Հրդեհները վերադարձել են Ռուսաստան. Վոլգոգրադի մերձակայքում 170 տուն է այրվել (վիդեո)

Հրդեհները վերադարձել են Ռուսաստան. Վոլգոգրադի մերձակայքում 170 տուն է այրվել (վիդեո)
Ուժեղ անտառային հրդեհների հետեւանքով Վոլգոգրադի եւ Սարատովի շրջաններում, վերջին տեղեկությունների համաձայն, այրվել է 170 տուն, 2 մարդ զոհվել է, եւս 14-ը տուժել են` ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Վոլգոգրադում տները այրվել են 20 բնակավայրերում: Իրավիճակն արդեն փորձում է վերահսկել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, նա «արդեն տվել է անհրաժեշտ հանձնարարականները» տուժածներին օգնելու եւ բռնկումները վերացնելու մասին: Նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է էլեկտրահաղորդիչ լարի կտրվելու արդյունքում չոր խոտի վրա ընկած կայծի հետեւանքով: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ, իրավիճակը սրել են մոտակայքում աղբակույտերի առկայությունը եւ տեղաբնակների անզգույշ վարվեցողությունը կրակի հետ: Իսկ մինչ այդ կրակը մեկուսացնել դեռ չի հաջողվում: Դրան զուգահեռ, օդերեւութաբանները խոստանում են քամիների ուժգնացում տարածաշրջանում: Սպասվում է, որ դրանց արագությունը կհասնի 35-28 մետր/վայրկյանում:







News.am-ը հաղորդում է նաեւ, որ շուրջ 200 հեկտար տարածքով անտառային հրդեհ է բռնկվել ՌԴ Տոլյատի քաղաքի շրջակայքում, որը ստիպել է քաղաքի իշխանություններին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը արտակարգ դրություն հայտարարել քաղաքում: Ուժեղ քամու պատճառով, կրակը շատ արագ տարածվում է: Քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխով: Ծխի պատճառով գիշերը փակվել է Տոլյատի-Սամարա դաշնային ճանապարհը, սակայն լույսը բացվելուն զուգահեռ, տեսանելիությունը լավացել է եւ մայրուղու երթեւեկությունը վերականգնվել է:



Տոլյատիի քաղաքապետ Անատոլի Պուշկովի խոսքով, բնակավայրերին ուղղակի վտանգ դեռ չի սպառնում, սակայն կրակը շարժվում է Զելենովկա գյուղի կողմը:

Հրդեհը մարելու նպատակով Տոլյատի են մեկնել 2 ուղղաթիռներ: ԱԻՆ ներկայացուցիչները հայտնում են, որ հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավել են զինվորականներ: