Ժանտախտը կանխելու միակ ձեւը ժամանակին հայտնաբերելն է

Ժանտախտը կանխելու միակ ձեւը ժամանակին հայտնաբերելն է
Աշոտը մեկն է այն գյուղացիներից, որի խոզերը եւս սատկեցին աֆրիկյան ժանտախտ հիվանդությունից: Աշոտ    Գեւորգյանն ապրում է Լոռու մարզի Մարց համայնքում, նրա 23 խոզերից մնացել է 5-ը, 18-ը սկսել են սատկել դեռ օգոստոսի 10-ից: "Տեսա կերից կտրվել են, մի 3 օր չէին ուտում ու սատկում էին: Մնացել է 5 հատ,  բժիշկները եկան-ասին՝ դեղը չկա, որ սրսկենք: Դե, առայժմ սրանք հիվանդ չեն, սրանց անտիբիոտիկներ եմ տալիս, տենց պահում ենք, որ կարենանք փրկենք: Ահավոր վիճակի մեջ ենք, գոճիները ծնվել էին 6 ամիս առաջ, 23 հատ էին": Իսկ խոզերը պատվաստվե՞լ էին:



"Դասականի դեմ չեն սրսկվել, միջոցառումներ չեն կատարվել, ուզում էինք սրսկեինք, բայց չհասցրեցինք: Բժիշկն ասավ՝ չկա դեղը, դե, անասնաբույժն ասավ՝ մոտ օրերս կբերենք-կսրսկենք: Սպասում էի, շատ ժամանակ մենք ենք բերում",- ասում է Աշոտ Գեւորգյանն ու ավելացնում, որ նախորդ բռնկման ժամանակ գյուղի բոլոր խոզերը վերացան, մենակ ինքն ուներ ու այդպես պահելով շատացրեց. "Էն վախտ ես չսպանեցի, պահեցի, պայքարեցի, նենց արի, որ ոչ մի բանի հետ չշփվեցին: Գյուղում մենակ ինձ մի հատ մայր մնաց ու դրանով զարգացրի-շատացրի. ահագին փող եմ ծախսել՝ 500 հազարից շատ: Իմ չարչարմունքը հետը 2 էդքան վնաս տվեց":



Հիվանդացել են նաեւ Էմմա Պետրոսյանի խոզերը, որոնց մի մասը հարկադիր սպանդի է ենթարկվել: "Երեկ 15 հատ սպանեցինք, 2 հատ մեծ մերուն էր՝ 100 կիլանոց, 8 հատ սեւ գոճիներ, 8 հատ էլ բոռվակներ` 20 կիլանոց, 4 հատ էլ ձորն էինք ածել",- պատմում է տիկին Էմման: "Դեղ չի եղել, չի սրսկվել: Գիտեինք, որ անվճար ա, բայց ոչ դեղ բերեցին գյուղ, ոչ էլ սրսկվեցին խոզերը": Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանն ասաց, որ գյուղում վերջին անգամ աֆրիկյան ժանտախտի դեպքեր արձանագրվել են 2007-ին. "2007-ին անկվել էին 470-570 հատ, շատ էին անկվել, բայց ժամանակին բնակչությունը տեղյակ չպահեց, թաքցրեց, միայն փոխհատուցման ժամանակ ասին: 3 տարվա մեջ գյուղացին սկսեց այստեղից-այնտեղից առնել, ստեղծել:



Մենք անտառային պայմաններում ենք խոզերին պահում, տուն արած չենք պահում. դա արդեն կարար պատճառ դառնար: Օգոստոսի 27-ին եկել են Վանաձորի անասնաբուժական կենտրոնից, ախտորոշել են, որ իրականում աֆրիկյան ժանտախտ է, 33 հատ անասունների գերեզմանոց թաղել ենք: Կան տնտեսություններ, որտեղ առայժմ պարզ չի, ինչ-որ տեղ կարող ա եւ թաքցնում են, որ հետո կարենան վաճառեն": Ըստ գյուղապետի՝ գյուղում հաշվառված է 500 եւ ավելի գլուխ խոզ: Զգալով, որ հիվանդությունը գլուխ է բարձրացնում, 10 օր առաջ նոր հաշվառում են արել՝ գրանցելով 530 գլուխ խոզ:



Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզի կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց. "Լոռվա մարզի Թումանյանի տարածաշրջանի 2 համայնքներում ունենք արձանագրված աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքեր, որի համար նյութերն ուղարկվել են համապատասխան փորձագիտական լաբորատորիա, ախտորոշման պատասխանն ստացել ենք հաստատված: Միջոցառումներ են ձեռնարկվել, մարզպետի մոտ կայացել է խորհրդակցություն, կազմվել է հանձնաժողով, կարանտինային սահմանափակումներ են մտցվել:



Երկու համայնքներում էլ կարանտինային սահմանափակումներ են դրվել, հսկողությունն ուժեղացել է, համապատասխան հորերը պատրաստվել են, անկված եւ հարկադիր ոչնչացված կենդանիները հորվել են, համապատասխան հորերի եւ օջախների նկատմամբ ախտահանություն է իրականացվել: Պետք է թույլ չտալ, որ վարակի օջախը տարածվի շրջակա համայնքներում եւ առավել եւս հասնի ուրիշ տարածաշրջաններ: Իսկ աֆրիկյան ժանտախտի համար նախ չկա համապատասխան պատվաստանյութը եւ ամենակարեւորը` աֆրիկյան ժանտախտով հիվանդացող խոզերի բուժման ոչ մի դեղորայք չկա, եւ ոչ մի բուժում էլ արդյունք չի տալիս: Պայքարի միակ միջոցը ժամանակին ահազանգելն է, ախտորոշելը, դեպքի օջախը կարճ ժամանակում լիկվիդացնելը, անարյուն եղանակով ոչնչացնելը, հորերի մեջ հորելը եւ տեղը ախտահանելը":



Էդվարդ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ