ՊՆ լռության քառասունքը

ՊՆ լռության քառասունքը
Երեկ ԼՂՀ Մարտունու N զորամասում սպանված 6 զինծառայողների  հարազատներն իրենց երեխաների քառասունքն էին նշում: Քառասուն օր առաջ` հուլիսի 28-ին, ժամկետային զինծառայողներ Անդրանիկ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարո Այվազյանը, Գարեգին Հովսեփյանը, Արտեմ Մանասյանը եւ ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը մահացան խորհրդավոր հանգամանքներում: Նրանց մարմիններին հրազենային վնասվածքներ են հայտնաբերվել: Եվ առաջին իսկ օրը, երբ ողբերգության գույժը հասավ Երեւան, ռազմական գերատեսչության տարբեր աշխատակիցներ, նաեւ զինծառայողների դին ուղեկցողները տարածեցին, թե բոլորին հրազենով սպանել է անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվող Կարո Այվազյանը, ապա ինքնասպան եղել:



ԱՆԴՐԱՆԻԿԻ ՄԱՅՐԸ ՄԱՀԱՑԱԾ ՈՐԴՈՒ ԴԵՄՔԻՆ ՉԻ ՆԱՅԵԼ



Սակայն զոհվածների հարազատները չեն հավատում այս վարկածին: "Ինչո՞ւ պետք է մեր տղան կրակ բացեր, հետո ինքն իրեն սպաներ,- ասում է Կարո Այվազյանի քեռին` նախկին ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը:- Կարոն ԱՄՆ-ում է մեծացել, հայրենիքը չէր էլ հիշում, մոր հետ մեկնել էր 3 տարեկանում: Նա մեր հողից կախվածություն չուներ: Ավելի հեշտ կանցներ թուրքի կողմը, կհանձնվեր, կասեր՝ սենց-սենց, քան իր ընկերներին կսպաներ կամ ինքն իրեն": Իսկ Անդրանիկ Սարգսյանի ծնողների համար երեխայի մահից ոչ պակաս ողբերգական է անորոշությունը:



Նրանք ընդհանրապես չեն հավատում քննիչներին: "Մեր երեխայի մահվան կապակցությամբ ոչ մի քննություն էլ տեղի չի ունենում: 40 օր անցել է, բայց ոչ մի բան պարզաբանված չէ,- ասաց Անդրանիկի մայրը՝ Սվետլանա Կարապետյանը,  արտահայտելով բոլորի կարծիքը:- Մեր վրա արդեն սկսել են ճնշումներ գործադրել, թե ինչո՞ւ եք դուք հոդվածներ տալիս: Բայց մենք համոզված ենք, որ բոլոր վարկածները սուտ են: Հնարավոր չի, որ մեկ հոգեկան հիվանդ 5 հոգու հասցնի սպանել, ու ոչ ոք նրա վրա չկրակի: Ընկերների վրա գցելն ամենաձեռնտուն է": Երեխայի դիակը բերելուց հետո կնոջը մարմնին մոտ չեն թողել. "Նրանք խոստացան մարմինը բացել հաջորդ օրը, բայց ես ինքս թույլ չտվեցի: Արդեն հասկացա, որ մի բան էն չի, ու էլ չուզեցի տեսնել":



ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՎԿԱ ԷՐ



Անդրանիկի հայրը` Սարգիս Սարգսյանը, որն այնուամենայնիվ տեսել է որդու դիակը, բազմաթիվ վնասվածքներ եւ ծեծի հետքեր է հայտնաբերել: "Առաջին օրերին խոչընդոտում էին հարազատների հանդիպումները, աշխատում էին, որ մենք իրար չտեսնենք եւ ինֆորմացիա չփոխանակենք, բայց մենք արդեն հանդիպել ենք բոլորով: Որոշեցինք համատեղ հասկանանք, թե որը որից հետո է",- պատմում է Սարգսյանը: Քննությունից անտեղյակ էին նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանի հարազատները` տատն ու հայրը, որոնք բնակվում են Վանաձորում:



Գործով զբաղվող քննիչները նրանց ասել են, որ տղան զոհվել է այն պահին, երբ լսելով, որ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանը զինծառայողներից մեկի հետ վիճում է, մոտեցել է, որ տեսնի, թե ինչ է եղել: Հիշեցնենք, որ, ըստ նախնական վարկածի, հենակետի պատասխանատու Թադեւոսյանը, քնած զինվոր տեսնելով, նկատողություն է արել Անդրանիկ Սարգսյանին, ինչից էլ վեճ է սկսվել լեյտենանտի եւ զինծառայողների միջեւ: Ռոբերտ Հովհաննիսյանը գումարտակի հրամանատարի տեղակալ Հովիկ Դանիելյանի վարորդն է եղել, որին, նրա հարազատների համոզմամբ, վերացրել են որպես անցանկալի վկայի: Նրանք համոզված են, որ հենց Հովիկ Դանիելյանի մատն էլ խառն է իրենց որդու սպանության մեջ:  "Մեր երեխան վարորդ է եղել:



Նրան դժվար թե պոստի կանգնեցնեին: Ո՞նց նա հանկարծ հայտնվեց այնտեղ: Սկզբում նա զինվորներին տեղափոխող մեքենան էր քշում: Հովիկ Դանիելյանը տեսել է, որ ինքը լավ սարքել է էդ ավտոն, լավ վարորդ է, տարել է Ռոբերտիկիս իր մոտ: Բայց ինքը գոհ չէր Դանիելյանից",- պատմում է Ռոբերտի տատիկը` Ալիսա Ափինյանը, իսկ հայրը վստահեցնում է, որ մոտ 10 կրակոցի տեղեր կային որդու մարմնին, աչքի տակ կապտուկ, եւ չի հասկանում, թե ինչպես եղավ, որ Կարո Այվազյանը միանգամից այդքան շատ վնասվածքներ կարողացավ հասցնել տղային: Քննիչները նույնպես չեն բացատրում:



Նա գործով զրուցել է միայն զինդատախազության աշխատակից Մուշեղ Բուլղադարյանի հետ, որը ոչինչ չի հաղորդել քննության ընթացքից եւ միայն հարցեր է տվել մամուլում Ռոբերտի հարազատների հայտնած տեղեկությունների շրջանակում: Զոհվածների մյուս հարազատները տարբեր պատճառներով չցանկացան խոսել մեզ հետ` մասամբ, որովհետեւ էլ ոչ մեկի չեն վստահում, մասամբ էլ՝ որովհետեւ, ինչպես լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի հայրն ասաց, ոչ մի քննություն զոհված երեխային չի վերադարձնի: Ասաց եւ ավելացրեց. "Իսկ առաջ քաշված վարկածներից ես ոչ մեկին չեմ հավատում: Մնացածը թող մնա իրենց խղճին":



ՀԱՐՑԵՐ ՍԱՔՈՒՆՑԻՑ



Միջադեպի օրվանից Հելսինկյան ասոցիացիայի վանաձորյան գրասենյակը սեփական հետաքննությունն է վարում գործով: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի շարք դիտարկումներ է արել, որոնք կասկածի տակ են դնում նախնական վարկածը Կարո Այվազյանի կատարած սպանության եւ ինքնասպանության մասին: Դրանցից առաջինն այն է, որ զոհվածների դիակների վրա, բացի հրազենային վնասվածքներից, այլ հետքեր էլ են եղել, որոնք կարող են վկայել բռնությունների մասին: Օրինակ, Գարեգին Հովսեփյանի աջ քունքի մոտ ուռուցք է եղել, ձեռքի մատները կոտրված են եղել:



Այվազյան Կարոյի աջ երիկամի ուղղությամբ սեւաձեւ հետք է հայտնաբերվել: "Երբ նրա քեռին հարցրել է, թե ինչ է սա, ասել են, որ դիակի տեղափոխման ընթացքում է առաջացել",- հայտնում է Սաքունցը: Նա նաեւ նշում է, որ հարազատներից ոմանք նույն ժամանակահատվածում կարողացել են զրուցել իրենց երեխաների հետ, ոմանց համար երեխաներն անհասանելի են եղել: "Այսինքն, իրենք մշտապես հեռախոսակապի մեջ են եղել, բայց, օրինակ, Գարեգին Հովսեփյանի ծնողներն իրենց որդու հետ 28-ի առավոտից սկսած՝ չեն կարողացել կապվել, իսկ, ասենք, Անդրանիկ Սարգսյանի մայրը իր հետ խոսել է 28-ի երեկոյան:



Ինչպե՞ս են այդ դեպքում ասում, որ այդ զինծառայողները մի տեղ են եղել: Առանձին զրույցների ժամանակ քննիչները նկարագրել են, որ Կարո Այվազյանը մի "մագազին" փամփուշտը վերջացրել է, հետո մյուսը վերցրել, ապա ՌՊԿ-ով` "ручной пулемет калашникова", ինքն իրեն սպանել: Մինչդեռ ՌՊԿ-ն երկար փող ունի, եւ մարդը դրանով իրեն սպանելու համար պետք է ունենա 190 սմ-ից ոչ պակաս բոյ, իսկ Կարոյի բոյը մետր 65 սմ էր": Նախաքննության ժամանակ պետք է պարզվի նաեւ, թե ինչու են բոլոր մարմինները բերվել առանց հագուստի եւ շորերը պատշաճ ձեւով չեն փաթեթավորվել ու ցույց տրվել ծնողներին` հանգամանք, որը կասկածներ է հարուցում նրանց շրջանում եւ անվստահություն ներշնչում հասարակությանը:



Ահա ինչու նման շոկային հանցագործությունների ժամանակ զարգացած երկրներում ընդունված է պարբերաբար տեղեկացնել հանրությանը իրավապահ մարմինների գործողությունների մասին: Մինչդեռ մերոնք, ինչպես միշտ, լռում են, լավագույնս պայմաններ ստեղծելով եւ ժամանակ տալով հանցագործներին` կոծկելու ողբերգության մեղավորներին:



ՀԳ - Միակ տեղեկությունը, որ երեկ հայտնեցին պաշտպանության նախարարությունից, այն է, որ ՀՔԾ-ն քննություն է տանում: Պարզեցինք նաեւ, որ նախաքննությամբ զբաղվող քննիչը գործուղման է եւ ներկա պահին գտնվում է ԼՂՀ-ում: