Առանց կարգուկանոնի

Առանց կարգուկանոնի
Թե մայրաքաղաքում ճանապարհատրանսպորտային օրենքներն ինչպես են գործում կամ գործում են, թե չէ՝ հարցի մի կողմն է, բայց  գոնե կենտրոնական փողոցներում կան հոծ գծեր, գործող լուսացույցներ ու փոքրիշատե բարվոք գետնանցումներ: Իսկ ինչպիսին է վիճակը հանրապետության երկրորդ քաղաքում: Երբ նախորդ տարի սկսեցին Երեւանում փողոցը ոչ ճիշտ տեղից անցնող հետիոտներին տուգանել, Գյումրու անգամ կենտրոնական հրապարակում «զեբրաներ» կոչվածներից չկային: Հետո էլ՝ ձմեռնամուտին, իբր գծեցին, բայց ներկն այնքան անորակ էր, որ կարճ ժամանակ անց հազիվ էր նշմարվում, իսկ գետնանցումների մասին էլ խոսք չկա:



Գետնանցումները Գյումրիում ծառայում են իբրեւ  աղբանոցներ, զուգարաններ: Կոտրված լուսացույցներ` կենտրոնական փողոցներում: Օրենքը գործողության մեջ մտնելուց անմիջապես հետո մոտավորապես այսպիսին էր վիճակը Գյումրիում, միայն չկային տուգանված հետիոտներ: Այսօր էլ գրեթե նույնն  է, փոփոխությունները շատ չնչին են: Այդ դեպքում, հարց է առաջանում, ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանի համապատասխան մարմինը: Նախորդ տարի քաղաքապետարանից բացատրում էին, որ ունեցել են նյութի ներկրման խնդիր, քանի որ այս տարի էլ է վիճակը նույնը, նշանակում է՝ քաղաքապետարանը կանգնած է նույն խնդրի առաջ:



Գյումրիում օրենք խախտելու համար անհրաժեշտ պարագաների բացակայությունը հասարակ մարդկանց մոտ անգամ հարց է առաջացնում՝ «էդ ե՞րբ են կարգուկանոն ստեղծել, օր մե հադմ էլ կտուգանեն»: Փորձեցի ճանապարհային ոստիկանությունից իմանալ տուգանված մարդկանց քանակը, ստիպված էի մի քանի օր գնալ-գալ, մինչեւ պարզեցի, որ 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ամբողջ մարզում տուգանվել է 408 հետիոտն: Քանի որ գյուղերում մարդկանց դեռ չեն տուգանում, նշանակում է՝ դա եղել է Արթիկում, Մարալիկում եւ Գյումրիում: Ի դեպ, 2010-ի առաջին կիսամյակում տուգանվել է 2 հազար 660 վարորդ,   գրանցվել է նաեւ մեքենայի պատուհանից նետվելու 57 դեպք:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ