Երեւանի էլիտարն ու Գյումրիի բուլվարայինը

Երեւանի էլիտարն ու Գյումրիի բուլվարայինը
88-ի երկրաշարժից Գյումրիում կանգուն մնացած բազմաբնակարան շենքերը մատների վրա կարելի է հաշվել:  11 հատ ինը հարկանի բնակելիներ պահպանվել են միայն Բուլվարային կոչվող թաղամասում: Սակայն դրանով չէ, որ թաղամասը հայտնի է: Բնակիչների խոսքով՝ «ինչպես Երեւանի էլիտար Հյուսիսային պողոտան է միակը, այնպես էլ Գյումրիի Բուլվարայինը, բայց, ի տարբերություն էլիտարի, սա հայտնի է միայն իր 20 տարվա չլուծված խնդիրներով:



Տրանսպորտն այստեղ գործում է քմահաճորեն՝ պատճառաբանում են թաղամասի անբարեկարգ փողոցներով: Բուլվարայինի մասին իմանալով՝ տաքսիստներն էլ են հրաժարվում գալ այստեղ, ու ստիպված մոտ կես կիլոմետր գնում ենք, որ հասնենք կենտրոնական փողոց»: Նշված խնդիրները միայն նախաբան կարելի է համարել: Ամենաահավորը տիրում է երկրաշարժ տեսած շենքերի ներսում:



Տանիքից սկսած մինչեւ նկուղ ու դրանց արանքում խնդիրներ՝ ինչքան ասես: Որքան անձրեւային եղանակները մոտենում են, այնքան բնակիչների ահուսարսափն ավելանում է: «Տանիքները կաթում են, անձրեւաջրերը 9-րդ հարկից մինչեւ առաջին հարկ են հասնում: Դրան գումարած կոյուղաջրերը, որ անարգել լցվում են նկուղները: Էլ շե՞նք կդիմանա: Գարշահոտությունն էլ` մի կողմից»,- ասում են բնակիչները:



Տարվա մի մասը բազմահարկերում խմելու ջուր չկա,  այնինչ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն տեղակայված է հենց այդ թաղամասում: Ինչպես բնակիչներն են ասում, եթե ջրի խնդրով երբեմն-երբեմն հետաքրքրվող կա, ապա վերելակների մասին մոռացել են բոլորը: Առաջին հայացքից աչքի զարնող են նաեւ էլեկտրալարերը. մի անզգույշ շարժում, եւ հոսանքահարվելն անխուսափելի է:



22 տարիների ընթացքում բնակիչներն ում ասես չեն դիմել: «Աչքերին թոզ փչող օգնությունը լինում է միայն ընտրությունից ընտրություն»,- ասում են նրանք: Քանի որ բնակիչները անօթեւանի կարգավիճակ չունեն, ուրեմն շարունակելու են ապրել խնդիրներով լեցուն այս թաղամասում, թե մինչեւ երբ, իրենք էլ չգիտեն:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ