1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին

1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին
Որքան էլ մամուլին մեղադրում են «հայկական բանակի դեմ» գրելու համար, Հայաստանի բանակում տեղի ունեցող դեպքերն իրենք են խոսում բանակի իրավիճակի մասին: Երեկ մեր խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ Նուբարաշենի զորամասում սպան այնպես է ծեծել զինվորին, որ վերջինիս բազմաթիվ կապտուկներով ու վնասվածքներով տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:



Հրամանատարի դաժան ծեծի արդյունքում Մուրացանի հոսպիտալի դիմածնոտային բաժին էր տեղափոխվել 18-ամյա Էրիկ Գրիգորյանը: Էրիկին զորամասից  հիվանդանոց են տարել բազմաթիվ սալջարդերով, կոտրված քթով ու գլխուղեղի ցնցումով: Երբ գնացինք հոսպիտալ, Էրիկի ծնողներն ու հարազատներն այնտեղ էին: Նուբարաշենի զորամասի հրամանատարի տեղակալը՝ Արմեն Բարեղամյանը, հոկտեմբերի 28-ին դաժան ծեծի է ենթարկել զինվորին: Հարազատների պատմելով՝ Էրիկն այդ օրը չի մասնակցել առավոտյան նախավարժանքին, ոտքը մեխ է մտած եղել:



Արմեն Բարեղամյանը դրա համար 1 ժամ 40 րոպե ծեծել է զինվորին, ընդ որում՝ ծեծը շարունակել է, երբ զինվորն արդեն ուշագնաց է եղել: Հարազատների պատմելով՝ այնուհետեւ տարել է լվացարանի մոտ, ջուր է լցրել վրան, ուշքի բերել ու շարունակել է ծեծը՝ այս անգամ տաբուրետկայով: «Սպան հարգված մարդ պետք է լինի, որ մենք նրան հարգենք որպես երկրի պաշտպան, բայց հիմա, փաստորեն, մեր թշնամիներն են սպաները: Էդպես է դուրս գալիս, որ էս կարգի ծեծում է 18 տարեկան երեխուն: Բա սպան տենց բան ա՞ անում»,- մեզ հետ զրույցում տարակուսանք հայտնեց Էրիկի հորեղբայրը՝ Գեղամ Գրիգորյանը:



Էրիկի հայրը՝ Գագիկ Գրիգորյանը, շատ տխուր էր. «Տղաս լավ չի, գլխի հետ կապված պրոբլեմներ ունի, քիթն էլ է կոտրված: Ողջ մարմինը ցավում է, չի կարողանում սնվի, չի կարողանում նորմալ խոսի»: Նա «ամենավերջին պատիժն» է ակնկալում ծեծող սպայի համար: «Ինչի զինվորի հետ սե՞նց են վարվում: Մենք մեր տղային ուղարկել ենք, որ իրա երեխեքին պաշտպանենք, ոչ թե, որ ջարդվի, բերվի-գցվի էստեղ»: Էրիկի ծնողները սպասում են նրա քթի վիրահատությանը, որ կարողանա շնչել: Էրիկն այդ զորամասում ծառայել է 5 ամիս ու մոր՝ Լարիսա Մանուկյանի խոսքերով՝ չի բողոքել, գոհ է եղել:



Ի դեպ, հրամանատարի տեղակալ Արմեն Բարեղամյանի մասին տեղեկություններ կան, որ նա կոնտուզիա ստացած է: «Եթե կանտուզիա ստացած է, չպիտի գնա բանակ սպա աշխատի, եթե խանգարում ունի, իրավունք չունի սպա դառնա, զորք ղեկավարի»,-հայտարարում են ծեծված զինվորի ծնողները:



Երեկ հոսպիտալում մեզ արգելեցին մտնել զինվորի մոտ: Նախ ասացին՝ ջրծաղիկ կա, կարանտինը դեռ չի լրացել, սակայն երբ նկատեցինք, որ ջրծաղիկը փաստորեն միայն լրագրողներին է սպառնում, քանի որ ծնողները ելումուտ էին անում, դուրս եկավ սպիտակ խալաթով մեկը եւ հրաժարվելով ներկայանալ, հայտարարեց, թե «սա զորամաս է, գոյություն ունի զորամասի հրամանատար, որի թույլատրության դեպքում է միայն հնարավոր ձայնագրություններ անել»: Դիմածնոտային բաժանմունքի բժիշկները հրաժարվեցին դուրս գալ եւ պատասխանել մեր հարցերին, թե ինչ վիճակում է զինվորը:



Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝  ՊՆ քննչական ծառայության լրատվական բաժնից ասացին, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն սպան դեռ կալանավորված չէ, նրան մեղադրանք դեռ չի ներկայացվել: Լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանը փոխանցեց հետեւյալը. «Փոխգնդապետ Արմեն Սուրենի Բարեղամյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ծեծի է ենթարկել ժամկետային զինծառայող Էրիկ Գրիգորյանին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Փաստի առթիվ 01.11.2010 թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային բաժնում 375 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»:



ՀԳ - Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ զորամասի հրամանատարի տեղակալ, սպա Արմեն Բարեղամյանի դեմ արդեն իսկ դատական հայց կա. մոտ մեկ ամիս առաջ Բարեղամյանը մեկ այլ զինվորի էլ է ծեծել, եւ այդ գործն արդեն դատարանում է: Սակայն անգամ այդ փաստը չի զսպել սպային: Ավելին՝ նա չի ազատվել աշխատանքից ու փաստորեն նույն եռանդով շարունակել է զինվորների ծեծը: Ի դեպ, տվյալ զորամասի հրամանատարը Վ. Վարդանյանն է: