիկ էին փոքրիկները՝ առաջին դասարանցիները, որոնք այս տարի ավելի շատ էին, քան նախորդ տարիներին: Թիվ 71-ը, որն ավանդաբար տուժել է 114-ի մրցակցությունից եւ համարվել թույլ դպրոց, տարիներ շարունակ աշակերտ հավաքելու խնդիր է ունեցել: Անգամ մի ժամանակ դպրոցը լուծարելու եւ շենքն այլ կազմակերպության տրամադրելու ծրագիր կար: Դպրոցն այս տարվանից դարձել է հիմնական եւ գուցե այս պատճառով մի փոքր զարգացում կապրի՝ 114-ի կրտսեր դպրոցի կոնտինգենտը գուցե տեղափոխվի այս դպրոց:



Այս տարի թիվ 71-ը 3 առաջին դասարան ունի՝ յուրաքանչյուրում 23-27 աշակերտ: Անցած տարի եղել է ընդամենը 1 առաջին դասարան՝ 25 աշակերտով: "Կա՞ արդյոք մրցակցություն դպրոցների միջեւ" հարցին 71-ի տնօրեն Գայանե Դեմիրյանը պատասխանեց. "Մրցակցություն չկա: Ես դա չեմ հասկանում: Նրանք անգլերենի խորացված ուղղությամբ դպրոց են, մենք՝ ռուսերենի: Ճիշտ է, աշակերտների թվի տարբերություն կա, բայց ընդհանուր գաղափարը, նպատակը նույնն է՝ գիտելիք փոխանցելը: Նախկինում, երբ 71 դպրոցը ռուսական թեքումով էր, 3 հերթով էր աշխատում: Հիմա էլ ամեն ինչ կարգին է դպրոցում, շատ լավ ուսուցիչներ ունենք": Այս տարի, բացի առաջին դասարանցիներից, դպրոցում աճել է նաեւ մյուս աշակերտների թիվը:



"Ավելի քան 25 աշակերտ տեղափոխվել է այլ դպրոցներից մեր դպրոց",- ասաց տնօրենը: Գայանե Դեմիրյանը կարծում է, որ "եթե ավագ դպրոցը գործի այնպես, ինչպես ծրագիրը հստակ պահանջում է, ապա իրեն կարդարացնի: Նույն դասարանում բոլորը չեն կարող նույն խորությանբ անցնել, ասենք, քիմիա եւ պետք էլ չի: Այդպիսով նրանք հոգնում են ու նույնիսկ միջին շեմը չեն պահում: Իսկ ավագ դպրոցը հնարավորություն է տալիս աշակերտներին ընտրել հոսքեր, ինչը շատ ավելի լավ է: Քանի որ պրոցեսը նոր է, անհարթ պահեր կլինեն: Կրթական ոլորտում այսպիսի գլոբալ փոփոխությունները չեն կարող շատ հարթ ընթանալ: Իհարկե, բարդություններ կծագեն, եւ պետք չէ դրանից խուսափել":



ՀԳ - Երբ արդեն ավարտել էինք հոդվածը, "Հրապարակի" խմբագրություն զանգահարեց մի ծնող, որն իր երեխային նոր էր տեղափոխել թիվ 114 ավագ դպրոց, եւ նրան անմիջապես պարտադրել էին, որ համազգեստ գնի. "Երբ մտանք դպրոց, առաջինը մեզ ասացին, որ պետք է աշակերտական համազգեստ գնենք: Համազգեստն արժե 26 հազար, բայց բոլոր ծնողները չէ, որ դրա հնարավորությունն ունեն: Ինձ 2 շաբաթ ժամանակ են տվել: Դասղեկն ասաց՝ կամ պետք է երեխան համազգեստ հագնի, կամ նրան թույլ չեն տա դպրոց մտնել": Մեզ զանգահարած ծնողն ասաց նաեւ, որ մինչեւ սեպտեմբերի 16-ը դպրոցին կից խանութ է բացվելու, որտեղ վաճառելու են այդ համազգեստները, եւ ովքեր չունեն, չեն հասցրել գնել, կարող են այդ խանութից համազգեստ ձեռք բերել: