Վերահսկելի հեռուստաեթերը կպահպանվի

Վերահսկելի հեռուստաեթերը կպահպանվի
Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի  նախաձեռնությամբ միջազգային փորձագետներն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկեցին անալոգային համակարգից հեռարձակման թվային համակարգի անցման խնդիրները: ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ասաց, որ թվայնացումը պետք է խթանի ոլորտում բազմակարծության ձեւավորմանը, եւ հույս հայտնեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որ գլխավորելու է օմբուդսմենը,  արդյունավետ կաշխատի:



Դեսպան Կապինոսի լավատեսական տրամադրությունները ոլորտի հասարակական սեկտորի ներկայացուցիչները չեն կիսում: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասաց, որ իրենք հրաժարվել են մասնակցել այդ խմբի աշխատանքներին, որովհետեւ այն անարդյունավետ է լինելու. «Ես չեմ գնա մասնակցելու այդ խմբի աշխատանքներին, որովհետեւ կարծում եմ, որ 20 հոգով չի կարելի օրենք գրել: Իմ կարծիքով՝ օրինագծերն ստեղծվում են 1-2, առավելագույնը՝ 3 հոգով, 20 հոգանոց խմբերը պետք է պարզապես քննարկեն այդ նախագիծն ու ինչ-որ առաջարկություններ անեն:



Դա նշանակում է ջրել հարցը»: Իսկ ըստ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր, «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի, երկիրն ի սկզբանե եղել է իմիտացիոն հիմունքների վրա, ուստի այս նախաձեռնությունն էլ հերթական իմիտացիան է, որը գործընթացին որեւէ արդյունք չի տալու: Քննարկմանը ներկա էր նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Նա խոսեց թվայնացման հայեցակարգից, ասաց, որ կառավարությունն առաջիկա 10 տարիներին իր վրա է վերցրել ցանցի հեռարձակման պարտավորությունը, բայց օրենսդրությամբ երաշխավորված է նաեւ հետագա տարիներին մասնավոր մուլտիպլեքսների մուտքը ոլորտ:



Հիշեցնենք, որ Հայաստանում նախատեսվում է մինչեւ 2015 թվականն ամբողջությամբ անցում կատարարել թվային հեռարձակման: Հեռարձակման նոր արտոնագրերի տրամադրման համար մրցույթն արդեն հայտարարվել է, արտոնագրերը տրամադրվելու են 10 տարի ժամկետով: Հավելենք նաեւ, որ հեռուստատեսության թվայնացման գործընթացն սկսելու պատճառաբանությամբ հեռարձակման լիցենզավորման մրցույթները ժամանակավորապես սառեցվել էին, ինչը շատերի կողմից ընկալվեց որպես «Ա1+»-ի մուտքը հեռուստաեթեր կանխելու պատրվակ:



Մեսրոպ Մովսեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք բավականին լուրջ բիզնես-առաջարկ են ներկայացնելու եւ դրա մերժումը լուրջ իրավիճակ է ստեղծելու ՀՌԱՀ-ի համար: Հաշվի առնելով լիցենզավորման մրցույթների անցկացման նախկին փորձը, փորձագետ Մեսրոպ Հարությունյանը նշեց, որ այս անգամ էլ հեռուստահաճախականությունների համար անցկացվելիք մրցույթը բավարար թափանցիկություն չի ունենա: «Ըստ էության, լիցենզավորման մրցույթի արդյունքում մենք կունենանք անվճար պետական մուլտիպլեքսներով հեռարձակվող պետական հեռուստաընկերություններ: Մի 4-ը կպակասեն, դա, իմ կարծիքով, էական չէ, որովհետեւ մեր հեռուստատեսությունը բազմազանությամբ չի փայլում: Կարծում եմ՝ ստատուս-քվոն, այսինքն՝ վերահսկելի հեռուստաեթերը, կպահպանվի»,-ասաց Մեսրոպ Հարությունյանը: