Լրագրողները՝ հանուն Նիկոլի

Լրագրողները՝ հանուն Նիկոլի
Այսօր Հանրապետության հրապարակում անցկացվեց հերթական ակցիան՝ ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Մինչ այս տեղի էր ունեցել նաեւ մի շարք լրատվամիջոցների խմբագիրների եւ արվեստի գործիչների ակցիան: Այս անգամ մասնակիցները լրագրողներ էին, խմբագիրներ՝ հիմնականում տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներից եւ մեկ-երկու հեռուստաընկերություններից: Նրանք բողոքում էին իրենց գործընկերոջ նկատմամբ իրականացվող ոտնձգությունների դեմ: Նրանք Հանրապետության հրապարակի կենտրոնում, Փաշինյանի նկարով պաստառները բռնած՝ պահանջում էին ապահովել նրա անվտանգությունը եւ քննարկել նրան ազատ արձակելու հարցը:


Զարմանալին այն էր, որ ակցիային ոստիկանները չմիջամտեցին. ընդամենը 2 ոստիկան կար, ովքեր հեռվում կանգնած՝ հետեւում էին լրագրողներին: «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը ակցիան սիմվոլիկ համարեց: «Նիկոլի դեմ իրականացվող ոտնձգությունները պայմանավորված են բացառապես նրա լրագրողական գործունեությամբ: Նրան պատժախուց տեղափոխելը, անընդհատ բռնությունների փորձերը մի նպատակ ունեն՝ կասեցնել նրա լրագրողական գործունեությունը: Սակայն Նիկոլ Փաշինյանը գրել է եւ ընդհատակից, եւ բանտից: Գրել է ամեն օր, նրա բացակայությունը թերթից չի զգացվել: Իսկ հիմա նրանք փորձում են այսկերպ լռեցնել Նիկոլին»,-ասաց Հայկ Գեւորգյանը:




«Մենք ամեն ինչ անում ենք, որ Նիկոլին բաց թողնեն, այլ ոչ թե անվտանգությունն ապահովեն: Կարծում եմ, որ ակցիան իր ազդեցությունը կունենա, եթե այսքան լրագրողներ ու խմբագիրներ են հավաքվել»,- ասաց «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Որ ակցիան արդյունավետ է եւ հետեւանքներ կունենա, համոզված է նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը. «Ակցիան արդյունավետ է, որովհետեւ այս իշխանությունները ձերբակալել էին 150-ից ավելի մարդ, իսկ այսօր բանտերում մնացել է 11 մարդ: Դա նշանակում է, որ մեր պայքարն արդյունք տալիս է: Հուսանք, որ շատ արագ Նիկոլի հարցում էլ այդ հաջողությունը կգրանցվի»: Ըստ Վարդան Հարությունյանի, իշխանությունների այս արշավն ուղղված է հենց իրենց պաշտպանությանը:




«Նրանք պաշտպանվում են մեզանից, Նիկոլից, պաշտպանվում են մյուս քաղբանտարկյալներից, լրագրողներից: Նրանք պաշտպանվում են ազատ մտածող մարդկանցից»,- հավելեց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այժմ գտնվում է պատժախցում եւ այնտեղից դուրս կգա միայն դեկտեմբերի 2-ին: Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, լրագրողներին ասաց, որ Նիկոլն իրեն շատ լավ է զգում. «Վերջին անգամ տեսակցության եմ եղել այդ դիմակներով դեպքից հետո, եւ ինքը շատ լավ էր: Այսինքն կապտուկներ տեսել եմ, բայց հոգեբանական, տրամադրության առումով շատ լավ էր»: Աննա Հակոբյանն ասաց նաեւ, որ Նիկոլին ազատ արձակելու պահանջով Լոս Անջելեսում ստորագրահավաք է եղել, եւ շուրջ  4 հազար 200 մարդ ստորագրել է այդ պահանջի տակ:




Նշենք, որ Երեւանում դեռեւս նման նախաձեռնություն չկա, սակայն նմանօրինակ միջոցառումներ, ակցիաներ, բողոքի երթեր կանցկացվեն պարբերաբար, այնքան ժամանակ, մինչեւ մեր գործընկերը հայտնվի ազատության մեջ: Ակցիայից հետո մասնակիցների մի մասը միացավ ՀՀ Գլխավոր դատախազության առջեւ կազմակերպվող «Պաշտպանություն քաղբանտարկյալներին» ամենուրբաթյա  ակցիային: Ներկաները պահանջում էին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալների եւ վանկարկում էին՝ «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Նիկոլին»: Ամենուրբաթյա ակցիաները կշարունակվեն այնքան, քանի դեռ չի ազատվել վերջին քաղբանտարկյալը:




Շուրջ մեկ ժամ տեւող ակցիայից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵԽԽՎ երեւանյան գրասենյակ: Նրանք նամակներ հանձնեցին ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ գրասենյակներին: Նամակում գերատեսչություններից պահանջում էին ի կատար ածել Հայաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես՝ անմիջապես ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաեւ չխոչընդոտել նրա հրապարակախոսական գործունեությանը: