Ֆիզիկոսները բացատրել են Ռոբերտո Կարլոսի զարմանահրաշ գոլը

Ֆիզիկոսները բացատրել են Ռոբերտո Կարլոսի զարմանահրաշ գոլը
1997 թվականին բրազիլացի Ռոբերտո Կարլոսի իրականացրած հանրահայտ ազատ հարվածը ֆուտբոլի պատմության մեջ մտավ որպես "անհավանական հաջողակության" դեպք: Այնինչ ֆիզիկոսները բացատրել են, որ գեղեցկագույն գոլը ոչ թե հաջողակության, այլ ճշգրիտ հաշվարկի արդյունք է: Ռոբերտո Կարլոսը խփել էր այդ անհավանական գոլը ֆրանսիացի Բարտեզի դարպասին` Ֆրանսիա-Բրազիլիա ընկերական խաղի ժամանակ: Բազմաթիվ փորձագետներ պնդում էին, որ այդ գոլը հերքում է ֆիզիկայի բոլոր օրենքները: բայց ահա մի խումբ ֆրանսիացի գիտնականներ հետազոտել են թռչող գնդակի հետագիծը եւ կազմել են այն նկարագրող հավասարում:



Գիտնականների կարծիքով, այդ գոլը կարելի է կրկնել մի շարք պայմանների համատեղ առկայության դեպքում, որոնք են` հարվածի ուժը, իր առանցքի շուրջ գնդակի պտտման արագությունը, ֆուտբոլիստի եւ դարպասի միջեւ ընկած տարածությունը: Բոլոր պայմանների կիրառման դեպքում գնդաձեւ առարկան թռչելիս թողնում է գալարաձեւ հետագիծ, ընդ որում հետագծի թեքությունը գնալով ավելի նկատելի է դառնում գնդակի շարժմանը զուգահեռ:



Քանի որ Ռոբերտո Կարլոսը գտնվում էր դարպասից 35 մետր հեռավորության վրա, մարդիկ տեսել են նրա հետագծի միայն սկզբի հատվածը: Ըստ այդմ, մինչ այդ ֆիզիկայի տեսանկյունից "անհնար" թվացող հետագիծն իրականում լիովին համապատասխանում է աճող թեքության օրենքներին: Սովորաբար նման դեպքերում գնդակին խանգարում են օդի դիմադրությունն ու ձգողականությունը, սակայն Կարլոսի դեպքում հարվածն այնքան ուժեղ է եղել, որ այդ ուժերի ազդեցությունն աննշան է եղել, ու գնդակը շարժվել է իդեալական գալարի հետագծով, հայտարարել են գիտնականները:









Ռոբերտո Կարլոսի անհավանական գոլը